Մտքի ուժը

Բնապահանական աղետից հնարավոր է խուսափել․ հայ գիտնականները պլաստիկին փոխարինող կենսապլաստիկ են առաջարկում․ «Մտքի ուժը»

Նրանք փոքր են, առանց մանրադիտակի չեն երևում․ նեղացկոտ են, բայց և շատ կարևոր։ Մանրէները բնության մեջ առանցքային դեր ունեն։ Գիտնականներն ասում են, որ մանրէների միջոցով հնարավոր է շրջակա միջավայրն ավելի մաքուր ու անվտանգ դարձնել։

Չե՞ք հավատում․ աշխարհի փորձին նայեք․ մանէրներն անգամ պլաստիկ են քայքայում։ Իսկ պլաստիկի հսկայական ծավալներն աղետ են բնության համար։

Հայաստանի գիտական միտքն էլ անմասն չի մնում համաշխարհային զարգացումներից ու միտումներից։ Պլաստիկին այլընտրանք հանդիսացող կենսապլաստիկ են փնտրում՝ արտադրությունը կրկին մանրէներն են ապահովելու։

Գիտափորձերն ու գիտական առաջարկը ԵՊՀ–ի կենսաբանության ֆակուլտետում՝ կենսաքիմիայի, մանրէաբանության ու կենսատեխնոլոգիայի ամբիոնում է։  

Գիտական խմբի ղեկավար Հովիկ Փանոսյան. «Կենսապլաստիկը, ի տարբերություն քիմիական եղանակով ստացվող պլաստիկի, մի շարք առավելություններ ունի։ Հեշտ է քայքայվում։ Սա ազատում է բնապահպանական այն աղետից, որը մեզ համար  քիմիական եղանակով ստացվող պլաստիկն է ստեղծել։ Բացի այդ, մանրէաբանական եղանակով ստացվող պլաստիկը մեզ թույլ է տալիս մոդիֆիկացնելու այն, փոխել նաև որոշակի ֆիզիկաքիմիական հատկությունները։ Օրինակ՝ պոլիէթիլենային պլաստիկը ջերմակայուն չէ, բայց կենսապլաստիկն այդ առավելությունն ունի»։ 

Գիտական հետազոտությունն առանձնահատկություն ունի՝ խմբում ներառված են ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ։ Րաֆֆի Շահմուրադյանը նրանցից մեկն է։

«Հետագայում պլանավորում ենք մեր որոշ մանրէների գենոմը բացահայտենք։ Հասկանանք, թե ինչպես կարող ենք մանիպուլացնել կենսապլաստիկի սինթեզը»։

Մանրէների սքրինինգ են իրականացրել, նախնական ընտրությամբ պարզվել են կենսապլաստիկի առավել ակտիվ արտադրիչները։ Մանրէների նախընտրած խումբ ունեն՝ պատմում է գիտական խմբի ղեկավարը՝ Հովիկ Փանոսյանը։ Այստեղ նրանց օգնում են նախկին գիտական հետազոտություններն ու փորձը։  

Գիտական հետազոտություն կատարելու համար Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամից (ԳԿՀԱՀ-ANSEF) 5 հազար դոլար դրամաշնորհ են ստացել։ Մեկ տարի ժամանակ ունեն, որ արդյունք գրանցեն, աշխատանքները ներակայացնեն ոլորտում հատնի  միջազգային կոնֆերանսներում, տվագրվեն բարձր ազդեցության գործակից ունեցող հանդեսներում։ Գումարով նաև նյութեր կամ սարքեր ձեռք կբերեն․ «Գումարը շատ մեծ չէ, բայց ոգևորող է հատկապես երիտասարդներին»։

Նախատեսված ժամանակը կարճ է՝ հատկապես, որ նյութատեխնիկական բազա, սարք–սաքավորումներ ձեռք բերելը խնդիր է նաև գիտական այս խմբի համար։ Գնումներին մասնակցելն է բարդ ու քաշքշուկներով լի։ Անհրաժեշտ է նյութերն արագ ձեռք բերել։ Այս լաբորատորիայում աչքի լույսի պես են պահում հատկապես Քարվաճառի երկրաջերմային աղբյուրներից բերված մանրէները։ Վերջին անգամ նմուշառում իրականացրել են պատերազմից 20 օր  առաջ։ Սահմանը  փակ էր, բայց հայ գիտնականները կարողացան գնալ ու նմուշառում իրականացնել՝  հիշում է Հովիկ Փանոսյանը․

Գիտական ներուժ Հայաստանում կա, բայց այստեղ բազմաթիվ խնդիրներին ավելացել է ևս մեկը՝ երիտասարդների մի մասը հեռանում է  Հայաստանից։ Հովիկ Փանոսյանը ընդգծում է՝ երիտասարդների մեջ շատ կան այնպիսիք, որ ցանկանում են վերադառնալ ու աշխատել Հայաստանում, կամ գոնե արտերկրից աջակցել հայկական գիտության զարգացմանը

 Հայաստանում մի կարևոր օղակ բաց է՝ գիտական առաջարկը տնտեսության մեջ ներդնելու օղակը։ Կմտնի՞ արդյոք այս առաջարկը տնտեսություն։ Րաֆֆի Շահմուրադյանը միջազգային փորձն է մատնանշում, նման հետազոտություններ կատարվել են նաև այլ երկրներում։ Աշխարհում դրանք կիրառելի են, հույս ունի, որ այստեղ էլ կիրառելի կդառնան։

Back to top button