
Արցախից տեղահանված անձինք այսօր բողոքի ցույց են անցկացրել նախ՝ կառավարության շենքի, ապա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ: Նրանք նամակ են հանձնել գրասենյակի աշխատակիցներին, ապա հանդիպել են նրանց հետ։ Բողոքի ցույցին մասնակցել են նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Հադրութից և Շուշիից տեղահանված արցախցիները։
Արցախից տեղահանված անձինք համոզված են, որ կառավարությունն ու ՄԱԿ-ը պարտավորություններ ունեն իրենց բնակավայրը ոչ իրենց կամքով թողած արցախցիների նկատմամբ։ Դրանց մասին հիշեցնելու համար նրան այսօր նախ Կառավարության շենքի, ապա ՄԱԿ-ի՝ գրասենյակի մոտ էին։ Տեղահանված արցախցիները Կառավարությունից փախստականի կարգավիճակ են պահանջում, ՄԱԿ-ից ՝ փախստականների նկատմամբ պարտավորությունների կատարում։
«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանն է ներկայացնում արցախցիների պահանջները:
«Դուք գիտեք, թե ինչ է կատարվում Արցախում։ Բերձորի միջանցքը դարձավ Ադրբեջանի զավթիչ քաղաքականության, Ադրբեջանի դիկտատորի սեփականությունը։ Այն աստիճանի սեփականություն, որ նույնիսկ միջազգային դատարանի որոշումը չի կատարում Ադրբեջանի դիկտատորը։ Մենք եկել ենք ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ մեր բողոքը հայտնելու, ՄԱԿ-ին դիմելու, որպեսզի իր պարտականությունները կատարի»:
Արցախցիները միջազգային կառույցի աշխատակիցներին նամակ փոխանցեցին, որով պահանջում են քայլեր ձեռնարկել Բերձորի միջանցքի արգելափակումը վերացնելու ուղղությամբ։
«Մենք նամակում բացատրում ենք, որ միջանցքի արգելափակումը հավասարազոր է ցեղասպանության, հավասարազոր է Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերին։ Այնուհետև դիմում ենք ՄԱԿ-ին, որպեսզի մարդու իրավունքների դեկլարացիայից ելնելով, պաշտպանի մեր շահերը»,- ասաց Հայրյանը։
Նամակի հանձնումից հետո արցախցիներին ընդունեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցները։ Արդեն հանդիպումից հետո «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների» համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը լրագրողներին ներկայացրեց, թե ինչ են քննարկել կառույցի ներկայացուցիչների հետ։

«Մենք, նախ, հիշեցրինք, որ ՄԱԿ-ը պարտավորություններ ունի հայ փախստականների առաջ, և ոչ միայն 2020 թվականին ձևավորված, այլ նաև 1988 թվականից ձևավորված։ Իրենց հիշեցրինք, որ ՄԱԿ-ն ունի իր անալիտիկ փորձագիտական կենտրոններ։ Եվ ո՞նց է լինում, որ առանց որևէ անալիտիկ գործունեության, ՄԱԿ-ում գրանցվում է 600 հազար, այսպես կոչված, ադրբեջանցի փախստական, և ոչ մի հայ փախստական՝ 1988-ից սկսած։ Եվ խնդիրն այն չէ, թե այդ եռակողմ հայտարարությունն ովքեր են ստորագրել։ Եթե որևէ տեղ կա փախստական, ՄԱԿ-ն իր մանդատը պետք է իրականացնի»,- ասաց նա։
Մարիամ Ավագյանի խոսքով՝ ՄԱԿ-ը շատ լավ գիտի, որ Բերձորի միջանցքը հումանիտար ճանապարհ է, որը հստակ կարգավիճակ ունի ։ Բաքուն ուժի կիրառմամբ այնտեղ անցակետ է տեղադրում ու փոխում միջանցքի կարգավիճակը, բայց ՄԱԿ-ը որևէ կերպ սրան չի արձագանքում՝ ասում է Ավագյանը։
«Մենք ցեղասպանության կանխարգելման բազում միջոցառումներ ենք արել այստեղ, բայց 2020 թվականին պարզվեց, որ մենք ցեղասպանությունը կանխելու, ՄԱԿ-ի վրա հույս դնելու որևէ միջոց չունենք։ Մենք հարց տվեցինք, թե ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման գործակալությունն ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի ցեղասպան Բաքվի կոշտ ուժին հակադարձի և կարողանա կանխարգելել ցեղասպանությունը՝ թե Արցախի բեկորի վրա, թե Հայաստանի Հանրապետության տարածքում»,- հավելեց Մարիամ Ավագյանը։
Մոսկվա կինոթատրոնի հարակից տարածքում էլ արդեն մի քանի օր շարունակվում է «Հանուն Արցախի» ստորագրահավաքը։ Նախաձեռնությունը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանինն է: Ստորագրությունների թիվը հատել է 150 հազարի սահմանը։ Սա նաև յուրօրինակ հանրաքվե է, որով քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնում Արցախին՝ ասում է Թովմասյանը։
«Եթե մինչև հիմա մտայնություն կար, որ Արցախի հարցով ոչ մեկը չի հետաքրքրվում, քաղաքացիներն իրենց ստորագրություններով ապացուցում են, որ միայն հանրահավաքի եկող քաղաքացիները չեն, որ մտածում են Արցախի մասին։ Մարդիկ սիրով գալիս, ստորագրում են»։
Թագուհի Թովմասյանի կարծիքով՝ որքան շատ ստորագրություն հավաքվի, այնքան միջազգային ատյաններում կամրանան մեր դիրքերը։




