
Մի օրենքը թույլ է տալիս զենք գնել, մյուսի բացայակությունը՝ բացառում դրա հնարավորությունը։ 1.5 տարի քննարկված, ընդունված, հետաձգված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը, չնայած «ընդունված» կարգավիճակին, այսօր էլ կյանքի չի կոչվում։ Թե ինչու՝ պատմում է «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հովսեփ Ղազարյանը։
«Ունենք մեծ խնդիր․ հաջորդ իրավական ակտը «Ռազմամարզական կազմակերպությունների մասին» օրենքն էր, որ պետք է ընդունվեր, որ սահմանվեր՝ ինչ է ռազմամարզական կազմակերպությունը, որոնք են դրանք, ինչպիսի գործունեություն են ծավալում։ Սակայն այս օրենքը չի ընդունվել գործադիրի կողմից։ Եվ փաստացի մեկ ամիս է ՀՀ քաղաքացին զրկվել է զենք ձեռք բերելու իրավունքից»։
Խնդիրն այն է, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին»՝ արդեն ընդունված օրենքը սահմանում է՝ զենք չունեցող, առաջին անգամ զենք գնել պատրաստվող մարդը պետք է անցնի որոշ դասընթացներ, տիրապետի զենքի հետ վարվելու կանոններին, քննություն հանձի ռազմամարզական կազմակերպություններում։ Եվ քանի դեռ վերջինները չկան, քաղաքացին չի կարող հանձնել քննություն, այսպիսով նաև ունենալ զենք։

«Զենքի օրենքը համապարփակ պաշտպանության, անվտանգության համակարգի ընդամենը մի հատ սյունն է, դա պիտի լինի, որ էդ մեծ համակարգը կարողանանք կառուցել ու շատ կարևոր է, որ սա առանց երկարացնելու, արագ ուժի մեջ մտնի։ 1.5 տարի է՝ էս օրենքով մեզ տանում-բերում են, մինչև էսօր չի նորմալացրել։ Օրենքը շատ վաղուց ու շատ դանդաղ է ընդունվում, մինչդեռ աղի օրենքներ, կամ կտրած ձմերուկի օրենքներն ընդունվում են»,- ասում է «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման» խորհրդի անդամ, «Ազատազէն» ռազմակրթական ՀԿ Խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանը։
Զենքի մասին նոր օրենքը երկար քննարկված, նաև շատ քննադատված է։ Իշխան Գևորգյանի համար այդ քննադատությունները տարօրինակ են։ Նախ, ասում է, համանման օրենք նախկինում էլ է եղել, որով զենք գնելն ավելի դյուրին էր։ Իրենք առաջարկել են ավելացնել պարտադիր քննությունը՝ զենքի ձեռք բերումն ավելի պատասխանատու դարձնելով, և անուղղակիորեն դարձել են այս իրավիճակի մեղավորը։
«Քննության գաղափարը մենք ենք առաջարկել, ստացվում է , որ մենք ենք մեղավոր էս վիճակի համար ու լինելով մեղավոր՝ պետք է պայքարենք։ Ոնց որ իրենց կրակն ենք գցել, տենց էլ պիտի հանենք»։
Հովսեփ Ղազարյանն էլ չի հասկանում՝ ինչ մտավախություն կարող է լինել այս իրավիճակում և ինչու է դանդաղում այս գործընթացը։
«Աննա Հակոբյանը վերջերս 10 000-ից ավել դասալիքների մասին էր խոսում։ Ես անձամբ մասնակցել եմ պատերազմին ու տեսել եմ մեր ամենամեծ նախահնջներից մեկը՝ Մատաղիսի նահանջը, երբ հարյուրավոր, հազարավոր կամավորներ, մարդիկ, որ զենքը վերցրել էին հայրենիք կանչով, գնացել, հասել էին, վերջին անգամ ծառայությունն անցել էին 20 տարի առաջ։ Նրանք նույնիսկ կրակելն էին մոռացել ու գլխիկոր նահանջում էին, որովհետև կռվել չգիտեին։ Որոշ գեներալներ նշում են, որ մոբը մեր 44-օրյա պատերազմի ժամանակ փչացրեց մեր բանակի մարտական ոգին։ Հարգելի պաշտոնյաներ, եթե դուք մոբի հետ չեք զբաղվելու, մոբին չեք մարզելու, մոբին չեք զինելու ու նրան զինվելու հանրավորություն չեք տալու, իհարկե հաջորդ պատերազմին ավելի վատ արդյունք է գրանցվելու»,- ասում է Ղազարյանը։
Բանախոսները նշում են՝ պաշտպանության նախարարությունն իրենց հարցումներին ի պատասխան խոստացել է անհապաղ, ողջամիտ ժամկետներում խնդիրն լուծում տալ։ Սակայն, ասում են, օրենքը կյանքի կոչողների ու դրա կյանքի կոչվելուն սպասողների՝ «ողջամիտ»-ի ու «անհապաղ»-ի ընկալումները չեն համապատասխանում․
«Հստակ իմանանք՝ երբ, որտեղ, ոնց հայը կարող է տալ քննություն, զենք առնել։ Մինչև դա չհստականա պայաքարելու ենք։ Կարող է և հստականա, ասեն՝ մյուս տարի։ Դրան էլ համաձայն չենք լինելու, պետք է մեր պատկերացրած անհապաղ ժամկետներում լինի»,- ասում է Իշխան Գևորգյանը։
Խոչընդոտը, ըստ էության, ստեղծվել է իմ ու որոշ գերատեսչությունների գործընկերներ ոչ ճշգրիտ կոմունիկացիայի պատճառով՝ ֆեյսբուքայն գրառմամբ խնդրին անդրադարձել է օրենսդրական փաթեթի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրելյանը:
«Խնդիրը ստեղծվել է իմ սխալ հաշվարկի պատճառով, քանզի չեմ պատկերացրել, որ պետությունը կարող է հարցեր և լրացուցիչ հիմնավորումների կարիք ունենալ Ռազմամարզական կազմակերպությունների մասով, ինչի համար հայցում եմ Ձեր ներողամտությունը»,-գրել է Գաբրիելյանը և տեղակացրել, որ վաղը՝ Կառավարության նախաձեռնությամբ հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստի ընթացքում քննարկվելու է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների նոր նախագիծը, որը միջանկյալ լուծում է ապահովելու։ «Անմիջապես դրանից հետո շրջանառության մեջ եմ դնելու օրենքի փոփոխությունների նոր փաթեթ, որը շատ ավելի է լավարկելու և պարզեցնելու ընթացակարգերը»,-գրել է պատգամավորը։






