
Կարմրուկով վարակվելու դեպքերի աճին զուգահեռ նաև այդ հիվանդության դեմ պատվաստվողների թիվն է ավելացել։ 46 հաստատված վարակակիրներից 43-ը պատվաստված չեն եղել կարմրուկի դեմ, 3-ը՝ մեկ դեղաչափ է պատվաստվել։ Առողջապահության նախարարությունը հորդորում է ժամանակին պատվաստվել՝ հետագա բարդություններից խուսափելու համար։ Պատվաստվելու հորդորներին զուգահեռ, սակայն, քիչ չեն նաև հակապատվաստումային կոչերը։ Որոշ շրջանակներում կարծում են՝ կարմրուկի տարածումը կեղծ օրակարգ է թելադրում և պատվաստանյութերը սպառելու հերթական փորձն է։
Հայաստանում կարմրուկով վարակվելու դեպքերն ավելանում են։ Այսօրվա դրությամբ ունենք 46 հաստատված վարակակիր, որոնցից 30-ը երեխաներ են, իսկ 16-ը՝ մեծահասակներ։ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հայտնեց, որ վարակակիրներից 43-ը պատվաստված չեն եղել, 3-ը՝ մեկ դեղաչափ է պատվաստվել միայն։ Կարմրուկը սուր-վարակիչ օդակաթիլային հիվանդություն է, որը հիմնականում սպառնում է երեխաներին, սակայն մեծահասակները նույնպես կարող են վարակվել։ Ընդ որում՝ մեծահասակների մոտ հիվանդությունն ավելի ծանր է ընթանում, ասում է Գայանե Սահակյանը․
«Վիրուսը բավականին կայուն է, այսինքն՝ մեր իմացած բոլոր վարակիչ հիվանդություններից, իր վարակելիությամբ ամենաառաջին ինֆեկցիոն հիվանդությունն է։ Մեկ հիվանդ մարդը կարող է վարակել 18-20 մարդու։ Նույնիսկ կորոնավիրուսի համավարակի պայմաններում մենք այսպիսի թվեր չենք հրապարակել, սա է պատճառը, որ շատ արագ ինքը գտնում է այն անձանց, որոնք վարակված չեն, իսկ եթե մարդը պատվաստված է, չի վարակվում»։
Ժամանակին պատվասվելը կարող է կանխել առառողջական հետագա խնդիրները։ Վերջին դեպքերը հենց դրա վառ ապացույցն են, նկատում է մասնագետը։ Սակայն գաղտնիք չէ, որ պատվաստվելու կոչերին զուգահեռ, քիչ չեն նաև հակափաստարկները։
ՔՊ կուսակցությունից ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ասում է, որ մեկ անգամ չէ, որ խոսել է պատվաստումների կեղծ լինելու մասին։ Մանկական պլանային պատվաստումներին Սոֆյա Հովսեփյանը դեմ չէ, սակայն դեմ է դրանց պարտադրմանը և ժամանակ առ ժամանակ հասարակության մեջ խուճապ առաջացնելուն։ Նա վստահ է, որ կարմրուկի տարածվածության մասին ահազանգը հերթական կեղծ օրակարգն է պատվաստանյութերի հերթական չափաբաժինը սպառելու համար․
«Վերջին հինգ տարվա ընթացքում կեղծ արհեստական պատվաստումների քարոզ է սկսվել։ Սկսվեց դա Գարդասիլից և շարունակվում է ամեն տարի մի թեմայով, որը ֆինանսական մեծ կոռուպցիոն մեխանիզմներ պարունակող պատվաստումներ են, որոնք պարտադրվում են տարիքով մեծ մարդկանց»։
Եթե Սոֆյա Հովսեփյանը համատարած պատվաստումների կոչերի մեջ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում, ապա «Ռադիոլուրի» մյուս զրուցակիցներն իրենց անձնական օրինակից ելնելով են զգուշանում պատվաստումներից․
«Անձամբ ես բոլոր պատվաստումները ստացել եմ և երբեք դեմ չեմ եղել, բայց հաշվի առնելով այժմյան ոչ բարեխիղճ վերաբերմունքը մարդկության հանդեպ, ես դեմ եմ։ Ես չգիտեմ՝ ինչ են պատվաստում, որովհետև մեր ընտանիքը տուժել է պատվաստումից, ցավոտ թեմա է, չեմ ուզում մանրամասնել»։
«Իմ սերնդակիցները ստացել են բոլոր պատվաստումները։ Ես ուսումնական հաստատությունում էի աշխատում, և աչքիս առաջ մեր ուսանողներից մեկը պատվաստումից անմիջապես հետո ալերգիկ շոկի մեջ ընկավ։ Երեխային ծանր վիճակում տեղափոխեցին հիվանդանոց»։
«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համանախագահ Ծաղիկ Վարդանյանը չի բացառում, որ պատվաստումները առանձին դեպքերում կարող են հակացուցված լինել, բայց դա չի նշանակում, որ անհաջող օրինակը պետք է ընդհանրացնել և պատվաստումների համընդհանուր հակաքարոզ տանել։ Մյուս կողմից էլ զրուցակիս պատասխանատուների նկատմամբ վստահության անկում է նկատում։ Ըստ նրա՝ հենց դա է պատճառը, որ մարդիկ սկսել են ավելի քիչ պատվաստվել․
«Եթե 2012 թվականին մինչև մեկ տարեկան երեխաների պատվաստման 95 տոկոս ընդգրկվածություն ունեինք, ապա 2019 թ–ին իջել է 89 տոկոս։ Սա արդեն պետք է ահազանգ լիներ պատասխանատուներին՝ ինչու է այս վիճակը, ինչու է ընդգրկվածությունն իջնում։ Այսօր պետք է գրագետ աշխատել պատվաստման հետ կապված խնդիրները նվազեցնելու ուղղությամբ ։ Կարմրուկը, կարմրախտը, հեպատիտ b–ն և մի շարք այլ վարակիչ հիվանդություններ վերահսկելի են, իմունիզացիայի ճիշտ իրականացման դեպքում ՀՀ–ում չեն ունենա կամ քիչ քանակությամբ դեպքեր կունենանք»։
Այնուամենայնիվ, կարմրուկի տարածմամբ պայմանավորված, քաղաքացիները կարծես ավելի զգոն են և շտապում են հետևել նախարարության հորդորներին։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն էլ է փաստում, որ պատվաստումների ակտիվություն կա։ Պատվաստվողները տարբեր տարիքային խմբերից են։ Պատվաստվել են նաև 300-ից ավելի բուժաշխատողներ, շուրջ 300 սերտ կոնտակտավորներ: Հայաստանում, ի դեպ, կարմրուկի դեմ պլանային պատվաստումներն իրականացվում են 1 և 6 տարեկաններում, մյուս տարիքային խմբերի համար պատվաստումը կամավոր է։




