
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
2014 թվականին կնկարահանվի Հայոց ցեղասպանությանը նվիրված երկու վավերագարկան ֆիլմ, սակայն նույն թեմային նվիրված խաղարկային ֆիլմի վերաբերյալ Հայաստանի ազգային կինոկենտրոնն առայժմ հստակ որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրել: Կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն այսօր նշել է, որ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովում հարցը դեռ քննարկման փուլում է: Ազգային կինոկենտրոնի տնօրենն այսօր խոսել է նաև 2014-ի կարևոր կինոնախագծերի մասին:
«Բանտարկված հոգիներ» և «Հիշատակի պատը». ցեղասպանության թեմային նվիրված երկու վավերագարկան ֆիլմեր, որոնք պատաստ կլինեն մինչև 2015 թվականը: Հյաստանի ազգային կինոկենտրոնն առաջին նախագիծն իրականացվում է «Բարս մեդիա» ստուդիայի հետ համատեղ, ռեժիսոր Վարդան Հոնհաննիսյան, երկրորդի ռեժիսորը Արամ Շահբազյանն է: Հայոց ցեղասպանության թեմային նվիրված խաղարկային ֆիլմի շուրջ առայժմ լռություն է:
«Պետական հանձնաժողովի քննարկման են ներկայացվել 6 նախագծեր, որոնց վերաբերկյալ դեռ որոշում չի կայացվել»:
«Արդյոք ժամանակը բավարար է ցեղասպանության թեմային նվիրված լուրջ կինոնախագիծ իրականացնելու համար, եթե հաշվի առնենեք, որ 2015 թվակաինի ապրիլը սարերի ետևում չէ: Ազգային կինոկենտրոնի տնօրեն այս առումով մտավախություն ունի, բայց նաև նշում է, որ ցանկացած դեպքում ֆիլմը պետք է իրականություն դարձնել: Իսկ մինչ այդ 2014 թվականի կարևորագույն կինոնախագծերի մասին: Կինոկենտրոնն ավարտին կհասցնի ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Լուսավոր շրջան» ֆիլմը, որը հայ-նորվեգական համատեղ նախագիծ է: Կփորձեն հանդիսատեսի դատի անձնել նաև Սոս Սարգսյանի համանուն պատմվածքի հիման վրա նկարահանվող «Լակոտը» ֆիլմը, ռեժիսոր Ալբերտ Մկրտչյան: Երիտասարդ ռեժիսոր Արա Առուշը պատրաստվում է նկարահանել ֆիլմ Բրյուս Լիի մասին: Վերջինի կինն արդեն տեղյակ է և հավանություն է տվել նախագծին: Վիգեն Չալդրանյանի Կոմիտասին նվիրված «Իմ քաղաքի առասպելները» ֆիլմը ևս 2014-ի կարևորարագույն կինոնախագծերից է:
Կինոոլորտին հատկացված կես միլիոն դոլարի շրջանակներում կինոկենտրոնը 2014-ին նախատեսում է ավարտին հասցնել 12 ֆիլմ: «Նման բյուջեով Հայաստանից բացի աշխարհում որևէ պետություն կինո չի ստեղծում»,-ասում է Գևորգ Գևորգյանը, միաժամանակ նշելով, որ հայ կինոգործիչներն արդեն տիրապետում են սուղ միջոցներով ֆիլմեր ստեղծելու վարպետությանը: Կինոյին հատկացված սուղ միջոցների զգալի հատվածը տրամադրվում է երիտասարդ ռեժիսորների դեբյուտային ֆիլմերին:
«Նոր փարաջանովներ ու փելեշյաններ հայտանաբերելու համար երիտասարդներին դրսևորվելու հնարավարորություն պետք է տալ»,-համոզված է կինոկենտրոնի տնօրենը: 2013-ի հայկական կինոարտադրանքը կգնահատի արդեն «Հայակ 2014» ազգային կինոմրցանակաբաշխությունը, որը տեղի կունենա ապրիլի 26-ին կամ մայիսի 3-ին՝ պայմանավորված օպերային թատրոնի աշխատանքային գրաֆիկից: Ազգային կինոմրցանակաբաշխության ժյուրիի նախագահն այս տարի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանն է:




