
Կառավարությունը հաստատել է զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը։ Որոշման նախագիծն այսօր է հավանության արժանացել գործադիրի նիստում։ Այդ որոշմամբ նաև սահմանվում են մարտական խնդիրների ու դրանց իրականացման պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը։ Նախագծի հեղինակները համոզված են, որ բանակում իրականացվող այդ փոփոխությունները մոտեցնում են պրոֆեսիոնալ բանակ ունենալու նպատակին։
Կառավարությունը սահմանել է զինվորականների՝ կամավոր և պարտադիր հիմունքներով ատեստավորման մասնակցելու ընթացակարգը։ Սահմանվել են այն գնահատվող ուղղությունները, որոնցով անցկացվելու է ատեստավորումը, ինչպես նաև ատեստավորման կազմակերպման ու անցկացման ընթացակարգերը, այդ թվում՝ ժամկետները, ատեստավորման արդյունքներով զինծառայողների գնահատման պայմանները։
«Ատեստավորումը ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեսթային գնահատումը, ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատումը»,– ասում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարի փոխանցմամբ՝ ատեստավորումն իրականացվելու է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված ատեստավորման 5 կենտրոններում՝ 10 հանձնաժողովների միջոցով։ Իսկ ի՞նչ առաջադրանքներ են պարունակում թեստերը։
«Թեսթային առաջադրանքը բաղկացած է լինելու 50 հարցից, ատեստավորված են համարվելու առնվազն 35 հարցին ճիշտ պատասխանած և ֆիզիկական, կրակային և շարային պատրաստությունից յուրաքանչյուրից առնվազն լավ գնահատական ստացած զինծառայողները»,– մանրամասնում է նախարարը։
Այսպիսով, սկսվում է զինծառայողների ատեստավորման գործընթացը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դրանց արդյունքներով, կախված պաշտոնից, կոչումից, հաստիքից, զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի։

«Խոսքը մինչև միջին զինվորական ծառայություն իրականացնող մեր գործընկերների մասին է»,– հստակեցնում է վարչապետը։
Կառավարության օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում քննարկվել և հաստատվել է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, ինչպես նաև դրա վճարման կարգը։
Սա այն ծրագիրն է, որով ժամկետային զինծառայողները վեց ամիս ծառայելուց հետո կարող են անցնել հնգամյա պայմանագրային ծառայության։ Նրանք նույնպես կարող են ատեստավորում անցնել և կրկնապատկված աշխատավարձ ստանալ, իսկ զորացրվելիս ստանալ նաև 5 մլն դրամ պետական աջակցություն։
Պաշտպանության նախարարի փոխանցմամբ՝ դա ներառում է նաև մինչև կրտսեր ենթասպայական կազմը։ Այս կազմում ատեստավորվածները կստանան սահմանված ամենաբարձր աշխատավարձի կրկնապատիկը․
«Մենք կրկնապատկել ենք այդ աշխատավարձը և, ըստ էության, մարտական հերթապահությունը, ներառյալ 211 հազար դրամ աշխատավարձը, կրկնապատկելով այն սահմանել ենք 442 հազար՝ մարտական հերթապահություն իրականացնելու պարագայում»։
Վարչապետը սա կարևոր է համարում, քանի որ, ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիները պետք է համազված լինեն, որ եթե որևէ մեկը զինվորականի համազգեստ է կրում, ուրեմն նա համապատասխանում է շատ կոնկրետ չափանիշերի։
Այս առումով՝ գնահատման սանդղակներն էլ պետք է փոխվեն, իհարկե, ոչ միանգամից, ասում է Նիկոլ Փաշինյանը․
«Էն, ինչը նախկինում համարել ենք գերազանց, հիմա պիտի համարենք բավարար, իսկ այն, ինչ պիտի համարենք գերազանց, դա մի բան է, որը մենք, պատկերավոր ասած՝ չենք տեսել»։
Կամավոր ատեստավորում չանցած զինծառայողները կշարունակեն ծառայությունը նախկին պայմաններով, ինչ-որ ժամանակ անց նրանց կրկին ատեստավորվելու հնարավորություն կտրվի։ Երրորդ հնարավորությունը չհաղթահարելու դեպքում ինչ-որ որոշումներ արդեն պետք է կայացվեն, ասում է Փաշինյանը։
Պաշտպանության նախարարը արձագանքում է վարչապետի այդ դիտարկմանը․
«Բարեփոխումն ամբողջությամբ իրականացնելու համար խնդիր ենք դրել՝ դա առավելագույնը անել երեք տարում։ Տարեկան երկու անգամ յուրաքանչյուր զինծառայող, ինչպես նշված է կարգում, հնարավորություն ունի դիմելու ատեստավորման համար։ Հիմա մենք բոլորին կտրամադրենք մասնագիտական նյութերը և երեք ամիս ժամանակ կունենան պատրաստվելու»։
Ատեստավորման գործընթացում կներգրավվեն նաև այլ գերատեսչությունների, հնարավոր է՝ նաև կազմակերպությունների ներկայացուցիչներ, խորհրդարանականներ։
«Պետք է վստահ լինել, որ այն որակական չափանիշերը, որոնք սահմանվել են, պահպանվում են»,-շեշտում է վարչապետը։ Նա տեղեկացնում է նաև, որ առողջապահության ապահովագրման համակարգ ներդնելուց հետո զինծառայողների առնվազն կրկնապատկվող աշխատավարձից որոշակի տոկոս, նախնական հաշվարկներով՝ 20-25 հազար դրամ, կհատկացվի առողջապահության ապահովագրությանը։Վարչապետը հստակեցնում է՝ զինծառայողներն այսօր էլ օգտվում են պետպատվերից, սակայն առողջապահության ապահովագրությունը ավելի կամրացնի սոցիալական երաշխիքները։ Նախագծի հեղինակները համոզված են, որ առաջարկվող փոփոխությունները կարևոր են պրոֆեսիոնալ բանակի անցնելու ճանապարհին։




