ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ են մարդիկ հեռանում Հայաստանից․ վերջին մարդահամարի տվյալները մտահոգում են մասնագետներին

Ինչու՞ է Հայաստանից արտահոսքը մեծացել։ Վիճակագիրները ներկայացնում են անցած տարվա հոկտեմբերին հանրապետությունում անցկացված մարդահամարի նախնական տվյալները և ցույց տալիս, որ բնակչության քանակը նվազել է ավելի քան 232 հազարով։ Ազգագրագետները պատկերը պայմանավորում են նաև անվտանգային խնդիրներով և շեշտում, որ ճիշտ քարոզչության դեպքում երկիրը լքողների թիվը կնվազի։

Հայաստանում բնակչության քանակը նվազում է, ուստի ժողովրդագրական խնդիրները լուծումներ են պահանջում։ 2022 թվականի հոկտեմբերին անցկացված մարդահամարի ցուցանիշները մտահոգիչ են, հատկապես՝ առկա բնակչության մասով։ 2011 թվականի համեմատ բնակչության թվաքանակը նվազել է ավելի քան 232 հազարով` կազմելով 2,6 մլն: 2022-ի հոկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թիվը կազմել է 2 միլիոն 928 հազար 914 մարդ: 2011-ի համեմատ մշտական բնակչության թիվը նվազել է շուրջ 90 հազարով։

Սրանք մարդահամարի նախնական տվյալներն են։ Վիճակագրական կոմիտեի մարդահամարի ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կյումջյանը պարզաբանում է, որ 10 տարին մեկ անցկացվող մարդահամարների շարքում վերջինը տարբերվել է իր մեթոդաբանությամբ՝ այն անցկացվել է ոչ թե ավանդական տարբերակով, կամ ռեգիստրի տվյալների հիման վրա, այլ համակցված․

«Ի տարբերություն 2001-ի և 2011-ի, այս անգամ մարդահարամարն անցկացվել է ընտրանքային հետազոտության միջոցով` համակցելով սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի ռեգիստրի և 25 տոկոս ընտրված հասցեներում բնակվող տնային տնտեսություններից հավաքված տվյալները: Իսկ ավանդականը իրականացվում էր հաշվարարների միջոցով»։

ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը նախ շեշտում է, որ միգրացիոն դինամիկան Հայաստանում փոխվել է: Ացած տարի այդ ցուցանիշն ավելացել է մոտ 6000-ով, իսկ 2020-ին այն եղել է մոտ 3500։

 Անդրադառնալով սահմանահատումներին, Արմեն Ղազարյանը նշում է, որ վերջին 5 տարում, բացառությամբ 2021 թվականի, որը կրել է հետկորոնավիրուսային և հետպատերազմական ազդեցությունը, սահմանահատումների որոշակի դրական դինամիկա է արձանագրվել է:

«2022-ին ընդհանուր սահմանահատումների ցուցանիշը եղել է + 38 հազար, Հայաստանի քաղաքացիների մասով՝ -27 հազար։ Բայց դա էլ պետք է համեմատության մեջ դնել 2021-ի հետ, երբ  -70 հազարի չափ էր, այսինքն՝ ավելի քան 2 անգամ նվազել է Հայաստանի քաղաքացիների մասով բացասական մնացորդը։ Իմ կարծիքով մեր բազային միգրացիոն տենդենցը առնվազն վերջին տասնամյակում Հայաստանում օտարերկրացիների քանակի ավելացումն է, որն արդեն վիզուալ կերպով շատերը սկսել են արձանագրել»։

Խոսքը թե՛ աշխատանքային, թե՛ կրթական միգրանտների մասին է: Այսինքն՝ ունենք արդեն ռեալ միգրանտական համայնք, հստակեցնում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը։ Ըստ նրա, եթե նայենք օտարերկրացիների ելքերի ու մուտքերի դինամիկան, կարելի է ասել, որ օտարերկրացիների կողմից Հայաստանի հանդեպ հետաքրքրության աճը շատ ակնհայտ է։

Մշակութային մարդաբան, ազգագրագետ Աղասի Թադևոսյանն էլ նկատում է, որ մեր հասարակությունը ծերացող հասարակություն է։ Մյուս կողմից՝ ծնելիության մակարդակն է ցածր։ Վերարտադրողականության մասին խոսելով, ազգագրագետը բացատրում է, թե դա ինչով է պայմանավորված։ Խորհրդային Միության փլուզումից հետո, մինչև 1997 թ, արտագաղթը պայմանավորված էր սոցիալ– տնտեսական կացությամբ։ 2000 թվականից հետո, սակայն, մարդիկ լքում էին երկիրը մարդկային զարգացման հնարավորությունների պակասի պատճառով՝ կրթություն, առողջապահություն և այլն․

«2000-ին մենք տեսնում ենք, որ ավելի գերադասում էին ունենալ ավելի քիչ երեխա, բայց ապահովեն նրանց կայուն զարգացումը, կրթությունը, և դիսկուրսը այդ ժամանակ հենց այդպիսին էր»։

Աղասի Թադևոսյանի դիտարկմամբ, Հայաստանում առկա ժողովրդագրական պատկերը նաև ազգային անվտանգության հարցերով է պայմանավորված։ Անվտանգության նկատառումներով երկիրը լքողների թիվը նվազեցնելու համար քարոզչական ճիշտ մեթոդներ պետք է կիրառել։ Նա համոզված է՝ եթե ճիշտ մոտիվացիա լինի, արտագաղթողների քանակը կնվազի։

2022 թվականի հոկտեմբերի մարդահամարի վերջնական տվյալները կամփոփվեն այս տարվա դեկտեմբերին։

Կարդացեք նաև

Back to top button