
Կառավարությունը հավանություն տվեց 1998 թվականի հուլիսի 17-ին Հռոմում ստորագրված` «Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը» վավերացնելու և դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» որոշմանը : Հռոմի կանոնադրությունն այն փաստաթուղթն է, որի՝ Հայաստանի կողմից վավերացված չլինելը խանգարում է Միջազգային քրեական դատարան դիմելուն։
Հռոմի կանոնադրության վավերացման հարցը օրակարգ բերելով՝ Երևանը հիմքեր է ստեղծում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները Հաագայի դատարանում քննության առարկա դարձնելու համար։ ՀՀ վարչապետին ՄԻԵԴ ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պարզաբանեց, որ եթե ՍԴ դրական որոշում կայացնի և վավերացման գործընթացն իրականացվի ապա ՀՀ սուվերեն տարածքի դեմ ագրեսիա իրականացնելու հարցով կկարողանանք դիմել Հաագայի ՄՔԴ և պատասխանատվության ենթարկել հանցագործներին։
Կառավարությունը հավանություն տվեց «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրեց հարցը, բացատրեց, որ թեև Հայաստանը կանոնադրությունը ստորագրել է 1999 թվականին, սակայն այն չի վավերացվել, քանի որ Կանոնադրությամբ ստանձնվող որոշ պարտավորություններ ճանաչել էին 1995 թվականի Սահմանադրությանը հակասող։ Այժմ պետք է ևս մեկ անգամ դիմել ՍԴ կանոնադրության 2015թվականի փոփոխված սահմանադրությանը դրա համապատասխանության հարցը պարզելու համար , որպեսզի վավերացման գործընթաց սկսվի։ Գործընթացը ընդհատվել էր 2004 թվականին քանի որ չէր համապատասխանում Հռոմի ստատուտը ՀՀ սահմանադրությանը։
«Կանոնադրության նպատակն է Միջազգային քրեական դատարանի հիմնադրումը, որը պետք է քննի կանոնադրությամբ նշված առավել ծանր հանցագործությունները՝ բացառելու համար դրանք կատարած անձանց անպատժելիությունը և նպաստելու այդպիսի հանցագործությունների կանխմանը:
Կանոնադրության 5-րդ հոդվածը սահմանում է դատարանին ընդհատյա հանցագործությունների շրջանակը: Դրանք են ցեղասպանության հանցագործությունը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, պատերազմական հանցագործությունը, ագրեսիայի հանցագործությունը»:
Կանոնադրության վավերացման և իրավազորության ճանաչման անհրաժեշտությունը և հրատապությունը պայմանավորված է 2021թ. մայիսից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ իրականացված ադրբեջանական ռազմական ագրեսիայով, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածների ուղղությամբ իրականացված նոր լայնածավալ ռազմական ագրեսիայով, որը հանգեցրեց հարյուրավոր զոհերի այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում, և որի ընթացքում կատարվեցին ծանրագույն պատերազմական հանցագործություններ և տեսանյութերը տարածվեցին համացանցում։
Դատելով Ադրբեջանի կողմից դրսևորած պահվածքից և կատարած ռազմատենչ հայտարարություններից, Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ նոր ռազմական ագրեսիայի իրականացման ռիսկը շարունակում է մնալ բարձր ասաց արդարադատության նախարարը։
Նման պայմաններում ՀՀ-ի կողմից ՄՔԴ կանոնադրության շուտափույթ վավերացումն ըստ Գրիգոր Մինասյանի շատ կարևոր է, քանի որ ՀՀ կողմից Կանոնադրությունը վավերացնելուց հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում կատարված և Կանոնադրությամբ նախատեսված հանցագործություն, այդ թվում նաև պատերազմական հանցագործություններ, ենթակա են լինելու ՄՔԴ իրավազորությանը, ինչը միանշանակ կհանդիսանա կանխարգելիչ և զսպող միջոց Ադրբեջանի համար։
Հռոմի ստատուտի վավերացումը ենթադրում է նաև դատարանի հետադարձ իրավազորություն, ինչը նշանակում է, որ այն կարող է տարածվել նաև նախկինում տեղի ունեցած դեպքերի վրա։ Դրա համար շեշտվում է ՄՔԴ իրավազորությունը 2021 թվականի մայիսի 12-ի ժամը 00։00-ից ի վեր տեղի ունեցած ռազմական հանցագործությունների մասին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան․
«Այս որոշմանը հանգել ենք երկար քննարկումների արդյունքում: Հույս ունեմ, որ ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանության հարցը կորոշի, քանի որ երկու անգամ փոփոխվել է սահմանադրությունը և այլևս խոչընդոտ չպետք է ունենանք»:
Փաշինյանը հարց ուղղեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին՝
«Արդյո՞ք եթե այս կանոնադրությունը վավերացվի, ՀՀ ինքնիշխան տարածքների ագրեսիայի մասով միջազգային քրեական դատարանում գործ հարուցելու հնարավորություն ենք ստանում:
«Այո, Հայաստանի տարածքում, դատարանի իրավազորությանը ենթակա պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ցեղասպանության կատարման հետ կապված քրեական պատասխանատվության հարցն է բարձրացվելու միջազգային քրեական դատարանի առաջ»:
Արտաքին գործերի նախարար Արարարտ Միրզոյանը ի հավելումն միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին նշեց, որ ամենևին նշանակություն չունի Ադրբեջանը վավերացրել է Հռոմի ստատուտը թե ՝ոչ , ՍԴ–ի կողմից որոշում կայացվելուց հետո ՀՀ կկարողանա դիմել Հաագայի ՄՔԴ։
«ՍԴ դրական արձագանքի դեպքում մենք ՄՔԴ գործիքակազմը ներգրավելու ենք որպեսզի պատասխանատվության ենթարկենք հանցագործին պատերազմական հանցագործությունների համար, անկախ նրանից հակառակ կողմը այդ պայմանագրի անդամ է թե՝ոչ»:
Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումով մենք կարողանում ենք որոշակի պաշտպանություն ստեղծել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, ավելացրեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Ցավոք սրտի, Հայաստանի սուվերեն տարածքը շարունակում է հարևան երկրի կողմից դիտարկվել որպես սպառնալիք ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ: Իհարկե, այս կանոնադրությունը չի սահմանափակելու կամ հերքելու այդպիսի նպատակները, բայց կարևոր է, որ այն մեսիջ է ուղղելու, որ ՀՀ սուվերեն տարածքը և ՀՀ քաղաքացիները գտնվում են այս կանոնադրության իրավազորության ներքո: Դա կարեւոր մեսիջ է նաեւ միջազգային հանրության համար»։
Կառավարության կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու գործընթաց սկսելու որոշմանը զուգահեռ լրագրողները շտապում են ճշտել ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանից արդյո՞ք Լաչինի միջանցքի մասով պաշտոնական Երևանը կդիմի Հաագայի դատարան։
«Միջազգային իրավական ներկայացուցչի գրասենյակը դեռ մի քանի մօր առաջ նամակ էր ուղարկել Հաագայի դատարանին ներկայացնելով իրավիճակը և ներկայացնելով, որ այդ շրջափակումն իրականացվում է Արցախում ապրող հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական էթնիկ ատելության հիմքով»։
Միջազգային կարևոր դերակատարներ ու կազմակերպություններ ուղիղ և հասցեական գնահատականներ են հնչեցրել նաև ՄԱԿ ԱԽ-ում՝ ելույթների ձևով․․․ Շարունակվող շրջափակումն ըստ Քրիստինե Գրիօգորյանի հիմք է տալիս պնդելու, որ գնահատականներն այլևս չեն բավարարում, որովհետև իրավիճակը չի փոխվում և անհրաժեշտ է անցնել գործողությունների: Մասնավորապես ՀՀ ՄԻՊ-ը շեշտեց, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել ուղարկել փաստահավաք առաքելություն Լաչինի միջանցք՝ տեղում իրավիճակը հասկանալու և իր հետևությունների համար հիմք ունենալու համար:




