
80 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իննա Չուրիկովան: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Մարկ Զախարովի Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը։
Ըստ աղբյուրի, դերասանուհին մահացել է հունվարի 14-ին, հիվանդանոցում:
Ժողովրդական արտիստուհու վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենան հունվարի 17-ին հարազատ թատրոնում:
Իննա Չուրիկովան ծնվել է 1943 թվականի հոկտեմբերի 5-ին:
Դպրոցական տարիներին հաճախել է Մոսկվայի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի ստուդիան, 1965 թվականին ավարտել է Միխայիլ Շչեպկինի անվան բարձրագույն թատերական դպրոցը։
1965-1968 թվականներին աշխատել է Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1975 թվականից դարձել է Լենինի կոմսոմոլի թատրոնի դերասանուհի։
Չուրիկովան իր դեբյուտը կինոյում իրականացրել է 1960 թվականին՝ մարմնավորելով Ռայկային Վասիլի Օրդինսկու «Ամպերը Բորսկի վրա» ֆիլմում։
Նա բազմաթիվ դերեր ունի ամենահայտնի ֆիլմերում՝ «Ես շրջում եմ Մոսկվայով», «Երեսուներեք», «Անորսալի վրիժառուները»։
Գլեբ Պանֆիլովի հետ աշխատելը «Սկիզբը» ֆիլմում որոշեց Չուրիկովայի հետագա ստեղծագործական ճակատագիրը։ Դերասանուհին և ռեժիսորն ամուսնացան, իսկ ավելի ուշ Չուրիկովան նկարահանվեց Պանֆիլովի գրեթե բոլոր ֆիլմերում՝ «Խոսք եմ խնդրում», «Թեմա», «Վալենտինա», «Վասսա», «Մայրիկ», «Մեղավորներն առանց մեղքի»։ Նրանց վերջին համատեղ աշխատանքը «Իվան Դենիսովիչ» ֆիլմն էր, որը էկրան է բարձրացել 2021 թվականի սեպտեմբերին։
Չուրիկովան արժանացել է բազմաթիվ մրցանակների։ 1991 թվականին նրան շնորհվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում։




