Էկոսֆերա

Պիրոտեխնիկայի փառատոն՝ Մեքսիկայում․ «Էկոսֆերա»

Մեքսիկայի Տուլտեպեկ քաղաքում տեղի է ունեցել պիրոտեխնիկայի փառատոն։ Ակցիայի գագաթնակետը «տորիտո» շքերթն է՝ իսպաներեն «ցուլ» բառից։

Հրավառություններ և կրակոտ ինստալացիաներ, թնդանոթներ և բռնկումներ գիշերային երկնքում։ Այս ամենն ուղեկցվել է փողոցային երաժիշտների ռիթմերով և վառ թատերական ներկայացումներով։ Փառատոնի մասնակիցները հարյուրավոր «հրեղեն ցլեր» են տանում քաղաքով մեկ։

Տոնի պատմությունը սկսվել է 19-րդ դարի կեսերից։ Փառատոնը տևում է մեկ շաբաթ և ավելի քան հարյուր հազար զբոսաշրջիկների է գրավում Տուլտեպեկ քաղաքը։ Ընդ որում, բուն քաղաքի բնակչությունը կազմում է 110 հազար մարդ։ Քաղաքը համարվում է Մեքսիկայի պիրոտեխնիկայի մայրաքաղաքը։ Սերնդե սերունդ փոխանցվող աշխատանքի արդյունքում այնտեղ արտադրում են բոլոր ճայթրուկների 80%-ը:

Թե ինչ վնասներ են հասցնում պիրոտեխնիկան կամ ճայթրուկները շրջակա միջավայրին, այդ թվում՝ մարդկանց առողջությանը, մեր թողարկումների ընթացքում մանրամասն անդրադարձել ենք։ Համաձայն միջազգային կառույցների տարածած հաղորդագրության՝ օդում նման քանակությամբ պինդ մասնիկների ցրումը երկարաժամկետ հեռանկարում վտանգավոր ազդեցություն է ունենում հատկապես մարդու առողջության վրա, ցրված պինդ մասնիկները երկար ժամանակ մնում են մթնոլորտում և առաջացնում շնչառական ու սրտանոթային խնդիրներ։

Back to top button