Սփյուռքի ձայնը

«Ես»-ի գաղափարը պետք է դնել մի կողմ և միավորվել համահայկական մեկ նպատակի շուրջ. «Սփյուռքի ձայնը»

2016 թ․-ին 12 գաղափարակից հայերի մասնակցությամբ ստեղծված Եվրոպայի հայերի միությունը հիմնադրման օրից փորձեց նոր թափ հաղորդել եվրոպահայ համայնքների մշակութային, կազմակերպչական ու կրթական կյանքին։ Այն ընդլայնելով իր գործունեության շրջանակը՝ այսօր արդեն տասը երկրում ունի իր ներկայացուցիչները։

Օրեր առաջ Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու փոխնախագահ Արտակ Սերգոյանը եվրոպական երկու երկրներում էին՝ Չեխիայում և Լեհաստանում։

Սփյուռքի հայ համայնքները ֆինանսապես անկախ պետք է լինեն, ասում է Արտակ Սերգոյանը։ Պատմում է, որ իրենց հիմնական նպատակը Չեխիայի և Լեհաստանի հայ համայնքների հետ հանդիպումն ու քննարկումները կազմակերպելն էր. քննարկել դպրոցաշինությանը, դպրոցապահմանը և օնլայն կրթության ոլորտներում խնդիրների լուծումներ գտնելը։

«Բացի այդ ունենք հետաքրքիր մի նախագիծ, որը հոկտեմբերին կներկայացնենք՝ կապված համայքների ֆինանսական ինքնաբավության հետ։ Պետք է ցավով նշեմ, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո համայնքներում կրճատվել են ֆինանսական ներդրումները։ Շատերն ասում են, որ գումարներն ուղարկել են Հայաստան, դրանք ծառայել կամ չեն ծառայել նպատակին։ Մենք նպատակ ունենք հոկտեմբերին Բրյուսելում անցկացնել բիզնես ֆորում՝ եվրոպական մի քանի երկրների հայ համայնքների ներկայացուցիչների, հայկական և ոչ միայն, կազմակերպությունների հետ և ստեղծել հարթակ, որը հնարավորություն կտա վերանայել ու վերականգնել բոլոր այն ավանդույթները, որոնք պահել են համայնքները»։

Եվրոպայի հայերի միության փոխնախագահն արդեն երկու տասնամյակ է ապրում է Բելգիայում։ Հարցին, թե որոնք են հայկական դպրոցներում գոյություն ունեցող խնդիրները, ինչու է նվազում հայ երեխաների թիվը հայկական դպրոցներում և ինչու են շատ դպրոցներ փակման եզրին հայտնվում, պատասխանում է։

«Սկզբում մասնագետների պակաս ունեինք, ինչը լրացվեց նաև Հայաստանից եկած հայ մասնագետների շնորհիվ։ Հաջորդ խնդիրն այն է, որ հայկական դպրոցներում մասնագետներն աշխատում են հասարակական հիմունքներով, հաճախ առանց վարձատրության։ Սա խնդիր է, որը ունենում է լուրջ հետևանքներ։ Հաջորդը՝ հեռավորությունն է։ Որքան էլ ծնողները ցանկանան իրենց երեխաներին ուղարկել հայկական դպրոցներ, այնուամենայնիվ իրենց քաղաքներում դպրոցների բացակայությունը և այլ քաղաքներում բացը լրացնելը մի օր հանգեցնում է նրան, որ պարզապես որոշում են հանել հայկական դպրոցներից։ Այսինքն, պետք է դպրոցներ ունենալ տարբեր քաղաքներում, ինչը հաճախ անհնար է դառնում։ Եվ որքան էլ մենք մտածենք օնլայն կրթության մասին, այնուամենայնիվ, դպրոցների առկայությունը պարտադիր է, նրանց պահպանումը՝ օրախնդիր»,- ասում է Արտակ Սերգոյանը։

Եվրոպայի հայերի միությունը, ինչպես նշում է փոխնախագահ Արտակ Սերգոյանը, կարևորում է նաև օտարների հետ աշխատանքն ու սրտացավությունը, նրանց ներդրումներն ու գործակցությունը թե՛ Սփյուռքում ապրող հայերի, թե՛ Հայաստանի հետ։ Այդ նպատակով այս հանդիպման ժամանակ միության ներկայացուցիչները հատուկ մրցանակի են արժանացրել չեխ ռեժիսոր, լրագրող և թարգմանիչ Մարտին Մահդալին և պրոդյուսեր, թարգմանիչ Մարկետա Ադամցովային, որոնք տարիներ շարունակ նպաստել են Չեխիայում Հայոց ցեղասպանության, Արցախի և հայկական այլ հարցերի շուրջ տեղեկատվության տարածմանը՝ նկարահանելով ֆիլմեր ու թարգմանելով գրքեր, հրապարակելով տարբեր հոդվածներ։ Մրցանակակիրները նաև ստացել են չեխահայ գեղանկարիչ Հովիկ Մուրադյանի հայկական մոտիվներով գեղանկարները։

Կարդացեք նաև

Back to top button