ԿարևորՔաղաքական

Իրանի հետ խաղը կարող է կործանարար լինել Ադրբեջանի համար․ իրանագետ

Ադրբեջանն իր միջազգային օդանավակայաններում կդադարեցնի վիզաներ տրամադրել Իրանի քաղաքացիներին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այս գործընթացն ուժի մեջ կմտնի հունիսի 23-ից։ Իրանագետ Վարդան Ոսկանյանն այս զարգացումը դիտարկում է Թեհրան-Բաքու վերջին շրջանում սրված հարաբերությունների լարվածության դիտանկյունից։ Նա կարծում է, որ եթե Ադրբեջանն ավելի սրի հարաբերությունները Իրանի հետ, ապա տխուր վիճակում կհայտնվի։

Իրանի հետ խաղը կարող է կործանարար լինել Ադրբեջանի համար համոզված է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Առայժմ իրանա-ադրբեջանական այսպես ասած  «սառը պատերազմը» քարոզչական դաշտում է։ Բայց, եթե Բաքվի կողմից ուլտիմատումները շարունակվեն, չի բացառվում, որ իրադարձությունները վատագույն սցենարով զարգանան, կարծում է իրանագետը։ Այդ դեպքում Ադրբեջանն աղետալի վիճակում կհայտնվի։ Առայժմ սակայն, Բաքուն, Իսրայելի հետ համագործակցությունից ոգևորված, որոշակի հայտարարություններ է անում ու քայլեր ձեռնարկում ընդդեմ Թեհրանի։ Իրանի քաղաքացիներին Ադրբեջան մուտքի արտոնագրի կասեցումը նման քայլերի շրջանակներում է։ Հունիսի 23–ից Իրանի քաղաքացիները ստիպված կլինեն Ադրբեջան այցելելու համար մուտքի արտոնագիր ստանալ առցանց կամ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունում։

Հունիսի սկզբից էլ Ադրբեջանը կոչ էր արել իր քաղաքացիներին չայցելել Իրան։ Վարդան Ոսկանյանը հիշեցնում է, որ Իրանի հետ Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են դեռ 2020թ-ից․

«Իրականում Ադրբեջանի ու Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն։ Թեհրանում դեսպանությունը շինության տեսքով առկա է, բայց ադրբեջանական դիվանագիտական ներկայություն չկա, Թավրիզում շարունակում է կիսատ-պռատ գործել Թավրիզի հյուպատոսությունը։ Ադրբեջանական կողմը կորոնավիրուսային պատրվակով, որն արդեն ծիծաղելի է և զավեշտալի, փակ է պահում իր սահմանները Իրանի հետ, նաև Վրաստանի ու Ռուսաստանի հետ»։

Թեհրանն, իհարկե, փորձում է հարթել հարաբերությունները Բաքվի հետ։ Պարբերաբար հեռախոսազրույցներ են տեղի ունենում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև, ասում է իրանագետը, սակայն Բաքուն տարված է Իսրայելի հետ միասին Իրանի սահմաններին մոտ ենթակառուցվածներ կառուցելով ու ակտիվ, ջերմ համագործակցությամբ, և հոխորտանքով է խոսում Թեհրանի հետ։ Ոսկանյանը շեշտում է, որ այս երկու երկրների միջև բազմաթիվ հակասություններ կան ոչ միայն մշակութային հարցերում․Ադրբեջանն անգամ տարածքային նկրտումներ ունի Իրանի նկատմամբ․

«Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն իր ստեղծման օրվանից և իր բնույթով հակաիրանական գոյացություն է, նույնքանով հակաիրանական է, որքան հակահայկական և շատ դեպքերում առաջին ու երկրորդ տեղերը փոփոխական են։ Եթե ադրբեջանական կողմը դառնա պլացդարմ հակաիրանական գործողությունների, ապա կթիրախավորվեն Իրանի կողմից Ադրբեջանի բոլոր կենսական ենթակառուցվածքները, այդ թվում՝ նավթագազային։ Այսինքն, եթե Ադրբեջանը գնա ռազմական սադրանքի, անկախ նրանից, թե որ երկիրը կդրդի նրան այդ քայլին՝ Իսրայելը, թե Թուրքիան, ապա կստանա անհամաչափ պատասխան, որը կործանարար կլինի այդ արհեստածին գոյացության համար»։

Իրականում Բաքվում լուրջ հակաիրանական վախեր կան։ Թեև Իսրայելը, աջակցելով Ադրբեջանին, դրդում է հակաիրանական հայտարարությունների, Բաքվում, ըստ իրանագետի, հասկանում են, որ հիպերձայնային հրթիռներ ունեցող՝ աշխարհի չորրորդ երկրի՝ Իրանի հետ պետք չէ հակամարտության մեջ մտնել։

Վաշինգտոնը նույնպես զգուշավոր է Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողություններում։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին Սինգապուրում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ համաձայնություններ թեև չկան, այն կանխելու լավագույն միջոցը դիվանագիտությունն է։ Բլինկերը նշել է, որ հաճույքով կխոսեր համաձայնությունների ձեռքբերման մասին, սակայն համաձայնություններ չկան և ակտիվ աշխատանքը շարունակվում է այս ուղղությամբ։

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին էլ, ի պատասխան, հայտարարել է, որ Իրանը կարող է միջուկային զենք արտադրել, բայց դա չի անում՝ իսլամական նկատառումներից ելնելով։ «Եթե մենք ցանկանայինք հասնել դրան, Արևմուտքը չէր կարողանա կանգնեցնել մեզ»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ Իրանի ու Վաշինգտոնի միջև իրականում փակ, ոչ միջնորդավորված հանդիպումներ, այնուամենայնիվ, տեղի ունենում են․

«Հնարավոր համաձայնության կայացման հարցում, կարծում եմ՝ ԱՄՆ –ում չեն ցանկանա, խիստ պատժամիջոցների կիրառումը շարունակելով, հասնել նրան, որ Իրանին դրդեն նոր դաշինքներ կազմել, ինչպես, օրինակ, Ռուսաստանի հետ է, կամ Չինաստանի, Հնդկաստանի»․․․

Ոսկանյանն ընդգծում է, որ թեև Իրանը դաշինքներ է կազմում, պետք է հաշվի առնել, որ Թեհրանը, ամեն դեպքում, գործում է և կգործի բացառապես իր շահերից ելնելով։

Կարդացեք նաև

Back to top button