
Արցախը համապարփակ հումանիտար աղետի առջև է։ Հակարիի կամրջի ամբողջական արգելափակումից հետո խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ է։ Դեղատներում ու հիվանդանոցներում դեղորայքի խնդիր կա, ավելի քան 175 բուժառու սպասում է Երևան տեղափոխվելուն։ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը օրերս հայտարարել էր՝ շրջափակման ավելի քան 7 ամիսների ընթացքում շուրջ 13 անգամ ավելի քիչ ապրանք է ներկրվել Արցախ, ավելի քան 200 անգամ էլ կրճատվել է մարդկանց տեղաշարժը։
Արցախի ամբողջական շրջափակումը նորից դատարկել է խանութները։ Ստեփանակերտցի Արմինե Գևորգյանը պատմում է՝ ոչ միայն առաջին անհրաժեշտության մթերքներ, այլ նաև տնտեսական ապրանքներ գտնելը գրեթե անհնար է։
«Ապրանքների բացակայությունը ահագին է, չգիտենք հետո ինչպես կլինի, բայց խանութներում բացարձակապես բացակայում է և՛ շաքարավազը, և՛ ձեթը, և՛ ալյուրը, լվացքի փոշիները, օճառները, այսպիսի տխուր վիճակ է խանութներում»,– պատմում է Արմինեն։
Մթերքի բացակայությունը փորձում են տեղի հնարավորություններով, գյուղացիներից միրգ–բանջարեղեն գնելով լրացնել՝ պատմում է արցախցի կինը, բայց վերջին օրերին եղանակային պայմանները նաև բերքն են պակասեցրել։ Ինչպես ասում են «կարկուտը ծեծած տեղն է ծեծում»՝ ասում է տիկին Արմինեն։
«Մինգ–բանջարեղեն որոշակի քանակով գյուղացիները իրենց այգիներից քաղում բերում վաճառում էին, բայց հիմա կարկուտի պատճառով այդ հնարավորությունն էլ չունենք։ Բանջարեղեն առհասարակ չունենք․ այն օրվանից, ինչ Արցախը շրջափակման մեջ է բանջարեղենը ամենամեծ ճոխություններից է, եթե ինչ-որ քանակի էլ լինում է, բնականաբար բոլորին չի հերիքում»։
Արցախցիներն անցած ամիսների ընթացքում սովորել են ամեն ինչ խնայողաբար օգտագործել, շրջափակումը խմբագրել է կենցաղավարությունը, փոփոխել տանը պատրաստվող ուտեստների բաղադրությունն ու բաղադրատոմսերը՝ պատմում է արցախցի կինը։ Այն, ինչ նախկինում խանութից պատրաստի էին գնում, օրինակ քաղցրավենիքը, հիմա ստիպված են սեփական ձեռքերով պատրաստել։
«Համացանցով, տարբեր youtube-յան ալիքներով նոր բաղադրատոմսեր ենք գտնում, որ փորձենք մթերքների սղության պայմաններում գոնե բազմազան սնվել»,– ասում է արցախցի կինը։
Կրկնակի շրջափակմամբ պայմանավորված՝ խնայողական ռեժիմի են անցել նաև Արցախում գործող հացի փռերը։ Ալյուր ստանում են փուլերով՝ սահմանափակ քանակությամբ, աշխատանքն էլ կազմակերպում են գիշերային ժամերին, որ էլեկտրաէներգիայի անջատումները չխանգարեն։
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ավելի վաղ հրավիրված խորհրդակցության ժամանակ հորդորել էր՝ խուճապի չմատնվել, առկա պաշարները բավարար են։
«Այս կամ այն ապրանքի մասով կունենանք պակասի զգացում, կա շաքարավազի ու ձեթի խնդիր, ունենք կրիտիկական պահերի համար ստեղծված հնարավորություններ, բայց դրանց առայժմ չենք դիմի։ Պետք է տնտեսենք։ Վառելիքի մասով արդեն պետական համակարգում խիստ սահմանփակման ռեժիմի ենք անցել»,– ասել է պետնախարարը։
Մարգարը Ստեփանակերտում լավաշի արտադրությամբ է զբաղվում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ արտադրության ծավալները չեն փոխվել, միայն դժվարություններն են ավելացել։
«Աշխատանքը շատ չի փոխվել, փորձում ենք ամեն ինչ իր հունով կազմակերպել, միայն առաքումն է, որ չի ստացվում՝ բենզինի բացակայության պատճառով»։
Հունիսի 15-ից Ադրբեջանն ամբողջովին արգելափակեց Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետով բոլոր, նաև հումանիտար փոխադրումները։ Արդեն 8 օր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում հրատապ բուժման համար հերթագրված ավելի քան 175 հիվանդների Արցախից Երևան տեղափոխել։
Մասնագիտությամբ բուժքույր Արմինե Գևորգյանը պատմում է՝ Արցախի ամբողջական մեկուսացումը նաև հիվանդանոցային ճգնաժամ է առաջացրել, արդեն 7 ամիս ստիպված են հետաձգել պլանային վիրահատությունները։
«Իհարկե, դեղերի բացակայությունը կա դեղատներում, շատ դեղեր առհասարակ չկան, ճնշման դեղեր չկան, իսկ հիվանդանոցային պայմաններն էլ դե մի կերպ կարողանում ենք բուժումը այնպես կազմակերպել, որ ինչով հնարավոր է ապահովենք, բայց դե չգիտենք դեռ ինչքան կհերիքի»,– պատմում է Արմինե Գևորգյանը։
Արցախի որոշ բնակավայրերում՝ հատկապես Մարտունու շրջանի գյուղերում շրջափակման ու դրա հետևանքով հովհարային անջատումների պատճառով նաև խմելու ջրի խնդիր կա։ Արցախի տեղեկատվական շտաբից փոխանցում են՝ տեղի ավելի քան 70 գյուղերում ջուրը մեխանիկական եղանակով է հավաքվում, ինչը դիզվառելիքի սղության պայմաններում հնարավոր չէ։







