
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Վրաստանի խորհրդարանական ընտրություններն էական քաղաքական իրադարձություն էին, որոնք այդ երկրի համար ստեղծում են այնպիսի միջազգային դրություն, որ թույլ է տալիս Վրաստանը համարել տարածաշրջանում ժողովրդավարական եւ իրավական պետություն: Թեմային անդրադառնալով` վերլուծաբաններ Շուշան Խաթլամաջյանն ու Անդրեա Ղուկասյանը, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ, կարծիք են հայտնել, որ Վրաստանի այս նոր քաղաական իրողությունը Ադրբեջանն ու Հայաստանն այսուհետ չեն կարող անտեսել:
Հետխորհրդային մի բարդ երկիր կարողացավ հաղթահարել արատավոր երեւույթներն ու ձեւավորել նոր, ժամանակակից քաղաքական համակարգ: Վերլուծաբան Անդրեաս Ղուկասյանի գնահատականն է` Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակի կապակցությամբ: Ըստ վերլուծաբանի` գործող նախագահ Սահակաշվիլին փորձելու է իր ուժի համար ստեղծել որպես ընդդիմություն աշխատելու համար անհրաժեշտ պայմաններ: Անդրեաս Ղուկասյանի բնորոշմամբ` դա նրա համար բնական օրակարգ է եւ նա կկարողանա շատ արագ դուրս գալ այդ գործընթացից: Վերլուծաբանը չբացառացեց նաեւ, որ Սահակաշվիլին ժամկետից շուտ հրաժարական ներկայացնի եւ Վրաստանի անցումային այս շրջանն ավելի շուտ ավարտվի:
Վերլուծաբան Շուշան Խաթլամաջյանի կարծիքով` Վրաստանում խորհրդարանական կառավարմանն անցումը մեծ բան կտա հասարակ վրացուն: Նրա խոսքով` այն պրոյեկտը, որն իրականացվում է Վրաստանում կշարունակվի նույն ուղղությամբ եւ արտաքին կողմնորոշումների հարցում որեւէ տեղաշարժ չի լինի:
Վերլուծաբան Անդրեաս Ղուկասյանի դիտարկմամբ նույնպես ռուս-վրացական լարվածությունը նոր քաղաքական պայմաններում չի վերանա: Ըստ նրա, սակայն, կարող է փոխվել հակասությունների ձեւաչափը: Եթե մինչ օրս երկու պետությունների ղեկավարների միջեւ հակադրությունը անձնական հարթություն էլ էին տեղափոխվում, ապա այսուհետ դրանք ավելի քաղաքակիրթ մթնոլորտում կմնան: Չնայած դրա, ըստ Անդրեաս Ղուկասյանի, արմատական հարցերը վրաստանյան իշխանափոխությամբ չեն կարող լուծվել: Վրաստանը, բնականաբար, Հայաստանի համար կարեւոր հարեւան է, ուստի դա որոշակի դրական բան կարող է տալ, սակայն, վերլուծաբանի խոսքով, Վրաստանի ժողովրդավարական պրոեկտը դժվար թե որեւէ ձեւով տարածվի ջավախքահայության վրա: Այս առումով էլ կասկածելի է` արդյոք վրացական ժողովրդավարությունը իրական բնույթ է կրում` եզրահանգեց Շուշան Խաթլամաջյանը: Անդրեաս Ղուկասյանի դիտարկմամբ, սակայն, Վրաստանում ցանկացած դրական փոփոխություն դրական է եւ ջավախքահայության եւ Հայաստանի համար:




