
Ցեղասպանությունից փրկված, գաղթի ճանապարհով ու թուրքական հարեմի տառապանքների միջով անցած Արշալույս Մարդիգանյանի՝ Ավրորայի մասին պատմող «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական կինոնկարը Հայաստանը «Օսկարի» է ներկայացնելու «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։ Օսկարյան կարմիր գորգի վրա հայտնվելու համար հայկական ֆիլմը դեռ պետք է ավելի քան 9 տասնյակ ֆիլմերի հետ մրցի և հայտնվի նոմինացված լավագույն 5 ֆիլմերի շարքում։ Դեպի «Օսկար» տանող ճանապարհն էլ «աստղային» է։ Ֆիլմն արդեն մի քանի միջազգային հեղինակավոր կինոփառատոների է մասնակցել։ Բեմադրիչ Իննա Սահակյանն անկեղծանում է՝ իր համար ամենակարևորը հենց միջազգային հանրության արձագանքն ու ապրումակցումն է։
«Հիմնականում ցուցադրություններից հետո հանդիսատեսի հետ հարց ու պատասխան ենք ունենում և, որպես կանոն, շատ խորքային, անգամ քաղաքական հարցեր են քննարկվում։ Ֆիլմի վերջում Ավրորան մի միտք ունի․ իր հարցազրույցում ասում է․ «Եթե Հայոց ցեղասպանությունը այլ կերպ ընկալվեր աշխարհում, միգուցե հրեաների ցեղասպանությունն էլ չլիներ»։ Այս նախադասության շուրջ էլ բազմաթիվ քննարկումներ են ծավալվում»,– պատմում է Իննա Սահակյանը։
«Ավրորայի լուսաբացը» ֆիլմը անիմացիոն յուրահատուկ ոճով վավերագրում է 14–ամյա աղջիկա պատմությունը, որը հայտնվում է սարսափելի ոճրագործությունների թիրախում, ականատես է լինում իր ամբողջ ընտանիքի սպանությանը։ Նա ստիպված բռնում է գաղթի ճամփան, անցնում անասելի արհավիրքների միջով։ Սակայն իր կամքի ուժի, խելամտության և անդրդվելի վճռականության շնորհիվ նրան հաջողվում է ողջ մնալ, և 1917թ-ին, զորավար Անդրանիկի և «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե»-ի օգնությամբ փրկություն գտնել ԱՄՆ-ում։
Այնտեղ նրա կյանքի իրական պատմության հիման վրա հրատարակվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը, որը մեծ ճանաչում է ձեռք բերում, իսկ 1919 թ.-ին Արշալույսը համաձայնում է իր կյանքի դաժան փորձությունների մասին պատմող հոլիվուդյան «Հոգիների աճուրդ» համր կինոնկարում ինքն իրեն մարմնավորել։ Իննա Սահակյանի ֆիլմում ներկայացվում է Արշալույսի կյանքի ամբողջ պատմությունը առաջին դեմքով՝ «Հոգիների աճուրդ» ֆիլմից պահպանված եզակի կադրերի և հենց Արշալույս Մարդիգանյանի հարցազրույցների հիման վրա։
«Ի սկզբանե, երբ մեկ այլ կիրնոնախագծի շրջանակում «Զորյան» ինստիտուտի արխիվներում ականատեսների վկայություններն ու հարցազրույցները ուսումնասիրելիս ծանոթացա Ավրորայի պատմությանը ու հարցազրույցին, անկեղծ ասած շատ զարմացել էի, քանի որ շատ յուրօրինակ հարցազրույց էր և շատ հետաքրքիր պատմող էր հենց ինքը Արշալույսը։ Հենց այդ ժամանակ մենք ստեղծագործական թիմով որոշեցինք, որ անպայման այդ ֆիլմը պետք է առանձին լիամետրաժ ֆիլմ դառնա»,– ասում է ֆիլմի ռեժիսորը։
7 տարի, բազմաթիվ դժվարություններ, ստեղծագործական դեգերումներ ու արդյունքում գերմանացի և Լիտվացի մասնագետների հետ համատեղ ստեղծված վավերագրությունը այսօր շրջում է աշխարհով ու քայլում դեպի «Օսկար»։ «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել անիմացիայի աշխարհի ամենամեծ փառատոնի «ԱՆՍԻ»-ի մրցույթային ծրագրում։ Փառատոնի պատմության մեջ առաջին անգամ էր, որ լիամետրաժ մրցույթում հայկական ֆիլմ էր ընդգրկվել։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե Ծիրան» փառատոնի միջազգային մրցութային ծրագրում, որտեղ արժանացել է «Արծաթե Ծիրան» մրցանակին։
«Անկեղծ ասած, ես երբեք չեմ մտածել, որ օրերից մի օր կստեղծեմ ֆիլմ Ցեղասպանության մասին, բայց երբ ծանոթացա Ավրորայի պատմությանը, այլ բան չէր մնում։ Սա տարբերվում է մյուս բոլոր պատմություններից։ Ավրորան չնայած բոլոր դժվարություններին, իր բնավորության ու չհանձնվելու շնորհիվ չի հարմարվում իրականությանը և փորձում է փոխել այդ իրականությունը։ Չհանձնվել, օգնել ուրիշներին և այս ամենը անել լինելով երիտասարդ աղջիկ։ Սա պատմությունը է, որ վստահաբար հուզելու է բոլորին անկախ ազգությունից»։
«Օսկար»-ում հայտնվելը կնպաստի, որ Ավրորայի կերպարի շուրջ լայն արձագանք առաջանա, այդպիսով ևս մեկ անգամ կխոսվի Հայոց ցեղասպանության մասին՝ նկատում է ռեժիսորը։ Մինչ միջազգային կինոհարթակներով շրջելը, ֆիլմը դեռ մի քանի օր՝ մինչև նոյեմբերի 17–ը կցուցադրվի Հայաստանի կինոթատրոններում։
Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի ակադեմիական ներդրման շնորհիվ և ֆիլմի հիմքում ինստիտուտի «Բանավոր պատմության» արխիվն է։ Արտադրող ընկերություն՝ Բարս Մեդիա, համարտադրողներ՝ Gebrueder Beetz Filmproduktion (Գերմանիա), Artbox Laisvalaikio Klubas (Լիտվա)։








