ԿարևորՀասարակություն

Սյունիքի մարզպետն այցելել է Հարժիս և Խոտ բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այցելել է Տաթև համայնքի Հարժիս և Խոտ բնակավայրեր։ Այցերի ընթացքում նրան ուղեկցել են Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը, մարզպետարանի ղեկավար կազմի անդամներ։

Գյուղերում մարզպետը հանդիպումներ է ունեցել բնակիչների ու վարչական ղեկավարների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերը, որոնք առնչվում էին տվյալ բնակավայրերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին։

Հարժիսում հրատապ հարցերի շարքում էին նոր դպրոցի շինարարության դադարը, գազիֆիկացման, ճանապարհների ասֆալտապատման, տրանսպորտից օգտվելու անհնարինության, մշակույթի տան նորոգման, վառելափայտի հայթայթման դժվարությունների, անասնաբուժական ծառայության հետ կապված խնդիրները։

Խոտ գյուղում տեղեկացրին, որ նոր ճանապարհի կառուցման իրացման գոտում հայտնված հողերի մի քանի տերեր փոխհատուցում չեն ստացել․ մարզպետի հանձնարարությամբ սեղմ ժամկետում կճշտվեն վնասի չափերը։ Այստեղ մարզի ղեկավարին ներկայացրին նաև արոտավայրերի, խմելու ջրի, գյուղատնտեսության հետ կապված խնդիրներ, ինչպես նաև երիտասարդների համար զարգացման կենտրոնի անհրաժեշտությունը։

Ռոբերտ Ղուկասյանը եղավ նաև Խոտի միջնակարգ դպրոցում, ծանոթացավ կրթօջախի պայմաններին, ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու այստեղ իրականացված ծրագրերին․ 172 աշակերտ ունեցող կրթօջախը լրացուցիչ մասնաշենքի կարիք ունի։

Այսօր մարզպետը կշարունակի աշխատանքը Տաթև համայնքում։

Կարդացեք նաև

Back to top button