Եթե անձնագրի թվերը չմատնեին, չէր էլ հիշի, որ արդեն 85 տարեկան է։ Մաեստրոն սեփական ստեղծագործությունների թիվն էլ չի հիշում, բայց մենք գիտենք, որ 140 թատերական պիեսների, 5 մյուզիքլի և 40 ֆիլմի երաժշտության հեղինակ է, նաև՝ Հանրային ռադիոընկերության ամենաավագ աշխատակիցը: Նավաստի , բռնցքամարտիկ, տրամվայի վարորդ դառնալու երազանքները մնացին անկատար, հաղթեց երաժշտությունը։
Հանրային ռադիոյի լեգենդար 6-րդ ստուդիայում այսօր նշել են ՀՀ ժողովրդական արտիստ, մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի խմբավար Մարտին Վարդազարյանի 85-ամյակը։ Հանրային հեռարձակող խորհրդի նախագահ Արա Շիրինյանը Մաեստրոյին է հանձնել կառույցի պարգևը՝ «Եթեր» բրոնզե արձանիկը, որը շնորհվում է ռադիոյի և հեռուստատեսության ասպարեզում բացառիկ ավանդի համար։




