
Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ ներառելով այդ երկրին մարդու իրավունքների կոպիտ խախտումներ և պատերազմական հանցագործություններ կատարած երկրների ցանկում, The Rolling Stone-ում հրապարակված հոդվածում ասել է System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը։
«Արդյո՞ք եվրոպացիները գոհ են, որ նայում են, թե ինչպես է Ադրբեջանը էթնիկ զտում իրականացնում Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում՝ Ադրբեջանի բռնապետ Ալիևից իրենց էներգետիկ կարիքների ընդամենը մեկ տոկոսով ավելացման դիմաց: Չեմ կարծում: Գուցե շատերը նույնիսկ տեղյակ չեն»,- գրել է Թանկյանը։
Պետք է հարցնել Լեմկինի ինստիտուտին, Human Rights Watch-ին և այլ դիտորդ կազմակերպություններին, որոնք վերջերս ահազանգել են հայերի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների մասին՝ շեշտել է Թանկյանը։
«Ադրբեջանը մի երկիր է, որտեղ երեխաներին փոքր տարիքից մեծացնում են հայերի նկատմամբ ատելությամբ, ինչը կարող է բացատրել ադրբեջանցի զինվորների կողմից գերիների սպանությունների բազմաթիվ տեսանյութերը՝ զուգորդված հայ զինվորների և խաղաղ բնակիչների մարմինների խեղմամբ»,- շարունակել է երաժիշտը:




