ԿարևորՀասարակություն

ՏԻՄ ընտրարշավ․ Սիսիանում երեք ուժերն էլ հաղթական են տրամադրված

Մարտի 26-ին Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում կկայանան ավագանու ընտրություններ։ Մարտի 1-ից սկսվել է քարոզարշավը, և առաջադրված քաղաքական ուժերը ընտրողներին են ներկայացնում իրենց ծրագրերը։ Սիսիանում այս անգամ երեք կուսակցություն է առաջադրվել՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Քաղաքացու որոշումը» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։

Անցած տարի դեկտեմբերի 29-ին կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել էին Սիսիան համայնքի ավագանու լիազորությունները։  Ըստ կառավարության  որոշման՝  2022 թ. սեպտեմբերի 25-ին Սիսիան համայնքում կայացած ավագանու ընտրությունների արդյունքում,  օրենքով նախատեսված նվազագույն ընտրական շեմը հաղթահարած «Աշխատանք և արդարություն» դաշինքը, «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան» կուսակցություններից ընտրված ավագանու անդամներն ու թեկնածուները հրաժարվել են մանդատներից ու արդյունքում ավագանու կազմում 21 անդամներից մնացել էին 10-ը:

Նոր ընտրությունները կկայանան մարտի 26-ին։ Եթե նախորդ անգամ առաջադրվել էր 5 կուսակցություն և 2 դաշինք, այս անգամ Սիսիանի ավագանու ընտրություններին մասնակցում է  3 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։

Սիսիացիներին ապագա խոստացող «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակում 63 թեկնածու կա, որոնցից 61-ը կառավարող ուժի անդամ են, իսկ 2-ը անկուսակցական։ Ցուցակը գլխավորում է Սիսիան համայնքի ղեկավար, 41-ամյա Արմեն Հակոբջանյանը։ Ըստ նրա՝ ընտրացուցակում էական փոփոխություններ չկան, քարոզարշավը ընթանում է առանց խոչընդոտների:

«Միանշանակ հաղթանակ-այդպես եմ գնահատում իրավիճակը։

Իսկ ընտրողները գալիս են հանդիպմա՞ն։ Թեկնածուներ կան՝ ասում են ընտրողները պասիվ են։

-Ես դժգոհ չեմ այդ առումով, լավ էլ մասնակցում են»։

«Միասին՝ ի գործ» կարգախոսով ու 30 թեկնածուով սիսիանցի ընտրողին է ներկայացել «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը։ Նախորդ ընտրություններին «Քաղաքացու որոշումը»՝ «Արդարություն» կուսակցություն հետ  կազմել էր «Զարգացող համայնք» դաշինքը, որը չհաղթահարեց անցողիկ շեմը։ Նոր ընտրացուցակով այս անգամ «Քաղաքացու որոշումը» ընտրություններին մասնակցում է առանց գործընկերոջ։

Ցուցակը գլխավորում է բանկերից մեկի Սիսիանի մասնաճյուղի կառավարիչ 31-ամյա անկուսակցական Ավագ Ասատրյանը։ Իր ղեկավարած ուժի շանսերը Ասատրյանը հաղթական է համարում, չնայած թիմը երիտասարդ է, և ճանաչելիության խնդիր կա։

Ինչո՞ւ որոշեց մասնակցել ընտրություններին․ «Չեինք ուզում մեր ժողովուրդը կանգնի ընտրության առաջ՝ վատի և շատ վատի միջև»։

Հայաստանի Հանրապետական կուսակցության  ընտրացուցակի 33 թեկնածուից մեկը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ 32 հոգանոց ցուցակը գլխավարում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության «Տաթև» մասնաճյուղի Սիսիանի ցանցի պետ, 66-ամյա Ջիվան Մարգարյանը։ «Հարուստ գյուղացի, բարեկեցիկ համայնք, շատ աշխատեղեր» կարգախոսը ընտրած Ջիվան Մարգարյանը հերթական բնակավայրում հանդիպման էր․

«Հեսա մտնում ենք գյուղերը, ոչինչ էլի, քարոզարշավ է»

-Իսկ ոնց են ընդունում Ձեզ ընտրողները։

-Ընտրության արդյունքից պարզ կլինի, 15 օր մնաց, կտեսնենք»։

Եթե կառավարող ուժի թեկնածուն՝ Արմեն Հակոբջանյանը, խախտումներ չի նկատել քարոզարշավի ընթացքում, ապա ՀՀԿ-ական Ջիվան Մարգարյանն ու  ՔՈ-ի թեկնածու Ավագ Աստարյանը արձանագրել են խախտումներ։ Ասում են՝ առաջիկայում դրանք կներկայացնեն թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Հանձնաժողովից «Ռադիոլուրին» տեղեկացրին, որ այս պահի դրությամբ ոչ մի բողոք-դիմում դեռ չկա։

Կարդացեք նաև

Back to top button