ԿարևորՔաղաքական

Ի՞նչն է փչացնում Բրյուսելի ու Բաքվի հարաբերությունները. միջազգային պարբերականի անդրադարձը Հարավային Կովկասին

Միջազգային քաղաքական թեմաներ վերլուծող Politico պարբերականը հերթական հոդվածն է հրապարակել Հարավային Կովկասի տարածաշրջանի մասին, ակնարկելով, որ անցել է այն ժամանակը, երբ Ադրբեջանը կարող էր շահագործել ԵՄ հետաքրքրությունը էներգետիկ ոլորտում:

Սակայն, Հայաստանում, հատկապես ընդդիմադիր գործիչների ուշադրության կենտրոնում դեռ պարբերականի՝ այս տարի հրապարակած մեկ այլ հոդվածն է, որտեղ, հղում անելով եվրոպացի բարձրաստիճան մի պաշտոնյայի, պարբերականը գրել էր, որ Բրյուսելը Բաքվին տեղեկություններ է տրամադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին իր դիտորդական առաքելության գործողությունների մասին:

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը և Եվրոպական խորհրդարանի զեկույցը, որը քննադատում է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները, կարող են վտանգել մինչև 2027 թվականը Բաքվից Եվրամիություն գազի մատակարարումը մինչև 20 միլիարդ խորանարդ մետր կրկնապատկելու մասին համաձայնագիրը։ Այս մասին գրում է միջազգային քաղաքական թեմաներ վերլուծող Politico պարբերականը:

Եվրոպական խորհրդարանի զեկույցը, որը հրապարակվել էր 2023 թվականի մարտին ու արձանագրում էր Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խատումները, ըստ պարբերականի, «Բաքվում վրդովմունք է առաջացնում»։ Հոդվածագիրը նշում է, որ «դա ստվեր է նետում Ադրբեջանի հետ գազի հարցով Եվրամիության գործարքի վրա»։

Վերջին շրջանում Ադրբեջանի գործողությունները, սակայն, քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ավելի լայն կոնտեքստով է առաջարկում դիտարկել՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ միայն նշված հիմքերը բավարար չեն հարցականի տակ դնելու հաստատված գազային ծրագրերը:

«Բաքվի քաղաքականությունը հետևյալն է. օգտվել միջազգային այն իրավիճակից, որ կա: Օգտվել այդ իրավիճակում Բաքվի որոշակի կարևորությունից, որ կա: Սա պարզապես համաշխարհային պատերազմ է, և այդ պատերազմի առանցքային մասնակից բևեռների համար կա Ադրբեջանի որոշակի կարևորություն մի շարք առումներով, այստեղ միայն նավթն ու գազը չէ: Այդ կարևորությունից օգտվելով նաև սեփական ռազմական և քաղաքական առավելությունը Հայաստանի հանդեպ իրացնել և դարձնել սակարկության առարկա թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի և թե՛ ընդհանրապես բոլոր հնարավոր խոշոր «խաղացողների» համար»:

Վերլուծաբանը գտնում է, որ իր խոսքերը հիմնավրվում են թեկուզ Politico-ի ապրիլյան մեկ այլ հոդվածով, որտեղ պարբերականը գրել էր, որ Բրյուսելը Հայաստանում դիտորդական առաքելության տվյալները հաճախ է փոխանցում Բաքվին։ Իհարկե, այս բնույթի հոդվածներում պարբերականը երբեք հղում չի արել կոնկրետ պաշտոնյաների կամ կառույցների հայտարարություններին: Բոլոր մեջբերումներն արվել են անանունության սկզբունքով: Ըստ այդմ՝ Politico-ն, վկայակոչելով ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան մի պաշտոնյայի, փոխանցել էր նրա խոսքերը՝ կառույցը Բաքվի հետ այլ սցենարի հույս ուներ: Անանուն աղբյուրն ասել էր, որ Ադրբեջանի հետ կիսվում են ոչ միայն դիտորդության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկություններով, քանի որ ոչ մի խնդիր չեն ցանկանում ունենալ:

Այս հոդվածի և հայտարարությունների հիման վրա Հայաստանի ընդդիմաությունը արտգործնախարարության պարզաբանումների կարիք է տեսնում:

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյան. «ԱԳՆ-ն, իմ խորին համոզմամբ, մի քանի հարցի պատասխան պետք է տա: Օրինակ, արդյո՞ք ԱԳՆ-ն տեղյակ էր, որ ԵՄ դիտորդական առաքելությունը տեղեկատվություն է կիսում Ադրբեջանի հետ: Երկրորդ՝ Հայաստանի ամենատարբեր պաշտոնյաներ տարբեր առիթներով ասել են, որ ԵՄ թե՛ նախորդ, թե՛ գործող առաքելության զեկույցները իրենք չեն ստանում: Հարց՝ Ադրբեջանը ստանում է, Հայաստանը չի՞ ստանում: Եվ ավելի պրոցեսուալ հարց է, թե արդյո՞ք ԵՄ դիտորդական առաքելության երկկողմ պայմանագիրը Հայաստանի և ԵՄ միջև որ փուլում է գտնվում, որովհետև, ըստ իմ տեղեկությունների, նմանօրինակ առաքելությունների հաստատման համար, հետագա գործունեության համար նույնպես, անհրաժեշտ է, որ լինի պայմանագիր: Սովորաբար դա այդպես է տեղի ունենում: Ի՞նչ փուլում է այդ պայմանագիրը: Բայց ֆիքսենք, որ ըստ ազատ տեղեկատվության, ստացվում է, որ Ադրբեջանը ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ ստանում է ավելի շատ տեղեկատվություն, քան՝ պաշտոնական Երևանը»:

Այս հարցերին ու հատկապես՝ տեղեկությունները Ադրբեջանին փոխանցելու եվրոպական պարբերականի հրապարակմանը պաշտոնական Երևանը չի արձագանքել: ԵՄ դիտորդական առաքելությանն առնչվող պաշտոնական հայտարարություններից կարելի է հիշել արտգործնախարար Արարատ Միրզոյանի պարզաբանումը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում: Նա ասել էր, որ ԵՄ դիտորդական առաքելության զեկույցներն իրեն հասանելի չեն, դրանք պաշտոնական Բրյուսելի ծառայողական օգտագործման համար են:

Տեղ գյուղի ադրբեջանական սադրանքից հետո էլ Աժ-ում օրեր առաջ նա կրկին խոսեց դիտորդական առաքելության մասին․ «Իրենք նշել են, որ Տեղում չեմ եղել այդ պահին, բայց իրենց դիտարկումներն արել են և իրենք իրենց զեկուցման մեխանիզմն ունեն, Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում, ոչ հրապարակային: Մենք առայժմ տեղեկություն չունենք, թե ինչպիսին է այդ զեկույցը»:

Հայաստանի ներքաղաքական դաշտում շրջանառվում է նաև տեսակետ, ըստ որի ԵՄ դիտորդական առաքելության զեկույցները զսպող դերակատարություն ունեն Ադրբեջանի համար, որովհետև հիմքեր են ստեղծում քաղաքկաան որոշումների համար: Այս միտքը կա նաը Politico-ի հոդվածում:

Ամեն դեպքում, Հայաստանում ակնկալում են, որ ԵՄ դիտորդական առաքելության զեկույցները եվրոպական քաղաքականության փոփոխության հիմք կհանդիսանան: Հայաստանյան ընդդիմությունը, համենայնդեպս, հայտարարում է, որ նման փոփոխություն նախորդ առաքելության 15-ից ավելի զեկույցներից հետո դեռ չի տեսել:

Կարդացեք նաև

Back to top button