
Շիրակի մարզում դատավորները օրվա ժամերից ավելի արագ են փոփոխվում՝ իրենց բարձրացրած խնդիրն այսպես են ձևակերպում գյումրեցի փաստաբանները։ Ըստ նրանց՝ մարզում դատական համակարգը կաթվածահար է, քանի որ, ինչպես իրենք են ասում, մարզում դատավորները մեկը մյուսի հետևից այնքան շուտ–շուտ են գալիս ու գնում, որ չեն հասցնում դատական գործերը տրամաբանական ավարտի հասցնել։ Փաստաբան Արամայիս Հայրապետյանն ասում է՝ իր ձեռքի տակ այս պահին 20-ից ավելի քրեական գործ կա, որից յուրաքանչյուրը վերջին 1-2 տարում առնվազն 3-4 դատավոր է ունեցել։
«Ստացվում է, որ որևէ դատավոր գործը ընդունում է իր վարույթում, սկսում է գործի քննությունը, հասնում է որոշակի փուլի, հետո գործը տեղափոխվում է այլ դատավորի մոտ, և նա էլ արդեն պետք է քննությունը սկսի 0-ից։ Սրա հետևանքով գործերը հիմա այնքան են կուտակվել, որ նույնիսկ հաստիքները լրիվ լրացնելու դեպքում ողջամիտ ժամկետ հնարավոր չէ պահպանել»,– ասում է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Շիրակի մարզում քրեական դատավորի 4 հաստիք կա, վերջին 2 տարվա ընթացքում այս հաստիքները 10 ավելի դատավոր է զբաղեցրել։ Փաստաբանները սեփական վիճակագրությունն ունեն, ըստ որի Շիրակի մարզում «ամենաերկարակյաց» դատավորը 1-1.5 տարի է աշխատել, մյուսները պաշտոնավարել են մի քանի ամիս։
«Կա քրեական գործ որը մուտք է եղել 2022 հուլիս ամսին, և արդեն 4-րդ դատավորը պետք է քննի այդ գործը, այսինքն՝ մեկ տարի դեռ չի անցել, բայց արդեն 4 դատավոր է փոխվել։ Մենք ունենք նույնիսկ մի գործ՝ Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի, որով Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության դեմ որոշում է կայացրել և պարտավորեցրել է փոխհատուցում տրամադրել տուժողին՝ ժամկետերը խախտելու համար, սակայն այդ քրեական գործով դատավորը փոխվել է և մենք հիմա քննությունը սկսում ենք նորից»։
Փաստաբաններն ասում են՝ իրավիճակը այսքան սուր է հատկապես ու մասնավորապես Շիրակի մարզում։ Մյուս մարզերում, ըստ իրենց տեղեկությունների, դատավորները մի քանի անգամ ավելի երկար են պաշտոնավարում։ Փաստաբան Արտուշ Հակոբյանն ասում է՝ նույն պատկերն է նաև քաղաքացիական ու վարչական գործերում։
«Խոսքը պատժից վաղաշամկետ ազատման մասին է․ քրեակատարողական հիմնարկները միջնորդություններ են ներկայացնում, սակայն, դատարանների գերծանրաբեռնվածության և դատավորների տեղափոխման պատճառով միջնորդությունների քննություններն այնքան են շարունակվում, որ օրենքով սահմանված պատժի ժամկետը լրանում է, և մարդիկ ազատվում են»,– մանրամասնում է Հակոբյանը։
Դատարանների գերծանրաբեռնվածությունը կառավարության ուշադրության կենտրոնում է՝ Ազգային Ժողովում իր ղեկավարած գերատեսչության գործունեությունն ամփոփելիս վստահեցնում է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ Նա նշում է, որ հանրապետությունում դատավորների քանակը անհրաժեշտից մի քանի անգամ քիչ է․
«Մեր կառավարությունը հիմա մի քանի ուղղություններով այս հարցի լուծմանն է լծված․ առաջին հերթին դատավորների քանակի ավելացում, աշխատավարձերի բարձրացում, նոր ընթացակարգեր օրենսդրական դաշտում, որ պրոֆեսիոնալ կադրերը կարողանան գան ու դառնան դատավոր, շենքային պայմանների ապահովում, թվայնացում։
Եթե համեմատենք այլ եվրոպական երկրների հետ, 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում մոտավորապես 1500 դատավոր պետք է լինի, մեր մոտ, սակայն, 3-4 անգամ պակաս է»,– ասում է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նախորդ տարի արդեն բարձրացվել է Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձը։ Նախարարն ասում է՝ առաջիկա գերնպատակներից է նաև Առաջին ատյանի դատավորների աշխատավարձի բարձրացումը։ Վստահ ե՝ն սա ևս ավելի շատ դատավորներ ներգրավելու հնարավորություն է։ Նախարարությունն առաջիկայում նաև օրենսդրական նախաձեռնություն կմշակի, ինչպես նախարար Գիրգոր Մինասյանն է ասում՝ դատարաններին ավելորդ թղթաբանության բեռից ազատելու համար։
«Մասնավորապես ընդլայնվել է գործերի քննության պարզեցված և գրավոր ընթացակարգերի կիրառությունը, մի շարք գործեր, օրինակ՝ արբիտրաժային վճիռների հարկադիր կատարումը, դուրս են բերվել դատարանների քննությունից և արբիտրաժային որոշումները միանգամից ուղարկվում են Հարկադիր կատարման ծառայություն, այսպիսով բեռնաթափելով դատարանները»։
Փաստաբանները շեշտում են՝ առանց այն էլ գերծանրաբեռնված դատական համակարգի համար իրենց մարզի դատավորների պարբերաբար փոփոխությունը ավելի է սրում իրավիճակը։ Դատարանների անմատչելիություն, անարդյունավետ ծախսված միջոցներ, խախտված արդարադատություն ու այդպես էլ չավարտված դատական գործեր․ փաստաբանների համայնքը այս խնդրով դիմել է նաև Բարձրագույն դատական խորհրդին։ Փաստաբան Արամայիս Հայրապետյանը պատմում է՝ ԲԴԽ–ի պատասխանը ոչ միայն չի բավարարել իրենց, այլև վիրավորել է։
«Ինչպես են նրանք հիմնավորում․ ասում են՝ մեզ համար կարևոր է, որ Երևանում ունենանք «նորմալ» դատավորներ, այդ պատճառով մենք դատավորներին ուղարկում ենք մարզեր, որ իրենք որոշակի փորձառություն ձեռք բերեն , հետո վերադարձնեն Երևան։ Ստացվում է՝ Շիրակի մարզում ԲԴԽ–ի համար «երկրորդ սորտի» մարդիկ են ապրում, որոնք նորմալ արդարադատության արժանի չեն»,– պատմում է Հայրապետյանը։
Փաստաբանները խնդրի լուծումը նաև օրենսդրական կարգավորումների դաշտում են տեսնում։ Նրանք առաջարկում են հստակ նվազագույն ժամկետներ սահմանել դատավորների պաշտոնավարման համար։ Ավելի կարճաժամկետ հեռանկարում առաջարկում են իրենց մարզում դատավորների լրացուցիչ հաստիքներ սահմանել՝ գոնե ստեղծված իրավիճակը մեղմելու համար։ Այլապես, զգուշացնում են, պատրաստ են նույնիսկ ծայրահեղ միջոցի՝ գործադուլի դիմել։






