Մտքի ուժը

Խթանում է աճը, հզորացնում արմատային համակարգը. հայ գիտնականները ջրալույծ պարարտանյութ են առաջարկում․ «Մտքի ուժը»

Որքա՞ն ժամանակ է պետք պարարտանյութ սինթեզելու համար․ գիտնականները կպատասխանեն, որ տարիներ և ոչ թե մեկ կամ երկու, այլ երկար։ Արդյունքում՝ կստեղծեն Հայաստանի հողերի համար անհրաժեշտ ու արդյունավետ պարարտանյութ, այս դեպքում՝ ջրալույծ համալիր։

Ջրալույծ համալիր պարարտանյութը կիրառվում է արտարմատային սնուցմամբ, կաթիլայն ոռոգմամբ և հող ներմուծելով։ Հայկական ջրալույծ պապարտանյութի առավելությունները շատ են։ Ազգային ագրարային համալսարանի «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն»-ի առաջատար գիտաշխատող Սերգեյ Երիցյան։  

Սերգեյ Երիցյան

«Ներմուծված նման պարարտանյութեր կան, բայց մեր ստեղծածի տարբերությունն այն է, որ պատրաստված է հիմք ընդունելով Հայաստանի հողերի ագրոքիմիական բնութագիրը։ Փորձարկված է բազմաթիվ վայրերում։ Ֆերմերները շատ գոհ են»։

Ջրալույծ համալիր պարարտանյութը մակրո և միկրոտարրեր, ինչպես նաև կենսաբանական ակտիվ նյութեր պարունակող պարարտանյութ է, որի բաղադրությունը պայմանանվորված է հանրապետության բնահողային գոտիների հողերի քիմիական կազմով ու բերրիության մակարդակով։ Մասնագետներն ասում են, որ այն նպաստում է բույսերի կենսաբանական ակտիվության, հանքային պարարտանյութերի արդյունավետության բարձրացմանը, հնարավորություն է տալիս մինչև 30 տոկոսով նվազեցնել կիրառվող հանքային պարարտանյութերի քանակությունը։ Ապահովում է բույսերի ավելի տևական կենսուանկություն, բարելավում է աճն ու բերքատվությունը, բարձրացնում հասկավոր հացաբույսերի սերմերի ծլունակությունը և ծլման էներգիան։ Բացի այդ, գիտնականներն ասում են, որ ավելանում է հատիկների քանակն ու կշիռը։

«1985 թվականից սկսած աշխատել ենք պարարտանյութի վրա։ Աստիճանաբար բարելավում ենք քիմիական կազմը, հատկությունները։ Այնպես ենք անում,որ ֆերմերները կիրառելուց հետո չասեն, թե արդյունք չկա։ Ոչ թե հողի որակն է լավացնում, այլ բույսի աճն է ուժեղանում, արտարմատային համակարգը հզորանում է, օրգանական նյութեր շատ են կուտակվում։ Այդ իմաստով կարող է նաև հողի որակը բարելավել»։  

Գայանե Գասպարյան

Պարարտանյութի ստեղծման ու հատկությունների բալերավման ուղղությամբ աշխատանքները արդյունավետ դարձան, երբ գիտության կոմիտեից  կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված դրամաշնորհ ստացանք՝ ասում է Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն»-ի տնօրեն Գայանե Գասպարյանը.  

«Բացի այն, որ դրամաշնորհը պետական բաղադրիչ ուներ (24 մլն դրամ էր գիտության կոմիտեն մեզ տրամադրել), ուներ նաև արտաբյուջետային՝ համաֆինանսավորման բաղադրիչ՝ 6 մլն դրամի չափով երկու տարվա համար: Դա խոսում էր այն մասին, որ  մասնավորը նույնպես հետաքրքրված է  ծրագրի իրականացմամբ։ Իրենց նույնպես ուզում են, որ տեղական արտադրության այնպիսի պարարտանյութ ստեղծվի, որը մրցունակ կլինի ներմուծվողի հետ։ Այս առումով մեզ մոտ ստացվեց»։

Գյուղացուն տրամադրում են, որ հենց հողօգտագործողը համոզվի՝ արդյունավետ է տեղական արտադրանքը, թե ոչ։ Ասում է՝ գոհ են, դժգոհողներ դեռ չկան։ Նախկինում՝ խորհրդային տարիներին ջրալույծ պարարտանյութ կիրառվել է, բայց դրա որակային հատկանիշները ցածր էին։ Այժմ բարելավվել է ստացման տեխոնոլոգիան, բարձրացրել է որակը, լավացրել ապրանքային տեսքը։ Այժմ արդեն այլ պարարտանյութերի սիզնթեզման մասին են մտածում։ 

Գիտնական Սերգեյ Երիցյանը փաստում է՝ ներկրվող բոլոր տեսակի պարարտանյութերը կարելի է արտադրել Հայաստանում, միայն թե հայկական արտադրանքն ավելի լավ որակ ունի, ավելի մատչելի է ու բնորոշ Հայաստանի հողերին։ Հնարավոր է այնքան արտադրել, որ ներկրման կարիք չլինի.  

«Հնարավոր է, եթե սովորեն, համապատասխան փաստաթղթեր լինեն, բաժանեն առևտրային կետերին»։ 

Ջրալույծ համալիր պարարտնայութը կիրառելի է ոչ միայն բանջարանոցային մշակաբույսերի համար, այլ նաև պտղատու ծառատեսակների ու խաղողի վազի։

Այս դեպքում արտարմատային սնուցումն անհրաժեշտ է կատարել երեք անգամ, 10-15 օր ընդմիջումով, յուրաքանյուր անգամ կիրառելով 2-2․5 կգ։

Բանջարանոցային մշակաբույսերի սածիլների արտարմատային սնուցումը նպատակահարմար է կատարել երեք տերևի փուլում, սածիլը դաշտ տեղափոխելուց մեկ շաբաթ առաջ՝ 1 հա-ի համար՝  2-2․5 կգ։ Այն, որ պահանջարկն ավելանում է փաստում է նաև կենտրոնի տնօրեն Գայանե Գասպարյանը։

Back to top button