
2023թ. պետական բյուջեի նախագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1 միլիարդ 376 միլիոն դրամ։ Գումարի մեծ մասը կուղղվի Երևանում ընտրություններ կազմակերպելուն։ Հաջորդ տարի երևանցիները նոր ավագանի ու ըստ այդմ՝ նոր քաղաքապետ են ընտրելու։ Այսօր խորհրդարանում գործող քաղաքապետը հաստատել է իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն փոխքաղաքապետ Տիգրանն Ավինյանն է։ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտեր այլ քաղաքական ուժերից ևս եղել են։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմի աղմկահարույց ընտրությունը՝ արդյունքների փոփոխություն բերած վերահաշվարկով, քննարկման օրակարգ է բերել հարցը, թե ինչպես է իշխող ուժը կազմակերպելու ՏԻՄ և համապետական հետագա ընտրությունները։ ՔՊ անդամ, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը համոզված է, որ ներկուսակցական ընտրությունների աղմուկը ոչ այնքան ընտրակեղծիքների, որքան ժողովրդավարության մասին է․
«Չի կեղծվել, շփոթ է եղել։ Ես կարծում եմ, քաղաքական դաշտում գործող կուսակցությունների մեջ ՔՊ–ն միակն է, ով իր ներսում ընտրություններով է ձևավորում իր վարչությունը։ Բոլոր ընտրություններում առաջանում են խնդիրներ, դրա համար էլ վերահաշվարկ է լինում։ Այդ որ ժողովրդավարությունից խոսում են, ժողովրդավարությունը սրա մասին չէ՞»։
Թե ինչի մասին է ԿԸՀ նախագահի պաշտոնում ակտիվ կուսակցական, նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի ընտրությունը, դեռ բնորոշում չի տրվել։ Բայց 17 ՀԿ–ների ղեկավարներ արդեն կասկածի տակ են դրել այդ պաշտոնավարման արդյունավետությունը։ Հասարակական սեկտորի ներկայացուցիչները պնդում են, որ ԿԸՀ անդամի, և մասնավորապես՝ նախագահի պաշտոններում պետք է առաջադրվեն բացառապես անկուսակցական և քաղաքական գործունեություն չծավալող անձինք՝ ապահովելու ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը։ Մինչդեռ ԿԸՀ նախագահ ընտրված Հովակիմյանի երկար տարիներ աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում, հետո եղել է պատգամավոր Փաշինյանի օգնականը, այնուհետև՝ Փաշինյանի առաջնորդած «Ելք» խմբակցության փորձագետ, իսկ մինչև ընտրվելը՝ իշխող խմբակցության պատգամավորներից էր։
Վահագն Հովակիմյանի գլխավորած ԿԸՀ աշխատանքի արդյունավետությունը անհանգստացնում է տարիներ շարունակ ընտրական գործընթացը դիտարկող խմբի անդամ Դանիել Իոաննիսյանին․
«Վահագն հովակիմյանի ամբողջ կարիերայում ես չեմ հիշում ոչ մի էպիզոդ վերջին մի քանի տասնամյակում, երբ ինքը Նիկոլ Փաշինյանից անկախ ինչ–որ մի տեղ աշխատի։ Նույնիսկ եթե Վահագն Հովակիմյանը լինի ԿԸՀ ամենա–ամենալավ ԿԸՀ նախագահը, միևնույնն է, հանրության կողմից ինքը ընկալվելու է որպես ոչ անաչառ»։
ՔՊ վարչության անդամ, պատգամավոր Գևորգ Պապոյանը վստահեցնում է, որ ցանկացած իրավիճակում և պայմաններում ազատ և անկախ ընտրություններ անցկացնելը լինելու է իշխող կուսակցության առանձնահատկությունը։
«Իշխող կուսակցությունը համապետական ընտրություն չի կազմակերպում։ 2018 թվականից հետո տեղի ունեցած բոլոր համապետական և ՏԻՄ ընտրությունները ոչ միայն մեր գնահատմամբ և համոզմամբ, նաև միջազգային դիտորդների և ընդհանրապես աշխարհի վարկանիշային գնահատումներով եղել են, կան և կլինեն ՀՀ պատմության ողջ ընթացքում ամենաթափանցիկ, ամենաժողովրդավարական, ամենաարդար, ամենաազնիվ ընտրությունները։ Ես հավաստիացնում եմ, որ ապագայում էլ բոլոր այդ ընտրությունները այդպիսին են լինելու։ Ինչ–ինչ, բայց նման հարցում մեզ մեղադրել չի ստացվի, որովհետև մեզ մեղադրելով, մեղադրողը հայտնվելու է ոչ այնքան հաճելի վիճակում»։
Այսպիսի մթնոլորտում են կազմակերպվելու 2023–ի Երևանի ավագանու ընտրությունները, այլ ձևակերպմամբ՝ Երևանի քաղաքապետի ընտրությունը։
Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականից հետո Երևանի գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ընկալվեց որպես ժամանակավոր պաշտոնյա։ Նա «ճամպրուկները դեռ չի հավաքել», բայց արդեն հաստատ գիտի, որ հաջորդ տարի արդեն քաղաքապետարանում չի լինի։ Ի՞նչ է անելու՝ դեռ չգիտի, բայց վստահեցնում է՝ ոչ իշխող կուսակցության, ոչ էլ փոխքաղաքապետ, Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի հետ խնդիրներ չունի։
«Մեկ ամիս է, ինչ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանում է, խնդիրների վեր հանման գործընթաց է, խնդիրներ կան, որոնց արդեն լուծումներ տրվել են։ Ձեր տրամաբանությամբ ինչպե՞ս է՝ զանգում է պարոն Ավինյանը, ինձ ասում է այս որոշումն է պետք ընդունել, ես էլ ստորագրո՞ւմ եմ։ Վստահեցնում եմ, որ բոլոր որոշումները կայացվում են իմ կողմից, իհարկե, տարբեր հարցերի շրջանակներում բոլոր տեղակալների և վարչության պետերի հետ քննարկումներով։ Համատեղ որոշում ենք, ինչ որոշում ենք կայացնում և շարժվում ենք առաջ»։
Գործող քաղաքապետը բացատրություն չունի, թե ինչու ՔՊ–ն չընտրեց իրեն որպես քաղաքապետի թեկնածու, թեև նա պաշտոնը ստանձնելիս հայտարարեց, որ աշխատելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրային ծիրում։
«Այս պահի դրությամբ հիմա չեմ ուզում այդ հարցը քննարկենք, բայց պարտադիր չէ, որ լինես կուսակցական, որ քաղաքական թիմի հետ մի ուղղությամբ շարժվես առաջ ու խնդիրները լուծես։ Ես այս պահի դրությամբ էլ վերահաստատում եմ իմ ասածը։ Կարծում եմ, այն փորձը, որը ես այս տարիների ընթացքում ձեռք եմ բերել ու այն փորձը, որը ունեցել եմ տարբեր ոլորտներում հնարավորություն կունենամ ի նպաստ ՀՀ օգտագործելու»։
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին քաղաքական ուժերը չեն շտապում հայտարարել, մինչդեռ Տիգրան Ավինյանը, որոշ գնահատականներով, արդեն սկսել է իր նախընտրական քարոզարշավը, որը, իշխանության գնահատմամբ, աշխատանքային պարտականությունների կատարում է։ Ավինյանից բացի ընտրապայքար մտնելու մասին հայտարարել է միայն Նատալյա Ռոտենբերգ–Արզաքանցյանը, որը ներկայացնելու է «Ուժը հայրենյաց» կուսակցությունը, ընդդիմությունից «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հստակեցումներ դեռ չի անում․
«Երևանի քաղաքապետի ընտրություններին դեռ բավական ժամանակ կա, ոչ բացառում եմ մասնակցությունս, ոչ չեմ բացառում։ Այս պահին կթողնեմ առանց մեկնաբանության։Կարծում եմ, մյուս տարվա մեջ այդ հարցին կանդրադառնանք»։
Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպումը կարժենա 853 միլիոն դրամ։ Այդքան գումար է պատրաստվում պետությունը բյուջեից հատկացնել ԿԸՀ–ին, գումարը արդեն հաշվարկված է 2023–ի բյուջեի նախագծում, որը դեռ պետք է հաստատվի ԱԺ–ում։
Հաջորդ տարի ընտրություններ են կկազմակերպվեն նաև Արարատ մարզի Վերին Դվին և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում․ այնտեղ մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են սպասվում։




