Սփյուռքի ձայնը

Նյու Յորքի հանրային գրադարանում ես ունեմ իմ կարևոր տեղը․ Պերճ Թյուրաբյան․ «Սփյուռքի ձայնը»

Թարգմանիչ, երաժիշտ ու գրադարանագետ Պերճ Թյուրաբյանը մի շարք երգերի, երաժշտությունների ու թարգմանությունների հեղինակ է։ Եգիպտահայ Թյուրաբյանների ընտանիքը հայրենադարձվել է, երբ Պերճը 15 տարեկան էր։ Նախնական կրթությունը ստացել է Եգիպտոսում, հետո ուսումը շարունակել է Հայաստանում։ Այսօր ապրում է ԱՄՆ-ում, աշխատում է Նյու Յորքի հանրային գրադարանում։

«Երբ Հայաստան տեղափոխվեցինք, ապրում էինք Լենինականում (այժմ Գյումրի. ), բայց ես շատ էի ձգտում գալ Երևան: Որոշեցի ուսումս շարունակել մայրաքաղաքում: Այդպես էլ եղավ, սակայն որոշ դժվարություններից հետո»,- պատմում է զրուցակիցս:

Պերճ Թյուրաբյանը Եգիպտոսում սովորել էր Մխիթարյան վարժարանում, նաև ֆրանսիական քոլեջում: Լավ տիրապետելով ֆրանսերենին` աշխատել է թե դպրոցում, թե համալսարանում: «Արաբերեն ևս գիտեի, սակայն ինձ թվում էր, որ այնքան էլ բավարար չէր աշխատանքում կիրառելու համար»,- ասում է նա։

ԱՄՆ տեղափոխվելուց հետո, սակայն, ֆրանսերենի իմացությունը եւս թերի համարեց ու չշարունակեց այդ եզվով դասավանդումը:

«Ես և կինս որոշեցինք մասնագիտանալ գրադարանագիտության մեջ: Տասնամյակներ է աշխատում եմ Նյու Յորքի հանրային գրադարանում: Հաճախ եմ մտածում այն մասին, թե երբ հարկադրված արձակուրդի անցնեմ` ինձ ով է փոխարինելու: Ես իմ կարևոր տեղն ունեմ այդ գրադարանում: Տիրապետում եմ ոչ միայն գրականությանը, այլև գիտեմ մի քանի լեզու` անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, ռուսերեն նաև թուրքերեն, պորտուգալերեն»,- ավելացնում է Պերճ Թյուրաբյանը:

«Մեր ԱՄՆ տեղափոխությունը ևս հետաքրքիր պատմություն ունի: Ներգաղթյալի սերունդ լինելով` մեզ հետաքրքրում էր «պատից» այն կողմ եղած կյանքը: Իհարկե, այսօր մենք, ինչպես շատերը օտարության մեջ, ունենք հոգեբանական խնդիրեր, հենց այդ պատճառով էլ շատ հաճախ ենք երկարաժամկետ այստեղ գտնվում, բայց, այնուամենայնիվ, ուրախ ենք և շնորհակալ ԱՄՆ պետությանը՝ իր օրինապահության, տված հնարավորությունների համար»,- անկեղծանում է:

Մարդու կայացման և զարգացման, առաջընթացի համար անհրաժեշտ է կրթության բարձր որակ, ասում է զրուցակիցս։ Նկատել է, որ այսօր ամբողջ աշխարհում հակառակ պրոցեսն է. Կրթության որակը ընկել է, թեև կան անհատներ, որոնք ինքնակրթվում են՝ անկախ համաշխարհային կամ աշխարհաքաղաքական իրողությունների։

Պերճ Թյուրաբյանը նաև հրաշալի երգերի հեղինակ է։ Բազմաշնորհ, բազմազբաղ ու կրթության ջատագով Պերճ Թյուրաբյանի հետաքրքիր մտքերը զրույցում։

Back to top button