
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»
Վրաստանում լույս տեսնող հնագույն «Կամուրջ» գրական-գեղարվեստական տարեգիրքը արդեն 100- րդ անգամ իր էջերում է հավաքում հայ և վրացի գրողների ստեղծագործությունները: Տարեգիրքը երկու ժողովուրդների բարեկամության կամուրջն է, որի հիմնադրումը կապված է Հովհ. Թումանյանի անվան հետ:
Այսօր Թբիլիսիի արխիվներից մեկում պահպանվում է մի փաստաթուղթ, ըստ որի 1913թ. մի խումբ հայ մտավորականներ դիմում են Հովհ. Թումանյանին` գրական տարեգիրք ունենալու խնդրանքով: Թումանյանը անմիջապես արձագանքում է, և լույս է տեսնում «Հրազդան» անունով տարեգիրքը, որը որոշ ժամանակ անվանում են նաև «Ալմանախ», իսկ 1961թ-ից «Կամուրջ»:
Չնայած բազմաթիվ խոչընդոտներին՝ այսօր շարունակում է վիրահայոց երբեմնի գրական հարուստ ավանդույթները: Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի խոսքով. «Կամուրջ» տարեգիրքը, ինչպես նաև Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» տարեգիրքը հնարավորություն են տալիս հետևել ժամանակի հայ և վրացի ստեղծագործողների աշխատանքներին, իսկ գրողներին` մատուցել իրենց ստեղծագործությունները, փոխել ընթերցողի կյանքը, մտածել լավի, բարու ու գեղեցիկի մասին»:
Ըստ Վրաստանի հայ գրողների միության նախագահ, գրող Ժորա Սնխչյանի՝ Վրաստանում լույս տեսնող այս տարեգրեքերը լրացնում են մեկը մյուսին՝ վիրահայերին հնարավորություն տալով ծանոթանալ ոչ միայն վրաց, այլև աշխարհասփյուռ հայ ստեղծագործողների գործերին: «Կամուրջի օգնում է, որ Վրաստանում անմար մնա հայ գրականության ջահը. մի գիրք, որի միջոցով կարելի է տեղեկանալ թե ինչ է կատարվում Վրաստանի հայ գրականության կյանքում»,- ասում է։
Իսկ Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին նկատում է. «Ալմանախ-Կամուրջը» դա բնական կամուրջ է հայ և վրաց գրականության միջև։ Կարևոր է, որ այն շարունակում է պատմական ավանդույթները՝ վեր հանելով նոր անուններ»:
90-ականների սկզբից տարեգիրքը կազմում ու խմբագրում է թբիլիսահայ գրող Անահիտ-Անի Բոստանջյանը, ում Վրաստանի գրողների միությունը հանձնեց Նիկո Նիկոլաձեի անվան գրական մրցանակը` որպես հայ-վրացական կապերի իսկական կամրջողի։
«Կամուրջը սրբազան տարեգիրք է. այն բարեկամություն ու սեր է քարոզում, իրար է կապում հայ և վրաց ժողովուրդներին, բայց ոչ միայն։ Ես սկսելով խմբագրել տարեգիրքը՝ աշխարհասփյուռ հայերի ստեղծագործությունները ևս ներկայացնում եմ գրքում: Մի խոսքով՝ սա արդեն համահայկական բնույթ է կրում»,- ասում է Անահիտ- Անի Բոստանջյանը, որն այժմ աշխատում է տարեգրքի հաջորդ թողարկման վրա։




