ԿարևորՄիջազգային

Իրանը փորձում է ամեն ինչ անել դիվանագիտորեն. իրանագետ

Իրանը մինչև այժմ համբերատար է եղել, բայց համբերությունն էլ չափ ու սահման ունի: Իրանի Իսլամական խորհրդի փոխնախագահ Ալի Նիկզադը, անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններին, Ադրբեջանի պետական ​​այրերին խորհուրդ է տվել պահպանել և հարգել բարիդրացիությունը և փոխադարձ հարգանքը, չմոռանալ պատմությունը։ Իրանագետները նկատում են, որ Ադրբեջանը և՛ հարթակ է դառնում ուրիշների համար, և՛ ինքն է առաջատար պետություն՝ հակաիրանական գործողությունների համար, և դա է, որ Իրանը շարունակ փորձում է հասկացնել ու կանխել՝ առայժմ գործի դնելով դիվանագիտական բոլոր հնարավոր ջանքերը։

Իրանագետները նկատում են, որ Ադրբեջանն արդեն չի թաքցնում Իրանի դեմ իր թշնամական վերաբերմունքը և պատրաստ է համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր Իրանի դեմ են գործում, Թեհրանին հակասող շահեր ունեն: Չնայած դրան, Իրանը փորձում է դիվանագիտական հայտարարություններով կառավարելի պահել ռիսկերը։ Ըստ իրանագետների, այս շարքից է նաև Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանիի վերջին հայտարարությունը։

«Իրանն ու Ադրբեջանն ունեն թշնամիներ, իսկ «սիոնիստական ռեժիմը» (Իսրայելը) այս երկու մուսուլմանական երկրների թշնամիներից մեկն է»,- Mehr գործակալության փոխանցմամբ ասել է Քանանին․

 «Պառակտում և անկայունություն ստեղծելն ու վեճեր հրահրելը «սիոնիստական ռեժիմի» մոտեցումն է Իրան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև իսլամական երկրների հարաբերությունների նկատմամբ։ Իրանը կենտրոնանում է բարիդրացիության, բարեկամական հարաբերություններով և փոխադարձ հարգանքով հարաբերությունների ուղղությամբ»։

Իրանը մեծ երկիր է, որը պատմության ընթացքում միշտ առանձնահատուկ հարգանք է ցուցաբերել իր հարևանների նկատմամբ՝ ավելի վաղ, անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններին, հայտարարել էր Իրանի Իսլամական խորհրդի փոխնախագահ Ալի Նիկզադը։

 «Նրանք պետք է իմանան, որ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի հարևաններից մեկը սխալվեց և չնայած սուրբ պաշտպանության ութ տարիների ընթացքում բազմաթիվ երկրների աջակցությանը, չկարողացավ որևէ քայլ ձեռնարկել կամ հակադրվել Իրանին։ Ուստի մեր խորհուրդն Ադրբեջանի պետական ​​այրերին սա է՝ պահպանել և հարգել բարիդրացիությունը և փոխադարձ հարգանքը»,–հարևան երկրերից մեկի օրինակն է հիշեցրել Նիկզադին՝ Ադրբեջանին հորդորելով չմոռանալ պատմությունը։

Նիկզադն անդրադարձել է նաև Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակմանը՝ շեշտելով, որ այն անձնական դրդապատճառներով է եղել: Հիմա,եթե մի անգետ մարդ մի սխալ է արել, նրանք պետք է փակե՞ն դեսպանատունը կամ հանե՞ն դիվանագետներին և այլ բանե՞ր խոսեն, հարցնում է իրանցի պաշտոնյան․

 «Իրանը մինչ այժմ իրեն պատվով է պահել, ուստի խորհուրդ եմ տալիս Ադրբեջանի կառավարությանն ու խորհրդարանին անդրադառնալ պատմությանը և ճիշտ վարքագիծ դրսևորել: Վերջին օրերին Ադրբեջանը 4 դիվանագետի է արտաքսել, և, անշուշտ, մեր ԱԳՆ-ն էլ փոխադարձ գործողություն կձեռնարկի, բայց այս վարքագիծը լավ ավարտ չունի»:

Ալի Նիքզադն ընդգծել է, որ Իրանը առանձնահատուկ հարգանք է տածում Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ, հետևաբար, որպես իրանցի մուսուլման, պատգամավոր և ազերիախոս ընդգծում է, որ Իրանի և Ադրբեջանի ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն, բայց Ադրբեջանը պետք է ձեռք քաշի արկածախնդրությունից:

 «Եթե Ադրբեջանում սիոնիստական խումբ էլ տեղակայվի, նրանք չեն կարող ոչինչ անել: Մեր սիրտը ցավում է Ադրբեջանի ժողովրդի համար»:

Իրանը մինչև հիմա համբերատար է եղել, բայց համբերությունն էլ չափ ու սահման ունի՝ այս շեշտադրմամբ է խոսքը եզրափակել Իրանի իսլամական խորհրդի փոխնախագահը:

Տարածաշրջանային զարգացումները հաշվի առնելով՝ Իրանը փորձում է իր հարաբերությունները կարգավորել հարևան երկրների հետ՝ սկսած Սաուդյան Արաբիայից, նկատում է իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը.

 «Իրանը, կարծում եմ, ինչպես իր դիվանագիտական անցյալն է ցույց տվել՝ ամեն ինչ անելու է դիվանագիտորեն, որ տակառը չպայթի տարածաշրջանում, որովհետև բոլորն են վնասվելու»։  

Վերջին օրերին Բաքվի վարչախմբի և Իրանի արտգործնախարարների միջև տեղի է ունեցել մի քանի հեռախոսազրույց։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով դրանց, գրել է.

 «Դատելով տարածված խիստ կարճառոտ պաշտոնական հաղորդագրություններից, հարաբերությունների կարգավորման ասպարեզում առայժմ շոշափելի ձեռքբերումներ չկան, սակայն խոսվում է նույն մակարդակում երկկողմ հանդիպում կազմակերպելու հնարավորության մասին»։

Ոսկանյանը նաև նկատում է, որ դրան զուգահեռ, իրանական ԶԼՄ-ների, սոցցանցերի և նույնիսկ խորհրդարանական մակարդակներում չի դադարել Բաքվի բռնապետական վարչախմբի գործողությունները, մեղմ ասած, դատապարտող տեսակետների բավական հուժկու հոսքը։ Իրանագետի ձևակերպմամբ՝ այդ ամենը հաշվի առնելով, կարելի է եզրահանգել, որ Իրանը շարունակում է «մտրակի» և «քաղցրաբլիթի» քաղաքականությունը Բաքվի նկատմամբ, որում, ի դեպ, առայժմ իրական որևէ «քաղցրաբլիթ» առվազն տեսանելի հատվածում չկա։

Կարդացեք նաև

Back to top button