ԿարևորՀասարակություն

Միգրացիոն 2022–ը՝  բացառիկ․ քանի մարդ է այցելել Հայաստան ու քանիսն են մեկնել

Ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ 2022 թվականը Հայաստանի համար բացառիկ տարի էր։ Հատկապես աննախադեպ է եղել Հայաստան այցելողների, ՀՀ քաղաքացիություն, փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալ ցանկացողների թիվը։  2022–ին Ներքին գործերի նախարարության միգրացիայի ու քաղաքացիության ծառայություն  ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում է  ներկայացրել 25 հազարից ավելի անձ։  

Հայաստանի քաղաքացիություն ստացողների թիվը մոտ երեք անգամ ավելացել է։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի ու քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Ռադիոլուր»–ին փոխանցում է՝  անցյալ տարի  Հայաստանի հանրապետության քաղաքացիութուն է ստացել  20000 անձ։ Նրանց ճնշող մեծամասնությունը՝ 90 տոկոսից ավելին, քաղաքացիություն ստացել է ազգությամբ հայ լինելու հիմքով՝ Ռուսաստանի քաղաքացիներ են եղել։ 2021–ին  թիվը կազմել է մոտ 7300։

Ղազարյանի խոսքով՝  ծավալների նման աճը վերջին առնվազն 5–6 տարիների համար բավականին տպավորիչ է, նման ծավալներ չեն եղել։ Ծառայությունը Ուկրաինայից դիմումներ նույնպես ստացել է, բայց  նրանք հիմնականում դիմել են փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու համար։ Ղազարյանի խոսքով՝ 2022–ին  դիմումների թիվն անցել է 900–ից, երբ տարեկան միջինը՝ կազմում էր 200–250 դիմում։ Դիմողների կեսից ավելին Ուկրաինայի քաղաքացիներ են՝ ազգությամբ հայեր կամ ոչ։ Փախստականի կարգավիճակ ստացողների մեջ հիմնականում Ուկրաինայի քաղաքացիներն են։

Քանիսն են եկել, քանիսը գնացել

Ներքին գործերի նախարարության միգրացիայի ու քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը հստակեցնում է՝ 2022–ին 38 հազարով ավելի շատ մարդ է մուտք գործել Հայաստան, քան Հայաստանից մեկնել է։ Սա միայն մուտքի ու ելքի վիճակագրությունն է՝ անկախ քաղաքացիությունից։ Ղազարյանի խոսքով՝ ցուցանիշը ՀՀ 30–ամյա պատմության ամենաբարձրն է։  «Եթե համեմատենք 2021–ի հետ, ապա բարելավումն ակնհայտ է, քանի որ այդ ցուցանիշը 2021–ին 43 հազար էր։ ՀՀ քաղաքացու անձնագրերով 2022թ–ին 27 հազարով ավելի շատ մարդ  մեկնել է, քան ժամանել։ 2021–ի համեմատ, սակայն, բարելավումն ակնհայտ է՝  նույն այդ ցուցանիշը 73 հազար մարդ էր կազմում։ Օտարերկրացիների մասով կարող եմ ասել, որ 2022–ին 66 հազարով ավելի շատ օտարեկրացի է մուտք գործել Հայաստան, քան Հայաստանից մեկնել է՝ ասում է Ղազարյանն ու տեղեկացնում, որ ՌԴ անձնագրերով 65 հազարով ավելի շատ է եկել է ՀՀ, քան մեկնել է ՀՀ–ից։ Երկրորդ տեղում Վրաստանն է, ապա՝ Իրանը, ԱՄն–ը, Ուկրաինան, Գերմանիան։

2022–ին ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Հայաստանից աշխատանքի հիմքով՝ ՌԴ է մեկնել 330 հազար քաղաքացի։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի ու քաղաքացիության ծառայության պետը բացատրում է՝ սա չի նշանակում, որ այդքան ՀՀ քաղաքացի անձ աշխատում է  ՌԴ–ում։ Մեկ անձը կարող է մի քանի անգամ հաշվառվել։ 2021–ի համեմատ ցուցանիշը նվազել է։ Արձանագրում է, որ այստեղ նվազող աշխատանքային միգրացիա կա։

ՀՀ  քանի՞ քաղաքացի է ՌԴ քաղաքացիություն ստացել

Հղում անելով ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալներին՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության միգրացիայի ու քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ասում է՝  45 հազար, 2021–ի համեմատ մոտ 2 հազարով թիվը նվազել է։ Նվազումը, նրա կարծիքով, պայմանվորված է և ՌԴ–ի տնտեսական իրավիճակով, և միգրացիոն քաղաքականության խստացմամբ։

Կարդացեք նաև

Back to top button