

Սփյուռքում հայկական լրատվամիջոցների գործառույթները քիչ են, դրանք սահմանափակվում են, հիմնականում, ներհամայնքային և հայաստանյան կյանքին ծանոթացնելով։
Այսօր, ինչպե՞ս նշում են շատ լրատվամիջոցների ներկայացուցիչները, կարևոր է միջազգային մեդիաների հետ աշխատանքը։ Իսկ ինչպիսի՞ն են միջազգային ճանաչում ունեցող եվրոպական և արևմտյան լրատվամիջոցների դիրքորոշումները և ինչպե՞ս է պետք ներազդել հասարակությունների կարծիքների ձևավորման վրա մամուլի միջոցով։
ԱՄՆ-ում լույս տեսնող «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը նշում է, որ իրենց թերթը մոտիկից հետևում է թե՛ հայաստանյան, թե՛ սփյուռքի կյանքում տեղի ունեցող իրադարձություններին։
«Յուրաքանչյուր համարում վերլուծական հոդվածներ եմ գրում, որոնց հետ ընթերցողները կարող են համաձայնել, կամ՝ ոչ։ Բայց վստահ եմ, որ իրական ու կարևոր փաստեր ու տեղեկություններ են ստանում, իսկ դա շատ ավելի կարևոր է»,- ասում է Հարութ Սասունյանը։
1958-թվականից հրատարակվող «Կալիֆոռնիա կուրիերը» առաջին քայլերն արել է Ֆրեզնոյում, այնուհետ տեղափոխվել Գլենդել։ Այն հրատարակվում է անգլերենով։ ԱՄՆ-ում, ասում է զրուցակիցս, հայկական թերթեր շատ կան։ Դրանցից որոշները երկլեզու են՝ հայերեն և անգլերեն, որոշները՝ միայն անգլալեզու։
«Մամուլում մրցակցություն լինում է։ Որոշ թերթեր ունեն հատուկ ընդգծված դիրքորոշում՝ իշխանամետ են կամ ընդդիմադիր»,- նշում է։
Ամերիկյան մամուլը՝ «Լոս Անջելես թայմս», «Բոսթոն Գլոբ», «Նյու Յորք թայմս» և այլն, հաճախ է խոսում Հայաստանի, ամերիկահայության ու Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին, նշում է Հարութ Սասունյանը։ Ըստ նրա՝ այդ հրապարակումները բավարար չեն, իսկ խնդիրը մեր համայնքների ներկայացուցիչների՝ միջազգային մամուլի հետ աշխատանքները չկարևորելն ու դրանց շնորհիվ հասարակությունների վրա ներազդելու հնարավորությունները չգիտակցելն է։
«Այն շրջաններում, որտեղ հայերը շատ են, ամերիկյան մամուլն ավելի ուշադիր է հայության հարցերի հանդեպ»,- ավելացնում է զրուցակիցս։
Գրող, լրագրող Ավո Հաջյանը, որն այսօր ապրում և աշխատում է Իտալիայում, մշակութային հոդվածների կողքին ժամանակ առ ժամանակ գրում է քաղաքական թեմաներով հոդվածներ, անդրադառնում է Հայաստանին ու հայությանը հուզող հարցերին, դրանք ներկայացնում հայկական, հաճախ նաև օտար մեդիաներին։ Իսկ ինչպե՞ս են եվրոպական մամուլում ներկայացվում մեր երկիրը ու ընդհանրապես՝ հայկական հարցերը, Ավո Հաջյանը պատասխանում է․
«Հաճախ եմ նկատում, որ եվրոպական մամուլում ընդգծված հակահայ դիրքորոշում կա, հօգուտ՝ մեր թշնամիների։ Վստահ եմ, որ դրանք գումարների, բայց նաև լրագրողների անհետևողական աշխատանքների արդյունք են։ Ուղղամիտ ու բանիմաց լրագրողներն, անգամ, հաճախ են սխալ ներկայացնում միջազգային այս կամ այն կարևոր հարցը»,- ասում է Ավո Հաջյանը։
Միջազգային հանրահայտ տարբեր լրատվամիջոցներում այսօր աշխատում են ազգությամբ հայ լրագրողներ։ Նրանք, ինչպես նշում է զրուցակիցս, հաճախ խուսափում են հայկական հարցերին անդրադառնալ։
«Ես հաճախ եմ իրենց դիմում, ներկայացնում իմ հոդվածները, սակայն դրանք մերժվում են։ Այսինքն, ո՛չ իրենք են անդրադառնում, ո՛չ էլ ներկայացնում առաջարկվող հոդվածները։ Նույն իրավիճակն է նաև եվրոպական մամուլում»,- շարունակում է։
«Մեր մեծահարուստները որևէ ներդրում անելիս ուզում են, որ իրենց անունները գրվեն ու բարձրաձայնվեն։ Լոբբինգը շոշափելի գործընթաց չէ, ներդրումներ այնտեղ չեն արվում»,- ասում է «Կալիֆոռնիա Կուրիերի» խմբագիրն ու ցավով նշում, որ այսօր հայությունը ոչ միայն չի օգտագործում իր հնարավորությունները, այլև այդ կամքն ու ցանկությունը չունի միջազգային հարթակներում գործակցություններ ունենալու։ Ինչո՞ւ, նա ունի իր բացատրությունը։
Հազարամյակների պատմություն, քաղաքակրթություն ու կապեր ունեցող հայության համար այսօր հարաբերությունների ընդլայնումը այս կամ այն երկրի մամուլի հետ դարձել է ո՛չ արդիական, ո՛չ իրատեսական, ո՛չ արդյունավետ։