Վերնատուն

Հայկական երաժշտությունը ոչ համաչափ է ներկայացված․ Կոնստանտին Պետրոսյան․ «Վերնատուն»

Շատ խայտաբղետ է այն երաժշտությունը, որը ոմանք կարծում են, թե հայկական է՝ ասում է կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կոնստանտին Պետրոսյանը։

«Հատկապես երգային արվեստում մեր օրերում հաճախ ենք տեսնում, որ այդ եզրերը խախտվել են։ Հայկական երաժշտությունը միայն երգը չէ, դա նաև սիմֆոնիաներն են, բալետները, օրատորիաները, կամերային երաժշտությունը և այլն, և դրանք, իմ կարծիքով, ոչ համաչափ են ներկայացված։ Հիանալի նվագախմբեր ունենք, օպերային թատրոն, կամերային նվագախմբեր և այլն, բայց տոկոսային հարաբերությամբ նրանց նվագացանկերում հայկական երաժշտությունը պետք է գերիշխող լիներ, սակայն, նայելով խաղացանկերին, տեսնում ենք, որ հայկականը շատ ավելի քիչ է։ Ես գիտեմ, որ իմ կոլեգաներից շատերի գործերը դրված են տանը և սպասում են կատարման», – ասում է կոմպոզիտորը։

Կոնստանտին Պետրոսյանը 1995 թվականից աշխատում է Միացյալ Նահանգներում։ 1997 թվականից Ռոդ Այլենդի Հայկական երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավարն է, Բոստոնի «Երևան» երգչախմբի և նվագախմբի գեղարվեստական ղեկավարը։ Ասում է՝ իր և իր կոլեգաների ստեղծագործությունները հաճախ է հնչեցնում իր ղեկավարած «Երևան» երգչախմբի և նվագախմբի կատարմամբ։ Կոմպոզիտորը նկատում է, որ Հայաստանում բացակայում է մշակույթի կառավարման դպրոցը, և ժամանակին դրսի հետ չստեղծվեցին այնպիսի օղակներ, որոնք կապ կհաստատեին Հայաստանի հետ, կծանոթանային հայ երաժշտությանը, աշխարհում ներկայացնելու հնարավորություններ կստեղծեին։ Եվ դրա կարիքն ունեն հատկապես հայ կամերային, սիմֆոնիկ, խմբերգային երաժշտությունը, նաև՝ կատարողները։

Back to top button