ԿարևորՀասարակություն

Վթարների «մեղավոր» են ոչ միայն վարորդները, այլև ճանապարհները․ դատախազությունն ուսումնասիրություն է իրականացրել

Հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը տարեցտարի ավելանում է։ Վիճակագրական աճող կորը բեկվել է միայն 2020–ին՝ քովիդ սահմանափակումների ու ազատ տեղաշարժի սահմանափակման «շնորհիվ»։ «Ռադիոլուրը» նախօրեին անդրադարձել էր վերջին տարիների մտահոգիչ վիճակագրությանը, ներկայացրել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների կարծիքը։ Այսօր թեմայի շուրջ լսել ենք դատախազության պարզաբանումները։ Կառույցը յուրաքանչյուր տարի վերլուծություն է իրականացնում՝ վթարների՝ առավել հաճախ հանդիպող պատճառներն առանձնացնելով ու պատասխանատու գերատեսչություններին առաջարկներ ներկայացնելով։ «Ռադիոլուրի» հետ զրույցում դատախազության ներկայացուցիչը վստահեցրել է՝ միշտ չէ, որ վթարների մեղավորը վարորդը կամ հետիոտն է, մեղավորության իրենց բաժին ունեն նաև ճանապարհները։

2019-ին 267 հազար, 2020-ին 137 հազար, իսկ 2021-ին 180 հազար ավտոմեքենա է հաշվառվել, այլ ձևակերպմամբ, ավելացել հայաստանյան ավտոճանապարհներին։ ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրել ու վերլուծել են վերջին տարիներին հանրապետությունում ավտովթարների թվի ավելացման պատճառները․ դրանցից մեկը նաև մեքենաների թվի կտրուկ ավելացումն է։ Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություններին գործերով վարչության պետի տեղակալ Աբգար Առաքելյանը հավելում է՝ մեքենաների քանակի ավելացման հետ աճում է վարորդական իրավունք ձեռք բերող մարդկանց թիվը, օրինակ 2021-ին ավելի քան 110 հազար մարդ վարորդական վկայական է ստացել։ Չնայած այս ամենին դատախազությունում դրական միտում ևս նկատում են։ Մասնավորապես, երթևեկության մասնակիցների իրավագիտակցությունը, ըստ Առաքելյանի, բարձրացել է։

«Համեմատության համար կարող եմ ասել, որ 2022թ․–ին, օրինակ, ունենք ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահվան դեպքերի նվազում՝ անցնող տարի 319 մահվան դեպք ենք ունեցել 2021-ի 368 դեպքի փոխարեն, այսինքն՝ 49 դեպքով նվազել է։ Եթե այս ցուցանիշին համադրենք, թե որքան տրանսպորտային միջոց է ավելացել 2022թ․–ին,  ապա կարող ենք ասել, որ զգայի նվազում ունենք, իհարկե ցանկալի արդյունքը էլ ավելին է»,– ասում է Առաքելյանը։

2023-ի առաջին 10 օրերի ընթացքում արդեն 15 մարդ է մահացել  ավտովթարների հետևանքով։ Մտահոգիչ վիճակագրությանը «Ռադիոլուրը» արդեն անդրադարձել է։

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ու ճանապարհային երթևեկության փորձագետները շեշտում ու պնդում են, որ մեր ավտոճանապարհներն ավելի անվտանգ չեն դառնա, քանի դեռ պետությունը հույսը դրել է միայն տուգանելու վրա։ Ըստ նրանց՝ նախորդ տարիներին  ներմուծված արագաչափերը ու տեսանկարահանող սարքերը մեծ արդյունք չեն ապահովել, ավելի թիրախային պայքար է պետք։

Տվյալները՝ ՀՀ Գլխավոր դատախազությունից

Գլխավոր դատախազությունում ամեն տարի ճանապարհատրանսպորտային պատահարների մասով առանձին ուսումնասիրություն ու վերլուծություն են իրականացնում, դուրս բերում դժբախտ պատահարներ ծնող ամենահաճախ հանդիպող պատճառները։ Աբգար Առաքալյանը մանրամասնում է՝ պատճառներից հիմնականները, իհարկե, երթևեկության կանոնների խախտումները, սահմանված արագության գերազանցումն ու ոչ սթափ վիճակում մեքենա վարելն են։

«Ճանապարհատրանսպորտային վթարների պատճառ են հանդիսացել նաև ավտոճանապարհների՝ համապատասխան ճանապարհային զգուշացնող նշաններով ոչ բավարար կահավորված լինելը․ այս խնդիրը հիմնականում վերաբերում է Երևան քաղաքին։ Պատճառներից է նաև գիշերային ժամերին ոստիկանական ծառայության գրեթե ամբողջությամբ բացակայությունը, ինչպես նաև տեխզննում չանցած, երթևեկության հետ անհամատեղելի անսարքություն ունեցող մեքենաների երթևեկությանը մասնակցելը»,– ասում է Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություններին գործերով վարչության պետի տեղակալ Աբգար Առաքելյանը։

Տվյալները՝ ՀՀ Գլխավոր դատախազությունից

Անցած 2022թ ընթացքում մեր հանրապետությունում շուրջ 4300 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել։ Վերջին տասնամյակում այս թիվը աճման միտում ունի, վիճակագրական կորը դեպի նվազում բեկվել է միայն 2020–ին քովիդ համավարակի հետևանքով մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակող միջոցառումներից ելնելով։ Վիճակագրական տաբեր տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր 4-րդ ավտովթարը վրաերթ է։ Դատախազությունում ևս արձանագրում են հետիոտների՝ ոչ թույլատրելի վայրերով անցնելը, նրանց անուշադրությունը ևս հաճախ խոշոր վթարների պատճառ են դառնում։ Աբգար Առաքելյանը, սակայն,  նկատում է՝ միշտ չէ, որ վթարի մեղավորը վարորդը կամ հետիոտն է, հաճախ մեղավորության իր բաժինն ունի  նաև ճանապարհը։

«2021-2022թթ ունենք դեպքեր, երբ քրեական վարույթները նախաձեռնվում են ոչ միայն վարորդի կողմից ՃԵԿ կանոնների խախտումով մահ առաջացնելու հիմքով, այլ նաև ճանապարհներին շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում տարբեր կանոններ խախտելու դեպքերի վերաբերյալ»։   

Նմանատիպ դեպքերի մասով դատախազությունը միջնորդագրեր է ներկայացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը նկատած թերությունները վերացնելու համար։ Օրինակ՝ Երևան–Գյումրի–Բավրա ավտոճանապարհի տարբեր հատվածներում Հյուսիս–հարավ ավտոճանապարհի կառուցմամբ պայմանավորված կտրուկ շրջադարձերը, գծանշումներով, նշաններով թերի կահավորված լինելը կամ վատ լուսավորված լինելը, ըստ դատախազության ուսումնասիրության, վթարների պատճառ են եղել։

«Մեկ այլ միջպետական ավտոճանապարհի վրա՝ Երևան–Արմավիր հատվածում, գյուղատնտեսական, դաշտային հատվածներից մայրուղի դուրս եկող ճանապարհները կտրուկ վերելքներ ունեն, ինչը նվազեցնում է տեսանելիությունը թե՛ մայրուղի դուրս եկող վարորդի, թե՛ մայրուղով երթևեկով վարորդի համար․ սա ևս վթարների պատճառ է դառնում»,– մանրամասնում է դատախազության ներկայացուցիչը։

Առաքելյանը վստահեցնում է՝ դատախազության դիտարկումներն ու առաջարկները անպատասխան չեն մնում, բայց երթևեկությունն ամբողջությամբ անվտանգ լինելուց դեռ շատ հեռու է,  անհրաժեշտ միջոցառումները քայլ առ քայլ իրականացվում են։ Դատախազությունում ավելի կարևոր ու առաջնահերթ համարում են երթևեկության մասնակիցների կարգապահության, իրավագիտակցության բարձրացումը։

Կարդացեք նաև

Back to top button