ԿարևորՀասարակություն

1.5 տարի քննարկված, 1.5 ամիս գործող օրենքը փոխվում է, որ գործի

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել մեկ ամիս առաջ ուժի մեջ մտած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին։ «Ռադիոլուր»-ը նախօրեին անդրադարձել էր խնդրին, արձանագրել, որ զենք ձեռք բերելու հնարավորություն տվող օրենքը պարտադրում է դա անել ռազմամարզական կազմակերպություններում քննություն հանձնելուց հետո միայն։ Իսկ այդ կազմակերպությունների վերաբերյալ օրենք չկա։ Լուծումը տեխնիկական է՝ հանվել է խնդրահարույց դրույթը։ Օրենքի իրացմանը սպասող կողմը ողջունում է արագ արձագանքը, սակայն նշում՝ սա միայն ժամանակավոր լուծում է։ Մանրամասները՝ ռեպորտաժում։

Օրենքը, որը զենք ձեռք բերելու թույլտվություն էր տալիս, այժմ նաև դա անելու հնարավորություն կտա։ ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ ընդունվել է մեկ ամիս առաջ ուժի մեջ մտած օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Երեկ «Ռադիոլուրը» հայտնել էր, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը նախաձեռնողները բարձրաձայնում են ընդունված օրենքի իրացվելիության խնդիրը։ Օրենքը զենք չունեցող և առաջին անգամ այն ձեռք բերել պատրաստվող մարդկանց պարտադրում է դա անելուց առաջ քննություն հանձնել ռազմամարզական կազմակերպություններում։ Իսկ այն օրենքը, որը պետք է սահմաներ, թե որոնք են այդ կազմակերպությունները և հնարավոր դարձներ քննությունը, գոյություն չուներ։

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը խնդրի լուծումը տեսնում է օրենքում առաջարկվող հետևյալ փոփոխությամբ․

«Առաջարկում ենք այս օրենքից հանել ռազմամարզական կազմակերպություններին վերաբերող դրույթները, որպեսզի այս օրենքը չկապվի այդ խումբ հարաբերությունների կարգավորման հետ, բայց և պահպանել քննություն հանձնելու կանոնը, որպեսզի մեջ քաղաքացիները կարողանան օգտվել առաջին անգամ հրազեն ձեռք բերելու այս հնարավորությունից։ Ըստ այդմ ՆԳ նախարարի հրամանով կտանք շատ ավելի պարզեցված ընթացակարգեր մեր քաղաքացիների համար այս քննությունը հանձնելու նպատակով»։

«Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման» խորհրդի անդամ, «Ազատազէն» ռազմակրթական ՀԿ Խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանը նախորդիվ հայտնել էր՝ իրենց ակնկալիքը անհապաղ խնդրին՝ լուծում, քաղաքացիներին՝ զենք գնելու իրավունքն իրացնելու հնարավորություն տալն է․

«Հստակ իմանանք՝ երբ, որտեղ, ոնց հայը կարող է տալ քննություն, զենք առնել։ Մինչև դա չհստականա պայքարելու ենք։ Կարող է և հստականա, ասեն՝ մյուս տարի։ Դրան էլ համաձայն չենք լինելու, պետք է մեր պատկերացրած անհապաղ ժամկետներում լինի»։

Առաջարկվող փոփոխության մասին «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Իշխան Գևորգյանը նշեց՝ լուծման արագությունը ողջունելի է, բնույթը՝ ժամանակավոր։ Ասում է՝ համակերպվելի իրավիճակ է․

«Եթե երկրորդ ընթերցմամբ էլ ընդունվի, որպես ժամանակավոր լուծում կբավարարի։ Նշված է, որ 15 օրում ամեն ինչը կհստականա։ Մի կողմից դառնում է մոտ 2 ամիս, որ առաջին զենք մարդիկ չեն կարողանալու գնել, բայց մյուս կողմից էլ քայլն անում են։ Հիմա պայքարենք, ասենք՝ 15 օր չպիտի լինի, 7 օր լիներ, մի քիչ կդառնա պայքարել պայքարելու համար։ Եթե 15 օրը երկրորդ ընթերցումից հետո այդ տեսքով պահպանվի, մենք հավատանք, որ 15 օրից մարդ կարողանալու է գնա, զենք առնի, մեր համախոհներին, մեր խելքի մարդկանց էլ կհամոզենք, որ եկեք էս 15 օրը սպասենք, ոչինչ, մեր կառավարությունն է, մեր խորհրդարան է, հիմա սենց է ստացվել, մյուս անգամ ավելի լավ կստացվի»։

Միևնույն ժամանակ Իշխան Գևորգյանը նշում է՝ օրենքից հանված՝ ռազմամարզական կազմակերպություններում քննություն հանձնելու դրույթը պետք է վերականգնվի։ Եվ խնդիրը ոչ թե քննությունը կոնկրետ վայրում անցկացնելն է, այլ այդ կառույցներին իրավական սահմանում տալը․

«Ինձ համար շատ կարևոր չի՝ քննությունը ռազմամարզականում կանեն, թե ոստիկանությունում։ Օրինակ` վարորդական վկայականի մասով ես վերջին տարիներին լրիվ ոստիկանությանը վստահում եմ, ու նույն ձև կարա լինի զենքի քննությունը, եթե ուզեն։ Բայց ռազմամարզական կառույցների գաղափարը, որը սրանից հաջորդ եկող օրենքն է, որը չընդունելու պատճառով էս կոլապսը եղավ, պարտադիր պիտի լինի, որովհետև էս կառույցները կան, և առաջացել են մարդկանց բնական ողջ մնալու ցանկությունից։ Մարդիկ ուզում են կռվել իմանալ, կրակել իմանա, մարտի դաշտում անհրաժեշտ մյուս բաներն իմանալ։ Այնպես չի, որ մեզ այնքան են կանչում զորահավաքների, որ մենք հոգնենք, էլ կամավոր ձևով չուզենք պարապել»։

Օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով առաջարկվում է նաև դրա դրույթները տարածել փամփուշտների, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի շրջանառության վրա։ Նախատեսվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի սպայական կազմի զինծառայողներին սպայական դաշույնով պարգևատրելու իրավունք տալ ոչ միայն վարչապետին, այլ նաև պաշտպանության նախարարին։

Կարդացեք նաև

Back to top button