Միջազգային

Թուրքիայի բանակն օգնել է ահաբեկիչներին հայաշատ Քեսաբի վրա հարձակվելիս

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաֆարին երկու նամակ է ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղարին և Անվտանգության Խորհրդի ղեկավարին, որում Թուրքիայի կառավարությանը կրկին մեղադրել է ահաբեկիչներին և «Ալ-Կաիդայի» հետ առնչություն ունեցող խմբավորումներին աջակցելու մեջ: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը:

«Մարտի 21-ին ահաբեկչական «Ջաբհաթ Ալ-Նուսրա» և «Իսլամի բանակ» խմբավորումները Թուրքիայի տարածքից ներթանացել են Սիրիա ու հարձակվել սահմանակից Քեսաբ քաղաքի վրա: Թուրքիայի բանակը ծածկել է այս ահաբեկչական հարձակումները և նրանց ցուցաբերել լոգիստիկ ու ռազմական օգնություն»,-ասվում է Ջաֆարիի նամակում: Սիրիայի ներկայացուցչի խոսքով,  Թուրքիայի այս դիրքորոշումը ցույց է տալիս տարածաշրջանում ահաբեկչությանը աջակցելու նրա շարունակական գործողությունները, ինչը խախտում է միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի բանաձևերը և երկրների միջև բարեկամական հարաբերությունները:

«Թուրքիայի իշխանությունները թույլ են տալիս հազարավոր օտարերկրացի ահաբեկիչների, ծայրահեղականների և վարձկանների մտնել Սիրիա` նրանց ապահովելով ֆինանսով, զենքերով, խախտելով կոնտրահաբեկչության մասին միջազգային համաձայնագրերը և ԱԽ բանաձևերը»,-գրված է նամակում, որում կոչ է արվում ՄԱԿ ԱԽ-ի երկրներին դատապարտել Թուրքիայի տարածքից Սիրիայում ահաբեկչական հարձակումներ իրականցնելը ու Թուրքիայի ներգրավվածությունը սիրիական հակամարտությունում:

Հիշեցնենք, որ Սիրիայում գործող երեք իսլամիստական խմբավորումները մարտի 21-ին` առավոտյան ժամը 5:00-ին, հարձակվել են հայաշատ Քեսաբ քաղաքի վրա, որը գտնվում է Լաթաքիա նահանգում և սահմանակից է Թուրքիային: Քաղաքի բնակիչների մի մասը ապահովության համար լեռն է բարձրացել, իսկ մյուս մասը Լաթաքիա է գնացել: Սիրիայի բանակին հաջողվել է հետ մղել իսլամիստներին: Բախումների հետևանքով, ըստ նախնական տվյալների, կա 11 զոհ: Նրանց թվում հայեր չկան։

Back to top button