
Պարսից Ծոց – Սև ծով միջանցքի վերաբերյալ հայտարարություններն ու քննարկումները վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացել են։ Այս հարցում ակտիվ են հատկապես Իրանն ու Հնդկաստանը։ Պարսից Ծոց-Սև ծով միջանցքի ծրագրի համաձայնագրի արձանագրությունը արդեն կազմված է։ Այն ստորագրել են Բուլղարիան, Հայաստանն ու Իրանը։ Փորձագիտական ու պաշտոնական դաշտում Հայաստանի՝ ծրագրից դուրս մնալու ռիսկեր չեն տեսնում։ Փոխարենը կարծում են, որ համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը, Պարսից ծոցի երկայնքով դեպի Սև ծով փոխադրումների հեշտացումը գրավիչ կլինեն երկրների շատ ավելի լայն շրջանակի համար։ Հայաստանն, այսպիսով, իր հերթին կարող է դառնալ իրանական հեռավոր Չաբահար նավահանգստից կամ Բանդեր Աբբասից մինչև Բուլղարիա և Հունաստան ձգվող մեծ ճանապարհի կարևոր կապող օղակներից մեկը։
Ինչու՞ են Իրանն ու Հնդկաստանը շահագրգռված, որ Պարսից Ծոց – Սև ծով տրանսպորտային միջանցքը անցնի Հայաստանով և ոչ թե Ադրբեջանով։ Հարցն ունի առնվազն երեք պատասխան։ ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Սոս Խաչիկյանը կարծում է, որ Իրանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր տրանսպորտային ուղիները։ Տնտեսագետը Հայաստանի՝ ծրագրից դուրս մնալու ռիսկեր չի տեսնում ․
«Վտանգ չեմ տեսնում, քանի որ Իրան– Ադրբեջան ճանախարհը այսպես թե այնպես կա։ Իրանի ու Հնդկաստանի քաղաքականության մեջ կարևոր գործոն է դիվերսիֆիակցիան։ Ասեմ ավելին, արդեն Թուրքիայով Սև ծով իրենք մուտք ունեն։ Այդ դեպքում ինչու են շահագրգռված Հայաստանով։ Այլընտրանքը՝ մեկ․ իրենց պետական քաղաքականության շրջանակում իրենք ցանկանում են այլընտրանքային ճանապարհ ունենալ։ Մեկ ճանապարհը քիչ է։ Բացի այդ, Հնդակստանն ու Իրանը տնտեսական բավականին լուրջ ակտիվություն են ցուցաբերում վերջին մի քանի տարիներին, ու մեկ ճանապարհը բավարար չէ։ Երրորդ՝ Հայաստանը կարելի է դիտարկել ԵՄ հետ ասոցացված համաձայնագրերի, այսպես ձևակերպենք, հեշտացված գործընթացների շրջանակներում, նաև Հայաստանը կարելի է դիտարկել ԵԱՏՄ շուկա մուտք գործելու շրջանակում, ինչը չունեն ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան»։

Ծրագրից Հայաստանի դուրս մնալու, նախապատվությունը Ադրբեջանին տալու ռիսկեր չի տեսնում նաև Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
«Ռադիոլուր»–ի հետ զրույցում փոխնախարարն ընդգծում է․
«Ադրբեջանով դեպի Սև ծով ճանապարհը երկար է՝ կախված նրանից, թե ինչ երթուղիով են փոխադրում իրականացնում»։
«Պարսից Ծոց-Սև ծով» միջանցքի ծրագրի համաձայնագրի արձանագրությունը արդեն կազմված է։ Այն ստորագրել են Բուլղարիան, Հայաստանն ու Իրանը։ ՏԿԵՆ փոխանախարարը հիշեցնում է, որ համաձայնագիրն ուղարկվել է նաև Վրաստան ու Հունաստան։ Համաձայնագրի համակարգող երկիրը Իրանի Իսլամական հանրապետությունն է։ Արմեն Սիմոնյանը նկատում է՝ ցանկալի կլիներ, որ ծրագիրն ավելի արագ կյանքի կոչվեր, բայց մասնակից երկրներից յուրաքանչյուրն ունի իր առաջարկներն ու շահերը։
Ծրագրին մասնակից երկրները՝ Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանն ու Իրանը կարծում են, որ համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը և Պարսից ծոցի երկայնքով դեպի Սև ծով փոխադրումների դյուրացումը գրավիչ կլինի երկրների շատ ավելի լայն շրջանակի համար, մասնավորապես, նրանց, որոնք ծովային ելք ունեն դեպի Պարսից ծոց և Սև ծով։ Հայաստանն, այսպիսով, իր հերթին կարող է դառնալ իրանական հեռավոր Չաբահար նավահանգստից կամ Բանդեր Աբբասից մինչև Բուլղարիա և Հունաստան ձգվող մեծ ճանապարհի կարևոր կապող օղակներից մեկը։ Ինչու՞ է Իրանը ակտիվ ու շահագրգիռ։
Արմեն Սիմոնյանն ընդգծում է․
«Իրանն ընդհանրապես շահագրգռված է տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացիայով։ Դա նորմալ ցանկություն է ունենալ տարբեր տրանսպորտային ուըղղություններ։ Ամեն մի նոր ուղությունը պետք է ավեի գրավիչ լինի, քան նախորդ ուղղությունները, որպեսզի դրանցով նույնպես գործողություններ իրականացվեն ու փոխեն դրանց գրավչությունը»։
Խոշոր այս ծրագրի իրագործմամբ նախատեսվում է ստեղծել Հնդկաստանից մինչև Արևելյան Եվրոպայի երկրներ տարանցիկ մեծ միջանցք–ճանապարհ։ Այն կարող է ակտիվացնել Ասիայի և Եվրոպայի առևտրային կապերը, մեծացնելով նաև Հայաստանի տնտեսական և քաղաքական կշիռը տարածաշրջանում։ Հայաստանը ծրագրին պետք է մասնակցի՝ հնարավորինս արագ բարեկարգելով իր ենթակառուցվածքները, մասնավորապես ի վերջո ավարտելով Հյուսիս–հարավ ծրագիրը։
Տնետսագետ Սոս Խաչիկյանը կարծում է, որ եթե ծրագիրը գործարակվեր ավելի շուտ, գուցե Հայաստանի ինքնաիշխանության հետ կապված ոտնձգություններ չլինեին․
«Ճանապարհն ուղղակի ճանապարհ չէ։ Եթե միջազգային լուրջ դերակատարներ են ներգրավված և ունեն գործարար հետաքրքրություններ, նրանք ապահովում են անվտանգությունը։ Այդ ճանապարհը նաև մեր անվտանգությունը կապահովեր և հետագայում էլ կապահովի։ Կարծում եմ, որ Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի նկատմամբ ունեցած այդ նկրտումները միտված են նրան, ո ր հնարավորինս դանդաղի այդ ճանապարհի կառուցումը։Կառուցումը մեզ համար բերելու է լրացուցիչ անվտանգային երաշխիքներ»։
Փոխնախարար Սիմոնյանը նույնպես ընդգծում է որակյալ տրանսպորտային ենթակառուցվածքների անհրաժեշտությունը։ Ըստ նրա՝ դրանով են պայմանավորված նաև ճանապարհաշինական լայնածավալ ծրագրերը։
«Անպայման լավ որակի ենթակառուցվածք է պետք։ Դրանից հետո իհարկե պետք է այս ուղղության գնահատել ֆիսկալ քաղաքականությունը, համեմատել, թե նույն բեռը կամ ողևորը, անցնելով այս կամ այն երթուղիներով (երկրների առումով)՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա ՝ ինչպիսի ծախսերի հետ է բախվում։ Նախ ֆինանսական, ապա նաև ժամանակային առումով ի ՞նչ արժե։ Ենթակառուցվածքը կրճատում է փոխադրման ժամանակը, բայց չպետք է մոռանալ նաև ֆինանսական բաղադրիչի մասին։ Դիտարկել նաև սահմանային անցակետերի հնարավորության, թողունակության հարցերը»։
Փոխնախարարը հիշեցնում է՝ Հայաստանի սահմանային անցակետերը արդիականացվում են, կարևորվում է թվային տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունը։ ԵԱՏՄ թվային օրակարգի շրջանակում ստորագրվել է «ԵԱՏՄ տարածքում նավիգացիոն կապարակնիքների կիրառման» համաձայնագիրը, ըստ որի փոխադրումներ իրականացնելիս որոշ ապրանքատեսակներ հեշատցված կարգով կհատեն սահմանը։




