Քաղաքական

Բացակայում է լեզվի նկատմամբ պաշտամունքը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

«Լեզուն հայրենիք է. պետություն եւ լեզվաքաղաքականություն». այս խորագրով քննարկում է այսօր կազմակերպել ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն: Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձել են պետական լեզվական քաղաքականության, պաշտոնական եւ հրապարակային լեզվագործածության եւ լեզվակրթական խնդիրներին:

Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս Դավիթ Գյուրջինյանի կարծիքով` օրենսդրության առումով խնդիրներ չունենք, սակայն դրա գործնական կիրառման հարցում վիճակն անմխիթար է: Նա կարծում է, որ խնդիրը դպրոցական դասագրքերի, դասավանդման եւ այն միջոցների մեջ է, որոնք տրվում են ուսուցիչներին: Դավիթ Գյուրջինյանն առաջարկում է առավել ուշադրություն դարձնել գրավոր եւ բանավոր խոսքի ուսուցման հարցերին։

Պետք է ամբողջովին հրաժարվել դասագրքերի մրցույթի արատավոր մեխանիզմից, կարծում է Գյուրջինյանը: Բավականին ծավալուն ներկայացնելով իր դիտարկումները՝ նա եզրահանգեց, որ մինչեւ հանրությունն իր ուժերը չկենտրոնացնի եւ հայերենի լիարժեք իմացությունը պահանջ չդարձնի` պետությունը, տվյալ դեպքում` իշխանությունը, այդ գործում շահագրգիռ չի լինի։

Արվեստաբանության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանը նույնպես բանավոր խոսքի ուսումը կարեւորեց: Նա նկատեց, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր հայերեն հրապարակային խոսքի հետ, Երեւանի ստոր ժարգոնի ազդեցությունն է: Հենրիկ Հովհաննիսյանի գնահատմամբ` ժարգոնը դասակարգային է եւ այն հաղթում է։

Ամենաանհանգստացնողը հեռուստատեսության խոսքն է, նկատեց արվեստաբանության դոկտորը` հավելելով, որ այստեղ ոչ միայն ժարգոնն է հաղթում, այլեւ` հայերենին խորթ, արհեստական շեշտադրումները։ Ի՞նչն է պատճառը, որ բացակայում է լեզվի նկատմամբ պաշտամունքը: Ըստ էության այս հարցի պատասխանը տվեց «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Գարեգին Չուգասզյանը: Ինքնիշխանության համատեքստում խոսելով լեզվի նշանակության մասին` բանախոսը եզրահանգեց, որ յուրային կառավարում ունենալու դեպքում բոլոր խնդիրները հնարավոր կլիներ լուծել։

Նախախորհրդարանի համակարգողի գնահատմամբ` լեզվական քաղաքականության մեջ արդեն իսկ երեւում է, որ կա իր ժողովրդից խորթացած ապազգային կառավարում, որը սակարկում է հոգեւոր անկախությունը: Նա տվյալ դեպքում հասարակության խնդիրը համարեց, իր ձեւակերպմամբ, յուրային կառավարում ստեղծելը: Այս դիտարկումը մեզ հետ զրույցում չկիսեց հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը: Ասաց, սակայն, որ քննարկումներում արտահայտված մի շարք մտահոգություններ իր համար ընդունելի են։

Հանրապետական պատգամավորը նաեւ շեշտեց, թե հայերենին սպառնացող որեւէ վտանգ չի տեսնում` ՄՄ-ին անդամակցության առումով։

Back to top button