ԿարևորՀասարակություն

Այց «Զինվորի տուն»․ Ֆրանսիայի ԱԺ նախագահը ծանոթացել է վերականգնողական կենտրոնի հնարավորություններին

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն վստահ է, որ առաջիկայում հնարավոր է նոր համագործակցություն հաստատել Փարիզի Հաշմանդամների տան և Երևանի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի միջև։ Կենտրոն այցելած ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյան շեշտում է՝ Ֆրանսիա վերադառնալուն պես գործուն քայլերի կանցնի համագործակցությունը նոր հարթության վրա տեղափոխելու համար։

«Երկու օր է, ինչ ես Հայաստանում եմ, բայց արդեն բազմիցս լսել եմ ՝ ինչպես են հիշատակում, որ ավելի ամուր համագործակցություն է պետք հաստատել «Զինվորի տան» և Ֆրանիսայի համանման կառույցի միջև։ Մենք այս ուղերձն անպայման կհասցնենք Ֆրանսիա և ապագայում գուցե ավելի սերտ համագործակցություն լինի։ Երբ Հայաստանի ԱԺ նախագահը պաշտոնական այցով ժամանի Ֆրանսիա, ես անպայման այդ հարցը կարծարծեմ և իր հետ կայցելեմ Հաշմանդամների տուն»,– ասում է Յաել Բրոն-Պիվեն։

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի և Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ շրջում է կենտրոնում, ծանոթանում զինհաշմանդամների համար ստեղծված պայմաններին։ Յաել Բրոն-Պիվեն ասում է, որ հաճելիորեն զարմացած է տեսածից։

«Ես տեսա, թե ինչպիսի բարձրակարգ ժամանակակից սարքավորումներով է հագեցած այս կենտրոնը։ Կան սարքեր, որոնք ես իմ այցելած որևէ այլ երկրում չեմ տեսել»։

Այն մարդկանց, որոնք կռիվ են տալիս երկրի ու ազատության համար, միայնակ թողնել չի կարելի, ընդգծում է Ֆրանսիայի խորհրդարանի խոսնակը։ Ասում է, որ այցը պլանավորելիս հենց ինքն է կարևորել «Զինվորի տուն» այցելությունը։

«Ամեն անգամ, երբ ես որևէ երկիր եմ այցելում, շատ կարևորում եմ այդ երկրում երիտասարդների հետ հանդիպումները։ Այս դեպքում, հաշվի առնելով նաև Հայաստանի իրավիճակը, շատ կարևոր էր, որ Ազգային ժողովի պատվիրակությունը նաև ձեզ հետ հանդիպում ունենար, որպեսզի մենք կարողանանք մեր հարգանքի տուրքը մատուցել ձեզ այն ամենի համար, ինչ արել եք դուք ձեր երկրի համար։ Դուք այն մարդիկ եք, որոնք կարողացել են պայքարել ազատության ու ժողովրդավարության համար»,– ասում է ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնիան։

Ֆրանսիացի խորհրդարանականները հանդիպում են նաև վերականգնողական կենտրոնում բուժվող զինվորների հետ, ծանոթանում այն հնարավորություններին, որ ստեղծված են «Զինվորի տան» բնակիչների համար։ Յաել Բրոն-Պիվեն կարևորում է, որ կառուցը ոչ միայն բուժօգնություն, այլև սոցիալական ու կրթական մեծ օգնություն է տալիս զինհաշմանդամներին։

«Շատ շնորհակալություն ձեզ ձեր մղած պայքարի համար։ Դուք նույնիսկ կարող եք ինքներդ ձեզանով հպարտանալ։ Շատ կարևոր է, որ մենք կարողանանք աջակցել ձեզ ապաքինվելու ընթացքում։ Դուք արդեն ապացուցել եք, որ երբեք հետ քայլ չեք անի, դուք այդ տեսակն եք, շարունակեք նույն ոգով»։

Այս այցը էլ ավելի է ամրացնելու այն կապերը, որ գոյություն ունեն Ֆրանսիայի ու Հայաստանի միջև՝ վստահեցնում է Ֆրանսիայի խարհրդարանի նախագահը։ Արդեն հրաժեշտին զինվորները Յաել Բրոն-Պիվեին իրենց ձեռքի աշխատանքը՝ թիթեռներից պատրաստված կոմպոզիացիան են նվիրում։  Ազգային Ժողովի նախագահը խոստանում է այն հենց իր աշխատասենյակում պահել։

Կարդացեք նաև

Back to top button