
Ստամբուլի Իսթիքլալ փողոցում, որտեղ սովորաբար զբոսաշրջիների մեծ հոսք է լինում, կիրակի հզոր պայթյուն է որոտացել, կան տուժածներ, հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը։
Միջադեպի պատճառն այս պահին հայտնի չէ։ Վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաներ, որոնց թիվը չի հաղորդվում։
Ստամբուլի իշխանությունները հայտնել են, որ պայթյունի հետևանքով զոհեր կան, նրանց թիվը ճշտվում է։
CNN Türk-ը հայտնում է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ։ «Այժմ փողոցն արգելափակված է հատուկ մեքենաների տեղաշարժի համար»,- ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է զբոսաշրջային փողոցի մոտ գտնվող ականատեսը։
Ըստ աղբյուրի՝ անվտանգության ուժերը մարդկանց տարհանում են Ստամբուլի Իսթիքլալ փողոցին հարող փողոցներից։ «Ներկայումս փակ է ելքը դեպի Իսթիքլալ փողոց, տարհանվում են դրան հարող բոլոր փողոցները»,- ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է աղբյուրը։




