
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփփել է 2013 թվականի կրթական և մշակութային ոլորտներում կատարած աշխատանքները և ներկայացրել այս տարվա անելիքները: Անցած տարի ավելացել են երաժշտական կրթօջախներ այցելողների, ինչպես նաև մանկապարտեզ հաճախող փոքրիկների թիվը: Քաղաքապետարանի աշխատակիցն անդրադարձել է նաև մանկապարտեզում առկա խնդիրների և հերթագրված երեխաների ընդունելությանը:
Այս տարի էլ, ինչպես նախորդ տարի, բյուջեով նախատեսված հատկացումների շնորհիվ մանկապարտեզները կլինեն անվճար, սակայն թե ինչպես է կատարվում հերթագրված երեխաների ընդունելությունը, դա էլ արդեն ծնողները գիտեն: «Գաղտնիք չէ, որ այսօր «մաղարիչով» կամ էլ լավ ծանոթ-բարեկամի միջոցով է կատարվում ընդունելությունը: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը վերջին տարբերակը չհերքեց, սակայն ավելացրեց:
«Եթե այդ սահմանված գնի հետ կապված ունեք մի հավաստի տեղեկություն, կխնդրեմ փոխանցել ինձ, թե չեք ուզի ինձ փոխանցել, կխնդրեմ թեժ գծին արձագանքել, որովհետև Ձեր ասած մոտեցումն անակնկալ է: Դեմ չեմ, եթե առկա է եղել Ձեր ասած ծանոթ-բարեկամի սկզբունքը»:
2013 թվականին նախորդ տարիների հետ համեմատ աճել է մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը: Եթե 2012 թվականին նրանց թիվը 29800 էր, ապա 2013-ին այն 30864 էր: Այս տարի արդեն հերթագրվել են 6000 երեխաներ, որոնց համար էլ քաղաքապետարանը նախատեսում է նախկինում մասնավոր ընկերություններին հանձնված մանկապարտեզները հետ վերցնել և ընդլայնել դրանց թիվը: Նախորդ տարի նախադպրոցական ուսումնական հաստատությունները համալրվել են նոր գույքով և կենցաղային իրերով:
2013-ին աճել է նաեւ մշակութային կրթօջախներում սովորող երեխաների թիվը։ Նախորդ տարի այս դպրոցներում գրանցվել են դրամահավաության դեպքեր, որի առնչությամբ էլ քաղաքապետարանն ու կրթության նախարությունը երևույթը կանխելու ուղղությամբ մշակում են ծրագիր: Սա կրթական մասով, իսկ մշակույթի ոլորտում ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կկազմակերպվեն համաքաղաքային միջոցառումներ նվիրված «Վերջին զանգին», Երեխաների պաշտպանության, Աշխատանքի ու աշխատավորների միջազգային օրերին:
Մայիսի մեկին իր դռները կբացի Կենդանաբանական այգին, որտեղ փոքրիկ այցելուների համար մուտքն անվճար կլինի։ Քաղաքապետարանի աշխատակիցը նշում է, որ այս տարի Կենդանաբանական այգու վերանորոգման և կենդանիների վանդակների ավելացման համար կհատկացվի 300 միլիոն դրամ:
Ապրիլի 30-ին կնշվի Ջազի միջազգային օրը, որին մասնակցելու հայտեր են ներկայացրել նաև մեր հարևան պետությունների ներկայացուցիչները: Քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել նաեւ եռամյա ծրագրի շրջանակներում վերականգնել Էրեբունի պատմահնագիտակա արգելոց- թանգարանի բերդապարիսպները: Կկառուցվի նաև ամֆիթատրոն, որտեղ էլ զբոսաշրջիկների համար կցուցադրվեն թանգարանում պահվող նյութերը։




