
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր կժամանի Թուրքիա։ Սիրիական ճգնաժամի լուծմանն առնչվող խնդիրներին զուգահեռ՝ քննարկվելու են նաև այլ հարցեր, այդ թվում՝ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության և Հայոց ցեղասպանության հարցերը,-գրել են թուրքական պարբերականները: Հիշեցնենք՝ 2012-ին Ֆրանսիայի սահմանադրական դատարանի կողմից ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հակասահմանադրական ճանաչվելուց հետո Օլանդը նախագահական ընտրությունների ընթացքում խոստացել էր, որ սատարելու է քրեականացման օրինագծին։ Ի դեպ, նկատենք, որ սա լինելու է 22 տարվա ընդմիջումից հետո երկրի ղեկավարի մակարդակով Ֆրանսիայի նախագահի առաջին այցը Թուրքիա:
Օլանդը լինելու է Անկարայում և Ստամբուլում։ Նա հյուրընկալվելու է նախագահ Աբդուլլահ Գյուլին, նաև՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ստամբուլում նա հանդիպելու է Գալաթասարայի համալսարանի ուսանողների հետ, մասնակցելու է թուրք-ֆրանսիական գործարար համաժողովին։ Ենթադրվում է, որ հանդիպումների օրակարգային հարցերից մեկը լինելու է Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության հարցը։




