
Սիրիայի Քեսաբ քաղաքում փետրվարի 6-ի երկրաշարժից և դրան հաջորդած մի քանի հզոր հետցնցումներից հետո վիճակն օր օրի ծանրանում է։ Քեսաբի հայ ավետարանական միացյալ վարժարանի տնօրեն Անի Թրթրյան Բոյմուշակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում է՝ փետրվարի 20-ի երկու հզոր հետցնցումների էպիկենտրոնը Քեսաբին շատ մոտ էր, երկրաշարժը վերապրած քեսաբահայերը դարձյալ տագնապի ու վախի մեջ են․
«Երկրորդ ուժեղ երկրաշարժն այլ էր, փառք Աստծո, որ լույս ժամի էր, քնած չէինք, բայց ցնցումն ու վախը նույնն էր։ Փառք Աստծո, հիմա լավ վիճակում ենք, բայց նախորդ օրերին բոլորն, ովքեր մեքենա կամ երեխա ունեին, տեղաշարժվում էին դեպի այնպիսի տեղեր, որտեղ շինություններ չկան։ Մեր տեղանքը շատ վտանգավոր է՝ ձորեր են, սարեր են։ Պետք էր մաքսիմալ ավելի անվտանգ տեղ գնալ»,– պատմում է Անի Թիթրյան Բոյմուշակյանը։
Քեսաբում, ի տարբերություն երկրաշարժից տուժած սիրիական մյուս քաղաքների, բարձրահարկ շենքեր գրեթե չկան։ Անին վստահ է, որ այս հանգամանքն է իրենց կյանքը փրկել, անկեղծանում է՝ ակտիվ սեյսմակայուն գոտում են ապրում, բայց ոչ ոք նման հզոր երկրաշարժերի պատրաստ չէր․

«Մտածեցինք՝ ինչպես կարող ենք օգնել այն ընտանիքիներին, որոնք մեքենաներ չունեն, տանը մնալն էլ ապահով չէ․․․ եկեղեցին բացեց դռները այդ մարդկանց համար, վառարանը վառեցինք և հայտարարություն տվեցինք, որ ովքեր տեղ չունեն գնալու կամ ապահով չեն զգում իրենց, ապա եկեղեցին բաց է նրանց համար»։
Սիրիահայ կինը պատմում է՝ աշխարհի սրտացավությունը ու տարբեր երկրներից Սիրիա հասած հումանիտար օգնությունը կենտրոնացած է խոշոր քաղաքներում, մասնավորապես՝ Հալեպում։ Անի Թրթրյան Բոյմուշակյանը տարակուսում է՝ ինչու՞ ոչ ոք Քեսաբի բնակիչներին, քեսաբահայությունը օգնության ձեռք չի մեկնում․
«Ես միշտ ասում եմ, որ երբ աղետը նոր է, դրա ցավը դեռ շատ չենք զգում, բայց մի որոշ ժամանակ անց ցավն ավելի է մեծանում մեր մտքերի, մեր հոգիների ու հիշողության վրա։ Մինչև այսօր ոչ մի օգնություն քեսաբահայերին ու Քեսաբի ժողովրդին չի հասել։ Ուզում ենք որ նաև դեպի մեզ նայեն»։
«Ռադիոլուրի» զրուցակիցը պատմում է՝ երկրաշարժից հետո շատերն իրենց ավտոմեքենաներում կամ ժամանակավոր կացարաններում՝ վրաններում են գիշերում։
Մարդիկ դրսում են գիշերում նաև Հալեպում։ Տեղի հայկական «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Չիլաբոշյանը «Ռադիոլուրնի» պատմում է՝ այստեղ էլ ինչպես հետցնցումները, այնպես էլ տագնապն ու վախը դեռ շարունակվում են․
«Հայկական բոլոր կառույցները, ավետարանական, կաթողիկե ու առաքելական միությունները իրենց սրահները բացել են, բոլոր հարմարությունները ստեղծել են մարդկանց համար, սնունդ են տրամադրում, որ մարդիկ կարողանան գիշերել այնտեղ։ Կան նաև տարբեր բարեգործական կազմակերպություններ, ոչ կառավարական մարմիններ, որ իրենց կարողությունները ներդնում են կարիքավորներին օգնելու համար»,– մանրամասնում է Զարմիկ Չիլաբուշյանը։
Երկրաշարժից հետո, այս օրերին Սիրիայի հայ համայնքում շատերն են մտածում հնարավորության դեպքում հայենիք՝ Հայաստան վերադառնալու մասին, ասում է Զարմիկ Չիլաբոշյանը։ Սակայն տնտեսական բազմաթիվ պատժամիջոցների տակ ու շրջափակման մեջ գտնվող երկրից դուրս գալու ելքերը շատ չեն․
«Վստահաբար, կան ընտանիքներ, որ ելքեր են փնտրում Հալեպից դուրս գալու համար, գիտեմ, որ կան ընտանիքիներ, որոնք Հայաստանում բարեկամներ ունեն, իրենք արդեն դուրս են եկել Լիբանանի տարածքով ու վերադարձել են Հայաստան։ Բայց թվային տվյալներ չունեմ․ դժվար է ասել՝ ինչքան մարդ կա, որ ցանկանում է հիմա դուրս գալ Սիրիայից»։
Այս օրերին Սիրիայից դեպի Հայաստան օդանավային փոխադրումներ առհասարակ չկան։ Սիրիական ճգնաժամից հետո Հալեպ–Երևան չվերթերը հիմնականում սեզոնային բնույթ են կրել։ «Ռադիոլուրի» սիրիահայ զրուցակիցներն ասում են՝ ամենակարճ ու հարմար ճանապարհը Լիբաբանի օդային տարածքն է։ Տարբեր տվյալներով՝ սիրիական ճգնաժամից հետո այդ երկրում՝ Հալեպում, Քեսաբում, Դամասկոսում 110 հազարից մնացել ու ապրում է շուրջ 20-30 հազար հայ։
«Միշտ հույս ունենք, որ ավելի լավ է լինելու, հույս ունենք, որ Աստված մեզ հետ է»․ Անի Թրթրյան Բոյմուշակյանն ասում է՝ չնայած աղետալի ցնցումներին, սիրիահայերը լավատես են։






