ԿարևորՀասարակություն

Կառավարելի վայրիվերումներ ու բալասնավորված տատանումներ․ 29-ամյա դրամն իրեն արժևորված է զգում

Դրամը ծնվեց Հայաստանի Հանրապետությունում 1993-ի նոյեմբերի 22-ին։ Թվերի հետ կապ ունեցող քչերից է, որոնց բնավորությունը մի քիչ փոփոխական է․ երբ արտաքին կամ ներքին գործոններով պայմանավորված տրամադրության տատանումներ է ունենում, արժեզրկվում կամ արժևորվում է։ Անկախ բնավորությունից ու վարքից, ազգային դրամի ծնունդը տոն է բոլոր պետությունների համար։

«Բացի այն, որ պետությունը, որպես ինքնուրույն սուբյեկտ, պետք է կազմակերպի իր ներսում եղած ֆինանսական հարաբերությունները և դրա համար պետք է սեփական ազգային արժույթ, կա նաև տնտեսական բաղադրիչ, որովհետև ազգային արժույթ ունենալը հնարավորություն է տալիս շատ ավելի ազատ լինել իրականցվող տնտեսական, ֆինանասկան քաղաքականություներում, պարտքային քաղաքականության մեջ և այդ առումով պետությունը մեծ օգուտներ է դրանից ստանում»,- ասում է տնտեսագետ Նարեկ Կարապետյանը։

Այսօր հայկական դրամի տարեդարձն է։ 29-ամյա դրամն իր կյանքի ընթացքում արդեն իսկ շատ բան է տեսել։ Զարգացող երկրների արժույթները սովորաբար անկայուն ու զգայուն են լինում։ Դա բնորոշվում է փոքր ցնցումներին մեծ տատանումներով արձագանքելով։ Հայաստանում այս առումով ազգային արժույթով հպարտանալու առիթ կա․

«Հայաստանում դրամը բավականին կայացած է, դրա ամենալավ ցուցիչը վերջին 2 տարիների զարգացումներն էին․ մենք տեսանք կորոնավիրուսի ճգնաժամը, պատերազմը, տեսանք ռուս–ուկրաինական պատերազմը, որը ամբողջ տարածաշրջանում մեծ լարվածության է բերել։ Այս պայմաններում մենք տեսնում ենք, որ դրամը վստահելի արժույթ է, անգամ արժևորվում է»։

Շատերին շռայլ լինելու հնարավորություն տվող դրամն իրականում զուսպ է․ կյանքի 29 տարիների ընթացքում 3 հագուստ է փոխել։ Առաջին՝ 10, 25, 50, 100, 200 և 500 դրամանոց թղթադրամները երկար չօգտագործվեցին։ 2-րդ «համազգեստն» ավելի երկար ծառայեց, իսկ վերջերս դրամը կրկին փոխեց արտաքինը․ նոր թղթադրամները 50 տոկոսով բամբակյա են, 50-տոկոսով՝ սինթետիկ։ Եթե սկզբում թղթադրամները առավելագույնը 500 դրամ արժեին, ապա այժմ ամենամեծ թղթադրամը «կշռում է» 100 000 դրամ։ Փոփոխությունը լուծում էր ոչ թե տնտեսական, այլ անվտանգային խնդիր․

«Կենտրոնական բանկը սա հիմնավորվեց ավելի պաշտպանված արժույթ ունենալու խնդրով, իհարկե այստեղ կարող է լինել ազգային արժույթի ոճը փոխելու, իրեն՝ որպես թղթադրամային միավոր, ավելի գրավիչ դարձնելու խնդիրը»։

1994-ի հունվարին երկրի պատմության մեջ առաջին անգամ դրամը կեղծվեց։ Դրամանենգության առաջին դեպքում 10 դրամանող թղթադրամը վերածվել էր 100 –ի՝ 1 զրո ավելացնելով։ Սակայն դրամի կյանքում ավելի հիշարժան դեպքեր էլ են եղել։ 29 տարվա ընթացքում հայակական արժույթը բազմաթիվ վայրիվերումներ է տեսել։ Նարեկ Կարապետյանը պատմում է, որ 90-ականներին, օրինակ, դրամի մուտքը ուղեկցվեց փողի մի քանի հազար տոկոս արժեզրկմամբ։ Շուկայական տնտեսության անցումը անցնցում չէր։ Այն շարունակվեց մինչև 2000-ականների սկիզբը․

«Հոգեբանական մակարդակում այդ անցումը 2000-ականների սկզբում տեղի ունեցավ, երբ արդեն Հայստաանի տնտեսությունը բարձր տնտեսական աճերի փուլ էր մտել և ազգային արժույթի նկատմամբ պահանջարկն էր մեծանում, այդ ժամանակ սկսեց դրամն արժևորվել, մոտավորապե 500-600 դրամի միջակայքից արժևրվեց դեպի 300 դրամի մակարդակը մինչև 2008 թվականը»։

2009-ից մինչև 2014 թվականը դրամի համար կայուն ժամանակներ էին։ 14- ին Հայաստանը բախվեց տարածաշրջանային ճգնաժամին

«Ղրիմի հարցով պայմանավորված Ռուսաստանը կրկին սանկցիաների տակ էր հայտնվել, տնտեսական անկում ուներ, ռուբլին արժեզրկվում էր և դա, որպես հիմնական առևտրային գործընկեր, փոխանցվում էր Հայաստանին ու հայկական դրամը այստեղ ևս բավական կտրուկ ու էական արժեզրկում ունեցավ, բայց դա ևս 15 թվականից արդեն սկսեց կայունանալ ու, կարելի է ասել, հայկական դրամը 2015-2020 թվականը կայուն էր, էական ցնցումներ չուներ»։

Դրամի հաջորդ սթրեսը կորոնավիրուսային, պատերազմական ու հետպատերազմական շրջանում էր։ 29-ամյակը դրամն արևորված է դիմավորում։ Այսօր Հայաստանում դրամը բարձր են գնահատում՝ բառի ուղիղ իմաստով։

«Դրամի համար հաջորդ ցնցումը ռուս-ուկրաինական պատերազմն էր, բայց դա շատ քիչ տևեց, մի քանի շաբաթվա ընթացքում դրամը նորից գնաց 530-ի մակարդակի, բայց հետո, երբ Հայաստանը սկսեց զգալ որոշակի դրական էֆֆեկտմեր ռուս-ուկրաինական պատերազմից, դրամը նորից սկսեց վերադառնալ իր նախկին դիրքերին ու ավելին՝ հաջորդող ամիսներին դրամն էկանորեն արժևորվեց, հիմա 400 դրամի մակարդակներում է տատանվում և կարելի է ասել սկսեց կայունանալ այդ մակարդակներում»։

Հայաստանում մարդիկ վստահում են ազգային արժույթին։ Տնտեսությունում հիմնական գործարքները տեղի են ունենում հայկական դրամով։ Բացառոություն են բնակարաններն ու մեքենաները, որոնց առուվաճառքը որոշ դեպքերում կատարվում է դոլարով։ Վստահության առավել խոսուն ցուցիչ է ավանդների արժույթը․

«Մեր բանկային համակարգում արդեն եկել ենք մի վիճակի, երբ ավելի շատ մեր տնտեսվարողների ավանդները դրամով են, քան դոլարով։ Մենք տասնամյակներ շարունակ ունեինք իրավիճակ, երբ հիմնականում մարդիկ իրենց խնայողությունները պահում էին դոլարով, ներկայումս մոտ 60 տոկոս մեր քաղաքացիները պահում են ազգային արժույթով ու սա բնութագրում է մեր արժույթի կայունությունը»։

Դրամը ծնվեց Հայաստանի Հանրապետությունում 1993-ի նոյեմբերի 22-ին։ Նրա նախապապերը ծնվել են Ծոփքում ու Մեծ Հայքում դեռ Քրիստոսից առաջ 3-րդ դարի 2-րդ կեսին։ Դրանք պղնձե էին, արտաքնապես՝ հելենիստական դարաշրջանի նորաձևությանը համապատասխան։ Այն ժամանակ «Դրամ» անունը դեռ չկար։ 29 տարի առաջ օրվա հոբելյանի անունը ևս դժվարությամբ որոշեցին․ Դրամը կարող էր Ստակ, Իբար, Թագվորին կամ Դահեկան կոչվել։ Սակայն ինչ անուն էլ ընտրվեր՝ այսօր նշվելու էր անկախության սերնդի՝ անկախության ամենակարևոր ապացույցներից մեկի՝ տարիքի համեմատ՝ հաստատուն, արտաքին ճնշումների դիմաց՝ պատրաստ, սակայն զարգանալու մեծ տեղ ու պոտենցիալ ունեղող ազգային արժույթի ծնունդը։

Կարդացեք նաև

Back to top button