ԿարևորՏնտեսական

272 միլիարդ դրամ կուղղվի պետական պարտքի տոկոսագումարներին

Հայաստանի պետական պարտքը վերջին տվյալներով 9 մլրդ 992 մլն դոլար է, այն տարեսկզբի համեմատ աճել է 8.3%-ով։ Հաջորդ տարվա պետական բյուջեով  272 միլիարդ մեկ միլիոն դրամ ուղղվելու է միայն պետական պարտքի տոկոսագումարների վճարմանը։ Այս գումարն ավելին է, քան, օրինակ, բյուջեից առողջապահությանը կամ կրթությանը ուղղվող հատկացումները։ Ոլորտի պատասխանատուներն այս թիվը մտահգոիչ չեն համարում, մինչդեռ ընդդիմադիրներն ու փորձագետները պնդում են ուռճառված պետական ապարատի  և պարգևատրումների ֆոնդի կրճատման անհրաժշտությունը։

2023 թվականի պետական բյուջեի 10.5%-ը կամ 272 միլիարդ մեկ միլիոն դրամ ուղղվելու է պետական պարտքի տոկոսագումարներին։ Պետական պարտքի կառավարմանը հատկացվող գումարը 2013 թվականի համեմատությամբ աճել է 225 4 միլիոն  դրամով, այդ տարվա բյուջեով 46.7 միլիարդ դրամ էր հատկացվել պետական պարտքի տոկոսագումարների մարմանը։

2023 թվականին կառավարության պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 604 մլրդ 9 միլիոն դրամ, որից 332.8 մլրդ դրամը կկազմեն պարտքի գծով մարումները, իսկ 272.1 մլրդ դրամը՝ տոկոսավճարները:

Ըստ գլխավոր ֆինանսական փաստաթղթի կանխատեսումների՝ 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը կկազմի 4 տրիլիոն 490 մլրդ դրամ կամ Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) 54.1%-ը, իսկ 2023 թվականի տարեվերջին այն կլինի 4 տրիլիոն 879 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 52.4%-ը:

Այս տարի սպասվում է, որ 218.9 միլիարդ դրամ կուղղվի տոկոսավճարների մարմանը։

ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը մտահոգիչ է համարում այս ցուցանիշը։ Տնտեսագետի համոզմամբ՝ համեմատաբար փոքր տոկոսադրույքներով արտաքին պարտքերի ու ներքին փոխառությունների ներգրավումը գայթակղիչ է եղել ցանկացած կառավարության համար, սակայն վերջին տարիներին նկատելի է ներքին աղբյուրներից պետական պարտքի ավելացման միտումը։ 

«Այն որ աննախադեպ բարձր է պետական պարտքի մակարդակը և տոկոսավճարները, և ավելի բարձր է քան սոցիալական ու կրթական ծախսերն են, դա աննախադեպ վիճակ է, պետք է վերին աստիճանի զգույշ լինել նոր պարտք ներգրավելիս։ Կարճաժակետ առումով կարող է սպառնալ սուվերեն դեֆոլտի ռիսկերը»։

Նրա գնահատականով՝ տնտեսությունը բոլոր սուբյեկտների առումով գերպարտքավորված է, պարտքերի մեջ խրված են  ոչ միայն կառավարությունը, այլ նաև մասնավոր սեկտորը ու տնային տնտեսությունները, երկրի կոնսոլիդացված պարտքը ավելի մեծ է, քան երկրի ՀՆԱ-ն։ Ուստի կառավարությունը պետք է ծախսային պորտֆելը  զգալիորեն օպտիմալացնի, ուռճացած պետական ապարատի գերպարգևատրումները պետք է կրճատվեն:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի  անդամ Արթուր Խաչատրյանը ասում է՝ գործող իշխանությունները ժամանակին միշտ են դեմ եղել նոր վարկերի ներգրավմանը, լինելով ընդդիմադիր՝ դեմ են քվեարկել վարկային համաձայնագրերին։ Պատգամավորը պնդում է, ներկա իշխանությունները, այնքան են նոր պարտքեր ներգրավել, որ երբեք Հայաստանի պետական պարտքն այսքան մեծ չի եղել։

«Սա իշխանությունների վարած քաղաքականությունն է․ այսօրվա թվա ցյալ դրական ազդեցության համար, իսկ իրականում իրենց քաղաքական իշխանությունն ամրապնդելու համար վտանգել բոլորիս ապագան»,-ասում է պատգամավորը։

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է դեռևս նախորդ տարի կառավարության թողարկած 750 միլիոն դոլար արժողությամբ պարտատոմսերը՝ դրանք որակելով  ոչ նպատակային ու թանկ։

«Կոնկրետ ասել, թե փողն ինչի վրա է ծախսվել, չենք կարող, բայց մենք տեսնում ենք, որ փողի զգալի մասը գնացել է օրինակ ոստիկանության աշխատավարձերը և պարգևավճարները բարձրացնելու համար, Նիկոլ Փաշինյանի անձնական պահակախմբի՝ ՊՊԾ-ի աշխատավարձերն ու պարգևավճարները բարձրացնելու համար։ Ճանապարհներ են կառուցվել օրինակ Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը, որը կառուցելուց մի քանի ամիս անց սկսել է քանդվել»,-ասում է պատգամավորը։

Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ

Արշալույս Մարգարյանը մտահոգիչ չի համարում հաջորդ տարվա բյուջեի նախագծով պետական պարտքի տոկոսագումարներին ուղղվող գումարը։ Նա կարծում է, որ, իհարկե, լավ կլիներ, եթե գումարը ավելի քիչ լիներ, սակայն ունենք այն, ինչ ունենք։ Ասում է՝ հավանական է, որ այդ գումարը կտնտեսվի, սովորաբար ծախսային քաղաքականությանը բյուջեով հատկացվող գումարն ավելի են նախատեսում, քան կա իրականում։

Արշալույս Մարգարյանը  հակադարձում է Արթուր Խաչատրյանին՝ ներգրավված 750 միլիոն դոլար արժողությամբ պարտատոմսերը Հայաստանի ողջ պատմության ընթացքում ամենաէժան փողն է եղել, որ ներգրավվել է։

«Բա պետական պարտքը եթե անընդհատ մեծանում է, պետական պարտքի տոկոսվաճրաները հո չե՞ն պակասելու, դա էլ պետք է ավելանան, եթե պարտքի տեսակարար կշիռը փոքրանա, դա կլինի ուրախանալու առիթ, ու մտահոգությունները կնվազեն»,-ասում է Մարգարյանը։

ACSES Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Հայկազ Ֆանյանն այն կարծիքին է, որ ճիշտ չեն այն համեմատությունները, որ պետական պարտքի կառավարմանը հատկացվող գումարն ավելին է, քան կրթությանը կամ առողջապահությանը հատկացվող գումարներն են։

«Նախորդ տարիներին կուտակել ենք համապատասխան պարտավորություններ և պարտավոր ենք վճարել, այլ տարբերակ չունենք։ Այնպես չէ, որ կառավարությունն այլընտրանքներ ունի որոշելու, թե կոնկրետ տոկոսվճարների մարմանն ինչքան գումար ուղղել»,-ասում է Ֆանյանը։

Ի դեպ, պաշտոնային մեկ դրույքաչափի, այսինքն մեկ աշխատավարձի չափով օրեր առաջ պարգևատրվել են քաղաքական մեծամասնության պատգամավորները։ Խորհրդարանական աշխատանքը բոյկոտող ընդդիմությանն արդեն երկրորդ անգամ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը չի պարգևատրում։

2013-ի բյուջեով պարգևատրում և պարգևավճար տողով հատկացվելու է 11 միլիարդ 22 միլիոն դրամ, գրեթե այնքան, որքան ուղղվելու է  հանրային առողջության պահպանմանը, իսկ օրինակ ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղվելու է շուրջ 51 միլիարդ 296 միլիոն դրամ, փախստականների ինտեգրման ծրագրին՝ 158 միլիոն դրամ, սեյսմիկ պաշտպանությանը՝ 752 միլիոն դրամ։

Կարդացեք նաև

Back to top button