
Արդեն վեցերորդ օրն է՝ հայ փրկարարները տարբեր երկրների գործընկերների հետ Սիրիայում և Թուրքիայում շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։ Թուրքիայի Ադիյաման քաղաքում հայ փրկարարները, համագործակցելով ԱՄՆ որոնողական թիմի հետ, հայտնաբերել և փլատակներից դուրս են բերել 3 տուժածի։ Հայկական թիմի կինոլոգիական խումբը հատուկ վարժեցված փրկարար շան հետ ևս ակտիվորեն ներգրավված է որոնողափրկարարական աշխատանքներում։ «Ռադիոլուրը» զրուցել է Թուրքիայում և Սիրիայում աշխատող հայ փրկարարների հետ։
Թուրքիայում աշխատող հայ փրկարարների խումբը «Ռադիոլուրի» հետ զրույցի պահին նոր առաջադրանք ուներ։ Խմբի հրամանատար Հայկ Նաղդալյանը պատմում է՝ երկրաշարժից 1 շաբաթ անց փրկարարական աշխատանքները չեն դադարել, շարունակում են լարված աշխատել․
«Այս պահին մի տեղամաս ենք եկել, որտեղ կասկածում են, որ ողջ մարդ կա, հիմա մեր փրկարար շանն ենք ուղարկել, որ հետախուզություն անի, եթե ինչ–որ հետք նկատի, արդեն մենք կանցնենք մեր աշխատանքին»։

Հայ փրկարարները Թուրքիայի Ադիյաման քաղաքում են։ Բնակավայրի գրեթե կեսն ամբողջությամբ ավիրվել է՝ ասում է խմբի հրամանատարը, բարձրահարկ շենքերը փլատակների են վերածվել, հետցնցումներն ու նոր փլուզումների վտանգը ավելի են բարդացնում փրկարարների՝ առանց այն էլ բարդ աշխատանքը։
«Մեր աշխատանքները հիմնականում հենց փլատակների տակ են ընթանում, առաջին հերթին ողջ մնացած մարդկանց ենք փնտրում։ Այս պահին մեր թիմին հաջողվել է 3 ողջ մարդ և 9 դիակ դուրս բերել փլատակների տակից»,– ասում է Հայկ Նաղդալյանը։
27 փրկարար, հատուկ վարժեցված 1 շուն ու երեք բժիշկ․ միջազգային որակավորում ունեցող հայկական թիմն է։ Հրամանատարը պատմում է, որ իրենք ճամբար են խփել քաղաքի համալսարաններից մեկի բաց տարածքում՝ 6 վրանով, որտեղ նաև հայկական եռագույնն է ծածանվում։
«Մարդիկ հիմնականում դեռ փողոցներում են, մեքենաների մեջ են քնում։ Քաղաքը հոսանքազրկված է, հոսանք չունեն։ Այն շենքները, որոնք կանգուն են մնացել, մեծ ճաքեր ունեն, ու շատերը վախենում են, որ հետցնցումներից դրանք էլ կփլվեն»,– պատմում է հրամանատարը։
Հայկ Նաղդալյանն ասում է՝ մինչև աղետի գոտի մեկնելը, հիմնականւոմ պատկերացնում էին, թե ուր են մեկնում, սակայն տեղում արդեն պատկերն ավելի սարսափելի էր։ Աշխատանքը բավականին լարված ու բարդ է, նույնիսկ ամսաթվերն ու օրերի հաշվարկն են կորցրել:
«Փրկարարական թիմեր կան, որ արդեն գնացել են, երկրներ կան, որ հերթափոխ են կազմակերպել, թիմեր կան, որ արդեն ավարտել են աշխատանքը ու վերադարձել են։ Շուտով հավանաբար մենք էլ կվերադառնանք»։

Թուրքիայում աշխատելը բարդ է, այնուամենայնիվ հայ փրկարարներն անվտանգության հետ կապված խնդիրներ չունեն: Պատմում են՝ հասարակ բնակչությունը իրենց նույնիսկ լավ է վերաբերվում, շնորհակալ են իրենց օգնության հասած փրկարարներից․
«Մենք փրկարար ենք, մեր գործը մարդ փրկելն է, մենք մեր գործն ենք անում, մնացած ամեն ինչին ուշադրություն չենք դարձնում»։
Հարևան Սիրիայում՝ Հալեպ քաղաքում աշխատող հայ փրկարարների հրամանատար Սերգեյ Բիձյանը «Ռադիոլուրին» պատմում է՝ այս պահին Հայաստանից մեկնած փրկարարների խումբը աշխատանքները դադարեցրել է, օգնության կարիք կարծես այլևս չկա․

«Քաղաքի հիմնականում ծայրամասերն են ավերված։ Բնակիչները հիմնականում դրսում՝ վրանների տակ են գիշերում։ Այստեղ արտասահմանից եկած ոչ մի խմբի չի հաջողվել ողջ մարդկանց փլատակների տակից դուրս բերել, հիմնականում դիակներ ենք դուրս բերել։ Այստեղ շենք–շինությունները հիմնականում փոշիացված են»։
Սերգեյ Բիձյանը պատմում է նաև, որ աղետը վերապրած մարդիկ շատ երախտապարտ են արտասահմանից իրենց հասած օգնության համար, փորձում են ինչով կարող են օգնել փրկարարներին։
Թուրքիայում և Սիրիայում աշխատող հայ փրկարարները հավանաբար Հայաստան կվերադառնան փետրվարի 14-ին։ Վերջին տվյալներով Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը անցել է 36 հազարը, ՄԱԿ-ի տվյալներով, սակայն, զոհերի թիվը կարող է գերազանցել 50 հազարը։










