ԿարևորՔաղաքական

«Խաղաղության օրակարգը» նորից ակտիվացրել է միջնորդներին

Շուրջ մեկ տարի  Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են «խաղաղության պայմանագրի» բովանդակության ու տեքստի շուրջ։ Ամեն ինչ սկսվեց 2022–ի մարտին, երբ պաշտոնական Բաքուն Երևանին փոխանցեց 5 կետից բաղկացած իր առաջարկները։ Փաստաթուղթը դրանից հետո մի քանի անգամ  փոխանակվեց կողմերի միջև՝  նոր լրացումներ ու առաջարկներ ներառելով։ Թեև դրանց բովանդակությունը չի հանրայնացվում, բայց գործընթացը, կողմերի հավաստմամբ, շարունակվում է։ Վերջին փոխանակումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» կետերի շուրջ Երևանն ու Բաքուն առաջարկներ փոխանակել են առնվազն 5 անգամ։ Բաքվի ներկայացրած  5 կետերին Հայաստանը պատասխանեց  իր 6 լրացումներով՝ հիմնավորելով, որ Ադրբեջանի առաջարկած կետերը չեն հասցեագրում հակամարտության բոլոր խնդիրները։ Թեև սրանից հետո ևս մի քանի նամակ է փոխանակվել, բայց այդպես էլ հարց է մնում՝ արդյոք Բաքուն ընդունել է իր հինգ սկզբունքներն ընդարձակելու, Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների խնդիրը ներառելու Հայաստանի առաջարկը: Բաքվից ստացված պատասխանների բովանդակությունը արտգործնախարար Միրզոյանը չի բացահայտում։

«Քաղաքական առումով նպատակահարմար չէ վերցնել առանձին որևէ դետալը և ասել՝ այս պահին ինչպիսին են դիրքորոշումները այդ հացի շուրջ, որովհետև վաղը կարող է բոլորովին այլ պատկեր լինի։ Որոշ հարցերում մոտեցնել դիրքորոշումները հնարավոր է եղել։ Հայկական կողմը ունի իր սկզբունքային հարցերը այս գործընթացում և այդ հարցերը, կարծում եմ, որ հրապարակավ բազմիցս ասել ենք։ Ըստ էության քննարկման փուլում ենք»։

Բաքվից ստացված պատասխանը Հայաստանի այն առաջարկների առնչությամբ է, որոնք փոխանցվեցին Բաքվին արդեն Լաչինի միջանցքի արգելափակման ժամանակ։ Թեև հենց այդ դեպքերի պատճառով Հայաստանը հետաձգեց «խաղաղության պայմանագրի» քննարկման արտգործնախարարների մոսկովյան եռակողմ հանդիպումը, բայց իր դիրքորոշումը Բաքվին այնուամենայնիվ փոխանցեց ։

«Սա ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը մեծ հաշվով կանգ չի առել, և մեկնաբանություններն ու առաջարկները շարունակվել են փոխանակվել։ Այժմ մենք հանդես կգանք մեր նոր մեկնաբանություններով ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա»։

«Խաղաղության պայմանագրով» Ադրբեջանի առաջադրած թեզերը հայտնի են գրեթե մեկ տարի առաջ հրապարակված փաստաթղթից ՝  երկու կողմից փոխադարձաբար ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ճանաչում, հաստատում, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և չեն ունենա նաեւ ապագայում, դելիմիտացիա եւ դեմարկացիա, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, ապաշրջափակում, համատեղ ծրագրերի իրականացում։

Մինչ կողմերը այս հարցերի շուրջ մոտ մեկ տարի դիվանագիտական նամակագրություն են ծավալում, ավելանում են փաստաթղթի ստորագրմանը խոչընդոտող սպառնալիքները։ Գործընթացի մեկնարկին  իրատեսական էր համարվում  անգամ փաստաթուղթը մինչև 2022–ի տարեվերջ ստորագրելը։ Այժմ կողմերը ժամկետեր չեն նշում։

«Անշուշտ, այդ բանակցությունների հաջող և ավելի հարթ ընթացքին ամենևին չեն նպաստում, եթե իհարկե, չասենք, որ խոչընդոտում են Ադրբեջանի շարունակական հակահայկական ռազմատենչ հռետորաբանությունը, ատելության քարոզը հայերի նկատմամբ՝ անկախ նրանից, դա ՀՀ–ն է, թե ԼՂ–ն, ինչպես նաև «գետնի վրա» ագրեսիվ գործողությունները, ՀՀ ինքնիշխան տարածք շարունակական ներխուժումները, մեր տարածքի օկուպացիան է շարունակում գոյություն ունենալ, ինչպես նաև ԼՂ–ում հումանիտար ճգնաժամի առաջացումը»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման հարցում առկա խոչընդոտները շատ հակիրճ բնութագրել է նաև Հայաստանի վարչապետը՝ ԱԺ հարցուպատասխանին։

«Փորձում են ճանապարհները բացելու գինը մեզ համար ավելացնել»։

Այս ֆոնին ակտիվանում են միջնորդական ջանքերը։ Երևանում  է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը, տեղի են ունեցել Միրզոյան–Լավրով և Պապիկյան–Շոյգու հեռախոսազրույցները, զուգահեռաբար  զրուցել են  Վաշինգտոնն ու Բաքուն։ Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական ՔերընԴոնֆրիդը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը:

Ուշագրավ է նաև կողմերի հետ ուղղակիորեն կապ չունեցող հեռախոսազրույցը։ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն են քննարկել մի շարք միջազգային թեմաներ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները: Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ քննարկվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը, գնահատվել հակամարտության կարգավորման ուղղությամբ շարունակվող ջանքերը և ընդգծվել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը»։

Իսկ այդ ընթացքում Թվիթերի միկրոբլոգում գրառում է արվել ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչության անունից։   

«ԵՄ-ի հետ համատեղ`Ֆրանսիան կշարունակի իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության զարգացման ջանքերում, այդ թվում` ԵԱՀԿ շրջանակներում։ Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին վերականգնել անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից արգելափակված Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը»։

ԵՄ–ն իր հերթին է  նոր առաջարկ արել՝ Վրաստանը դիտարկելով որպես լավագույն միջնորդական հարթակ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում։ Պաշտոնական Մոսկվան սրան համաձայն է, բայց՝ վերապահումով։

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը կողջունի Երևան-Թբիլիսի-Բաքու ձևաչափը, եթե այն նպաստի Անդրկովկասում հակասությունների կարգավորմանը և տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը։ Բայց եթե ձևաչափը թելադրվում է Բրյուսելի ու Վաշինգտոնի կողմից, որոնք փորձում են խափանել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա «դա այլ պատմություն է»։

Ռուս դիվանագետը հիշեցրել է, որ վերոնշյալ պայմանավորվածություններն են հիմք հանդիսանում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար։

Հայկական կողմը, խոսելով «խաղաղության պայմանագրի» իր նպատակների մասին, ընդգծում  է, որ կարևոր է ապահովել ԼՂ հայերի անվտանգությունը և իրավունքների պաշտպանությունը։ Դիվանագիտական նամակագրության փուլերից մեկում Հայաստանի Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը ակնարկել էր՝ փորձում են ԼՂ հարցը առանձնացնել  «խաղաղության պայմանագրից» և քննարկել առանձին փաթեթով։ Այս մոտեցման և ընդհանրապես  բանակցվող «խաղաղության պայմանագրի» մեջ լուրջ մարտահրավերներ են տեսնում ընդդիմադիր ուժերը։ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այս առումով նշել է․

«Չկա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, Արցախի ժողովրդի իրավունքների և ազատությունների անվտանգության պաշտպանության խնդիրը անհասկանալի է, թե ումից է ակնկալվում, ենթատեքստից պարզ է, որ դա Ադրբեջանն է: Եվ երրորդը, որ կարգավիճակի անվան տակ նրանք քողարկում են Արցախն Ադրբեջանի կազմում ինչ-որ մի ձևակերպմամբ՝ մշակութային ավտոնոմիա, եսիմ ինչ ինքնավարություն և այլն տանելու գործընթացը»։

Իսկ վերլուծական դաշտում հաճախ նշում են, որ առանց Ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավոր չի լինի հասնել խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ այդ հարաբերությունները ինքնին հետևանքն են հենց Արցախյան հիմնախնդրի։

Կարդացեք նաև

Back to top button