Հասարակություն

Սուրբ Պատարագ՝ Բանակի օրվա առթիվ

Բանակի օրվա առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվել է Սուրբ Պատարագ:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, պատարագիչն էր Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմը, Հայկական Բարեգործական Ընդհանուր միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը և ՀԲԸՄ անդամներ:

Ս. Պատարագի ավարտին Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է Հանրապետական մաղթանք` ի շինություն և ի պայծառություն Հայաստան աշխարհի ու Հայոց բանակի: Հանրապետական մաղթանքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել ներկաներին՝ մեկ անգամ ևս ամենքին շնորհավորելով Հայոց բանակի 22-րդ տարեդարձի առիթով:

Իր խոսքում Նորին Սրբությունը գոհունակությամբ նշել է, որ Հայոց բանակն իր զինվորների ու զորականների անձնվեր ծառայության շնորհիվ այսօր ապահովում է երկրի խաղաղությունը` անվրդով կյանք ստեղծելով մեր ժողովրդի ու Հայրենիքի համար: Վեհափառ Հայրապետը ՀՀ Զինված ուժերի սպասավորներին մաղթել է Տիրոջ օրհնության ներքո երկար տարիների քաջառողջ կյանք, արդյունավոր ծառայություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի սեր Մայր Հայրենիքի և ի փառս մեր ժողովրդի:

Այնուհետև տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն: Ի գնահատություն Հայրենիքին ու հավատավոր ժողովրդին մատուցած ծառայությունների, Վեհափառ Հայրապետը Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի միջնորդությամբ Հայ Եկեղեցու «Սբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով է պարգևատրել գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանին, տիար Գառնիկ Հայրապետյանին, գնդապետ Դանիել Բալայանին և գնդապետ Օնիկ Գասպարյանին: Հայրապետական սրբատառ կոնդակն ընթերցել է Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Back to top button