Սփյուռքի ձայնը

Ամերիկաբնակ դրամատուրգ Մարո Մադոյանի պիեսը` վրացական թատրոնի բեմում․ «Սփյուռքի ձայնը»

Ամերիկաբնակ դրամատուրգ, թարգմանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանի «Ապրիր, քանի դեռ ապրում ես» պիեսը ներկայացվեց Վրաստանում։ Նախ, Ռուսթավելու անվան դրամատիկական թատրոնում, հետո՝ նաև Պետրոոս Ադամյանի անվան հայկական թատրոնի բեմում։

Երկու թատրոններում էլ ներկայացման բեմադրիչը Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի գեղ․ ղեկավար Հակոբ Ղազանչյանն է։

«Պիեսը օտարության մեջ ապրող մարդու՝ հատկապես ծերերի, նրանց զգացմունքների, կարոտի ու հայրենիքը տեսնելու ձգտումների մասին է, որոնց կյանքը ես շատ եմ ուսումնասիրել։ Իսկ այս գործը համապատասխանում էր նաև վրացական թատրոնի խաղացանկին, քանի որ նրանք էլ ունեն Սփյուռք, նրանք էլ ունեն կարոտով հայրենիքին նայողներ»,-ասում է Մարո Մադոյան-Ալաջաջյանը։

Մարո Մադոյանը նաև նշում է, որ թե՛ վրացի, թե՛ հայ հանդիսատեսը հրաշալի են ընդունել հայ ռեժիսորի ու հայ բեմադրիչի գործը իրենց թատրոնում։

«Ներկայացումը Հակոբ Ղազանչյանը համապատասխանեցրել էր նաև իրենց՝ վրացիների տեսակին ու խառնվածքին։ Իսկ Թբիլիսին որքան վրացիների, այնքան էլ մեզ հարազատ քաղաք է, մեր շատ մեծեր այնտեղ են ծավալել իրենց գործունեությունը։ Բացի այդ, ինձ հիացրեց ու զարմացրեց այն, որ թեև նույն ներկայացումը բեմադրվել էր վրացական և հայկական թատրոններում, սակայն չկար նախանձի ու չկամության մթնոլորտ։ Հակառակը՝ երկու թատրոնների դերասաններն էլ ցանկություն էին հայտնել ներկա գտնվելու ներկայացումներին։ Բացի այդ, Ռուսթավելու անվան դրամատիկական թատրոնը նաև տարածքն էր տրամադրել Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի դերասաններին՝ փորձեր անելու և իրենց բեմում առաջնախաղը ներկայացնելու համար»,- նշում է։

Ինչ վերաբերում է Սփյուռքի այսօրվա խնդիրներին, որոնց հաճախ է անդրադառնում ամերիկաբնակ դրամատուրգը, ապա դրանք շատ են և ժամանակի ընթացքում ավելի են խորանում։ «Այս պիեսի միջոցով ենթագիտակցորեն փորձել եմ հարթել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրներ»,-ավելացնում է։

Հայաստանում պիեսը չի բեմադրվի, սակայն Վրաստանի հայկական և վրացական թատրոնները հյուրախաղերով կլինեն մեր երկրում, կներկայացնեն ամերիկաբնակ դրամատուրգ Մարո Մադոյան-Ալաջաջյանի պիեսի հիման վրա գրված ներկայացումը։

«Մեր համագործակցությունը մեր դարավոր հարևանի հետ պետք է խորացնել շատ ոլորտներում։ Մենք շատ բարեկամներ չունենք, պետք է այս դարավոր կապը ավելի ամրացնենք՝ նաև մշակույթի ճանապարհով»,- եզրափակում է Մարո Մադոյանը։

Back to top button