Սփյուռքի ձայնը

Հայկական դպրոցներում արևմտահայերենի դասավանդումը՝ Կիպրոսի կառավարության ֆինանսավորմամբ․ «Սփյուռքի ձայնը»

«Կիպրոսում հայկական համայնքը գործուն է, երկիրը հնարավորություն է տալիս համայնքային գործունեություն ծավալել, աջակցում է հայկական վարժարաններին»,- ասում է Հայկական գաղթօջախներ և հայկական ներուժ հեռուստանախագծերի հեղինակ Արևիկ Օրբելյանը, որը վերջերս է վերադարձել Կիպրոսից, որտեղ հանդիպել է համայնքի հոգևոր, աշխարհիկ ճանաչված դեմքերի հետ։

Պատմում է, որ Կիպրոսի չորս քաղաքներում են եղել։ Լառնակայում գործում է Սուրբ Ստեփանոս եկեղեցին, «Նարեկ» վարժարանը։ Կիպրոսի հայկական գաղթօջախը բավականին հետաքրքիր ու յուրատեսակ գաղթօջախ էր։ Բացահայտում էր, որ հայկական դպրոցներում դասավանդվում է միայն արևմտահայերեն, Կիպրոսի կառավարությունն էլ ֆինանսավորում է՝ հաշվի առնելով այն, որ մեր նախնիները, կորցնելով իրենց հայրենիքը, այսօր կարիք ունեն պահպանելու լեզուն, ասում է Արևիկ Օրբելյանը։

Հայկական եկեղեցիների գործունեությունը նույնպես ֆինանսավորվում է Կիպրոսի կառավարության կողմից: Հոգևոր կենտրոնը մայրաքաղաք Նիկոսիայում գործող Սուրբ  Աստվածածին եկեղեցին է։

«Եկեղեցու հոգևոր հովիվը՝ Խորեն Սրբազանը հատկապես մտահոգված էր Կիպրոսի թուրքական մասում մնացած հայկական եկեղեցիների ճակատագրով։ Նշում էր, որ դրանք գրեթե չեն գործում, իսկ հայ հոգևորականներին էլ դժվարությամբ են թույլ տալիս այցելել և պատարագներ անցկացնել հայ եկեղեցիներում»,- պատմում է Արևիկը։

Կիպրոսի համայնքում ազդեցիկ մարդկանց պակաս երբևէ չի եղել, նշում է նախագծերի հեղինակը: Նա հանդիպել է նրանցից երկուսին, որոնց ճանաչում են ոչ միայն հայկական շրջանակներում, այլև՝ եվրոպական։ Համայնքի նախագահը, որն այսօր նաև Կիպրոսի խորհրդարանի անդամ է, Վարդգես Մահտեսյանն է։ Հաջորդ ճանաչված հայը, որի մայրը հույն է, Մարիուս Կարոյանն է: Հայտնի քաղաքական վերլուծաբան, Կիպրոսի խորհրդարանի նախկին նախագահ:

Արևիկը նաև հետաքրքրվել է Կիպրոսի հայտնի Մելքոնյան վարժարանի ճակատագրով։ Հարցին, թե ինչո՞ւ այն փակվեց, ովքե՞ր պետք է պահպանեին վարժարանը և ո՞ւմ է այն այսօր պատկանում, Արևիկը ստացել է այսպիսի պատասխաններ։

«Համայնքի նախագահն այս հարցերին պատասխանեց, սակայն ցավով, քանի որ վարժարանի ճակատագիրն անհայտ է: ՀԲԸՄ-ը պատկանող հրաշալի կառույցն այսօր էլ լավ վիճակում է, ներսում ամեն բան իր տեղում, Կիպրոսի կառավարությունն էլ որևէ նկրտում չունի շենքը օտարելու համար։ Սակայն վարժարանն իր գործառույթը կորցրել է»։

Հայերը Կիպրոսում հաստատվել են դեռ 4-րդ դարից, Նիկոսիայում և Լառնակայում են տեղակայված։ Մասնագիտությամբ բժիշկներ են, տնտեսագետներ և ամենից շատ՝ ոսկերիչներ:

Back to top button