ԿարևորՀասարակություն

Բովանդակային առումով մեր պահանջը բավարարվել է․ Լիպարիտ Դրմեյան    

Արդարադատության միջազգային դատարանը հստակ արձանագրել է՝ 2021թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը հավասարապես կիրառվում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո Ադրբեջանի  ցանկացած  ագրեսիայի, էսկալացիայի հետևանքով ադրբեջանական կողմում  հայտնված հայ ռազմագերիների ու  քաղաքացիական անձանց  վրա՝ «Ռադիոլուր»-ին ասել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը՝ անդրադառնալով Արդարադատության միջազգային դատարանի հոկտեմբերի 12-ի որոշմանը։

Հարցազրույց՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի հետ

Ֆորմալ առումով Արդարադատության միջազգային դատարանը  անհրաժեշտ չի համարեց փոխել իր այդ որոշումը՝ նշել է Դրմեյանը։ Սեպտեմբերի 13-ից հետո հայկական կողմը  Արդարադատության միջազգային դատարանին  առաջարկել էր փոխել 2021թվականի դեկտեմբերի 7–ի  որոշումը՝  պաշտպանության տակ վերցնելով նաև  սեպտեմբերի13-ից հետո Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։ Ավելի վաղ՝  2021թ դեկտեմբերի 7–ին  կայացրած որոշմամբ ՄԱԿ-ի դատարանը բավարարել էր  Հայաստանի՝  հրատապ միջոց կիրառելու պահանջը։

Արդարադատության միջազգային դատարանը  երեք պահանջ էր ներկայացրել Ադրբեջանին՝  այդ  երկրում  գտնվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանություն՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի շրջանակում, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հայատյաց հռետորաբանության բացառում և մշակութային ժառանգության պահպանություն։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը հստակեցնում է՝   միջանկյալ  կամ հրատապ միջոցի շրջանակում բարձրացված հարցերը ժամանակային առումով ավելի ուշ հատվածում դառնալու են բուն միջպետական գանգատի քննության առարկա։  «Առաջնայինն   այդ անձանց ճակատագիրը կամ նրանց իրավունքները պաշտպանելն է, որպեսզի անձը  չխոշտանգվի, կյանքից չզրկվի՝ Ադրբեջանում հայտնվելով։ Սա  թիվ մեկ նպատակն է։ Բայց այս բոլոր դեպքերը դառնալու են հիմնական հայցի  քննության առարկա։ Դատարանը պետք է վերջնական վճիռ  կայացնի և արձանագրի՝  Ադրբեջանը խախտե՞լ է  այդ մարդկանց իրավունքները,  թե՞ ոչ»,-ասում է Դրմեյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե ՄԻԵԴ-ի ու Արդարադատության  միջազգային դատարանի պահանջները չկատարելու դեպքում ինչ է սպասվում Ադրբեջանին, գրասենյակի ղեկավարը նկատում է․ «Բոլոր դիմումները դառնալու են հիմնական գանգատների քննության առարկա երկու դատարաններում էլ։ Վերջնարդյունքում ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանն ակնկալում է ունենալ դատարանի վճիռ, որը կարձանագրի, որ Ադրբեջանը խախտել է  Եվրոպական կոնվենցիայի մի շարք հիմնարար իրավունքներ։ Վճռի կատարման փուլում այն իր հերթին  բերելու է իրավունքների խախտումների վերացման պարտավորություն  կոնկրետ անձանց նկատմամբ՝ ոչ միայն ռազմագերիների, այլև՝ 90 հազար տուժածների։ Արդարադատության միջազգային դատարանի դեպքում արդեն վճիռը լինելու է հօգուտ պետության և ոչ թե անհատների»։

Կարդացեք նաև

Back to top button