ԿարևորՄշակույթ

Gingerbread թխվածքը հայկական ծագում ունի, ասում է Տորթերի արտիստը

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»- Լոս Անջելես

Արեւմուտքում հայտնի Սուրբ Ծննդյան Gingerbread թխվածքաբլիթը հայկական ծագում ունի, ասում է Լաս Վեգասի հանրահայտ հրուշակագործ Ֆլորա Աղաբաբյանը։ «Տորթերի արտիստ». այս կոչումը հիմնվել է հատուկ նրա համար, քանի որ Երեւանից ԱՄՆ մեկնած Ֆլորան քաղցրավենիքից արվեստի բացառիկ նմուշներ է ստեղծում։ Իսկ հաջորդ տարի նա կմասնակցի Discovery  հեռուստաալիքի նոր շոուին՝ ներկայացնելով նաեւ հայկական խոհանոցի գաղտնիքները։

Երևանցի Ֆլորա Աղաբաբյանը մի օր Լաս Վեգասում արթնացավ հայտնի ու ճանաչված. նրա հաջողության պատմությունը նման է հրաշքի. բայց այն տեղի է ունեցել ոչ թե մի ակնթարթում, այլ մի քանի տարում` մեծ աշխատանքի շնորհիվ:

Ֆլորան տորթերի արտիստ է. այդ տիտղոսը հորինել են հենց իրեն շնորհելու համար` ընդգծելու, որ նա անում է ավելին, քան տորթի դիզայները: Ստեղծում է աներևակայելի գեղեցկության, նրբահյուս տորթեր, ինչի շնորհիվ մեծ ճանաչում է ձեռք բերել հրուշակագործության ամերիկյան ու համաշխարհային շրջանակներում: Այդ հեռանկարի մասին նույնիսկ չի էլ երազել, երբ աշխատանք փնտրելիս մեկ օրով հայտնվել է Լաս Վեգասի խոշոր հաստատություններից մեկում` իբրև խոհարարի օգնական:

Գեղեցկությամբ մեկը մյուսին գերազանցող տորթերի համբավը Ֆլորային մի քանի տարվա ընթացքում ճանապարհ են հարթել Լաս Վեգասի հայտնի հյուրանոցների խոհանոցներում իբրև վարպետ աշխատելու և զվարճանքների համաշխարհային մայրաքաղաքի վերջին 10 տարվա լավագույն հրուշակագործը ճանաչվելու համար: Հաջողությունները հետևել են մեկը մյուսին. մասնակցել է ամերիկյան Food Network ալիքով հեռարձակվող շոուին` իբրև Ամերիկայի լավագույն հինգ հրուշակագործներից մեկը: Աշխարհի լավագույն 100 հրուշակագործների` Շաքարարվեստի շոու կոչվող մրցույթում շահել է գլխավոր մրցանակ` Երկնքի տեսիլքները կոչվող տորթի համար, որը իտալական մենաստանի մանրակերտն է:

Նրա «Մարի Անտուանետ», «Թիթեռնիկները», ծովային ու տոնական թեմաներով շատ այլ տորթերի նկարները տպագրվել ու տարիներ անց էլ շարունակում են հայտնվել մասնագիտական ամսագրերի էջերում` իբրև հրուշակագործության բացառիկ նմուշներ:

Նոր մտահղացումները Ֆլորան ստեղծում է Երևանում ստացած հմտությունների հիման վրա. ասում է, որ համադրում է եվրոպական ու ամերիկյան հրուշակագործության սկզբունքները, հին ու նոր գաղտնիքները` մի նոր բան ստեղծելու համար: Հինգ տարում խոհարարի օգնականից տորթերի արտիստի տիտղոսին հասած Ֆլորան այժմ  վարպետության դասեր է տալիս Լաս Վեգասի հյուրանոցների ու մեծ հաստատությունների խոհարարների համար: 2014-ին մտադիր է հիմնել սեփական դպրոցը, դասավանդել նաև այլ երկրներից դիմող խոհարարներին:

Հերթական պատվերը` հայտնի հյուրանոցներից մեկի շենքի քաղցր մանրակերտը այս տոներին Ֆլորային նոր համբավ բերեց, նաև հնարավորություն տվեց սենսացիոն բացահայտում անել. Ֆլորան պարզել է, որ Ամերիկայում և Եվրոպայում տարեվերջյան տոների ավանդական թխվածքաբլիթը` Gingerbread-ը, որից փոքրիկ տնակներ են պատրաստում` իբրև Քրիստոսի ծննդյան խորհրդանիշ, հայկական ծագում ունի: 4500 փոքրիկ բլիթներից պատրաստված, մոտ 130 կգ կշռող  քաղցր ստեղծագործությունը ներկայացնելիս նա հպարտությամբ է պատմում այս շենքերի շինանյութի` ջինջերբրեդի պատմությունը։ «Gingerbread- ը 992 թվականին Եվրոպա է տարվում հայ վանականի կողմից, ապա եվրոպացիները տանում են Ամերիկա»,- ասում է նա։

2014 թ. -ին Ֆլորայի ծրագրերում մի մեծ նախագիծ կա. իբրև աշխարհի լավագույն հինգ խոհարարներից մեկը մասնակցելու է Discovery  հեռուստաալիքի նոր շոուին, որի շրջանակում ճամփորդելու է աշխարհով մեկ` բացահայտելու ոչ միայն հրուշակագործության, այլև խոհարարական շատ այլ գաղտնիքներ ու առողջ սնունդի բաղադրատոմսեր: Նկարահանումներ կլինեն նաև Հայաստանում: Ուրախությամբ է նշում, որ դա իրեն հնարավորություն կտա` աշխարհին ներկայացնել նաև հայկական խոհանոցը։

Կարդացեք նաև
Close
Back to top button