
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն հունվարի 1-ից տուգանվում են բոլոր այն վարորդները, ովքեր մեքենաները չեն ապահովագրել: Ավտովարորդների պաշտպանության լիգային և վարորդներին, սակայն, դա չէ, որ անհանգստացնում է:
Տուգանքը տարածվում է անգամ այն մեքենաների վրա, որոնք վաղուց արդեն գոյություն չունեն, բայց դեռևս գրանցված են քաղաքացու վրա, հայտնեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Նման փաստի առաջ է կանգնել նաև ավտովարորդ Սարգիս Մաճկալյանը: Նա էլ 95 թվականին վաճառված “05” մակնիշի ավտոմեքենայի համար է տուգանվում: Վարորդները դիմում են վարչապետին, խնդրելով լուծել այս խնդիրը, քանի որ ճանապարհային ոստիկանությունը իրեն ազատել է գլխացավանքից և չի էլ փորձում օգնել այս քաղաքացիներին:
Դե իսկ տուգանքի չափն այժմ 5000 դրամ է, որը չմուծելու դեպքում 3 ամսվա ընթացքում կարող է հասնել 100.000-ի:




