Մշակույթ

Ժամանակն է, որ պոեզիան դուրս գա դահլիճային ձեւաչափից.Էդվարդ Միլիտոնյան

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու, թե ինչ միջոցառումներ են անցկացվելու մարտի 21-ին ՝ Պոեզիայի միջազգային օրը: Ամեն ինչ պետք է անել, որպեսզի պոեզիան դահլիճային ձեւաչափից դուրս գա,-ասել է ՀԳՄ նախագահը:

Երկու կարեւոր միջոցառում մարտ ամսին. Դրանք, ըստ ԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի, մեծ ընդգրկում են ունենալու եւ նպատակը՝ մարզերում գրական միջավայր ստեղծելն ու պոեզիայի միջազգային օրը նշելն է: «Շատերը չգիտեն, որ այդ օրը պոեզիայի միջազգային օրն է, եւ մենք այս առումով կարեւորում ենք մշակույթի նախարարության եւ քաղաքապետարանի դերը: Մենք մտածում ենք տարբեր տարիքի մեր շնորհալի գրողների հանդիպում կազմակերպել մարդկանց հետ։ Պոեզիայի համար տարիք գոյություն չունի»:

Էդվարդ Միլիտոնյանն այսօր տեղեկացրեց, որ ՀԳ միությունը որոշել է Հովհ. Թումանյանի անվան մրցանակ սահմանել Լոռու մարզի գրողների համար: Հետագայում, Միլիտոնյանի խոսքով, ըստ մարզերի մրցանակներ կշնորհվեն տվյալ մարզի գրողներին. Սյունիքի մարզում, օրինակ, Ակսել Բակունցի անվան մրցանակ կսահմանվի:
Ամեն ինչ արվում է, որպեսզի պոեզիան դահլիճային ձեւաչափից դուրս գա: Պոեզիան կարելի է ներկայացնել ֆլեշ մոբերի ձեւով կամ թեկուզ մետրոյում, եւ առհասարակ, պոեզիան մեր կյանքում պետք է լինի ոչ միայն մարտի 21-ին, այլ ամեն օր, ասաց Էդվարդ Միլիտոնյանը:

Այսօր մեր ժամանակակից գրականությունը հասանելի չէ հանրությանը: Էդվարդ Միլիտոնյանը, խոսելով գրողների կարեւորագույն խնդրի մասին, մտավախություն հայտնեց, որ միջակությունը կարող է համարվել ժամանակակից գրականություն կամ հանճար:

«Ես վախ ունեմ, անկեղծ ասած, որ այն, ինչ կատարվում է փոփ երաժշտության մեջ, ջարդվի նաեւ պոեզիայի գլխին, երբ վեր է բարձրանում աշուղականությունը, եւ պարզամիտ ոտանավորչությունը դառնա մեր հասարակության գլխին պատիժ, որպեսզին եղել է 30-ականներին: Այդպիսի վտանգ ես տեսնում եմ եւ մտածում եմ , որ բոլորիս հոգսն է լավագույն, ժամանակակից բանաստեղծներին թարգմանաբար ներկայացնել,որովհետեւ եթե աշխարհի մշակութային դաշտը չգիտենք՝ մենք մեր բանաստեղծներին չենք կարող գնահատել»:
Էդվարդ Միլիտոնյանը խոսեց նաեւ մանկագիրների պակասի մասին, կոչ արեց վանել կռապաշտությունը եւ երիտասարդ, ժամանակակից գրողներին բացահայտվելու հնարավորություն տալ:

«Երբ են ծնվելու նոր թումանյաններ, նոր չարենցներ։ Սա շատ պարզունակ հարցադրում է եւ նոր եկած սերունդներին անընդհատ դեմ տալ պատին՝ սխալ է»:

Մարտի 27-ին Իջեւանում կմեկնարկի «Մանկական գրքի շաբաթը», փակումը կլինի ապրիլի 3-ին՝ Խնկո Ապոր գրադարանում: Այդ օրերի ընթացքում հանդիպումներ են կազմակերպվելու մանկագիրների հետ: Ներկայացվելու են նախորդ տարվա տպագրված մանկական գրքերը: «Նախորդ տարի տպագրվել է մոտ 25 գիրք»:

Ի դեպ, հավելենք, որ մարտի 21-ին՝ Պոեզիայի միջազգային օրը, կնշվի նաեւ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակը, տեղեկացրեց ԳՄ նախագահը:

Կարդացեք նաև

Back to top button